Մեկնաբանություն

02.10.2014 14:39


Ո՞ւմ և ինչի՞ վրա է հույս դրել Հովիկ Աբրահամյանը

Ո՞ւմ և ինչի՞ վրա է հույս դրել Հովիկ Աբրահամյանը

Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը ցայտնոտի մեջ էր։ Վերջինիս հաշվարկն այն էր, որ Աբրահամյանի միջոցով կկարողանա ԲՀԿ–ից կոալիցիոն գործընկեր դառնալու համաձայնություն ստանալ, ինչպես նաև՝ աջակցություն սահմանադրական փոփոխությունների հարցում։

ՀՀԿ ղեկավարի հաշվարկները չիրականացան. Գագիկ Ծառուկյանն ուղիղ տեքստով ասաց, որ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ։

Հիշեցնենք, որ նորանշանակ վարչապետին արգելվեց անդրադառնալ իր նախորդի գործունեությանը։ Առաջ քաշվեցին նաև այլ նախապայմաններ։ Դրանից հետո Հովիկ Աբրահամյանին մնում էր միայն մեկ տարբերակ՝ միջանկյալ օղակի ֆունկցիա ստանձնել հասարակության, Սերժ Սարգսյանի, պետական կառավարման համակարգի և ոչիշխանական ուժերի միջև։ Նա փայլուն հնարավորություն ուներ կոմպրոմիսային ֆիգուր դառնալու և լուրջ կարիերա անելու համար։ Սակայն Աբրահամյանը գնաց ամենասխալ ճանապարհով՝ իր վրա վերցնելով «Մատրոսովի» ֆունկցիան և փորձելով հաճոյանալ Սերժ Սարգսյանին՝ այն մարդուն, ում սատարող «անկախ» լրատվամիջոցներն առավոտից երեկո ցեխ են շպրտում իր ուղղությամբ։

Վարչապետը հենարան չունի և փոխանակ ստեղծի դրանք ու պոտենցիալ դաշնակիցներ գտնի հանրության ու քաղաքական ուժերի շրջանում՝ գնում է ճիշտ հակառակ ճանապարհով։

Հովիկ Աբրահամյանին թվում է, թե եթե ինքն ամեն կերպ մտնի Սերժ Սարգսյանի աչքը, ապա կպահպանի վարչապետի «պոստն» ու կկարողանա հետագայում իր դիրքերն ամրացնել իշխանական բուրգի ներսում ու առիթի դեպքում՝ ավելի առաջ գնալ։ Բայց նա չարաչար սխալվում է, քանզի որքան շատ է նա ստանձնում իշխանական ձախողումներն արդարացնողի, ԲՀԿ–ական պատգամավորին ջղաձիգ պատասխան տվողի, հանրությանը հաթաթա տվողի, Լիսկայի վերանշանակումն իր վրա վերցնողի, ուրիշի կռվի մեջ մտնողի դերը, այնքան մնում է, այսպես ասած, օդում կախված վիճակում։

Եթե Աբրահամյանին թվում է, թե ինքը կարող է Վահան Բաբայանին կոշտ պատասխան տալով և երկրորդ «Մարտի 1»–ով սպառնալով՝ Բ26–ում միավորներ ստանալ, ապա նա խոր մոլորության մեջ է։

Զարմանալի է, բայց Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չհասկացավ, որ ավելի շատ Սերժ Սարգսյանն ունի իր կարիքը, քան ինքը՝ Սերժի։ Այսինքն, ինքը կարող էր Սերժին պայմաններ ու քայլեր թելադրել։ Բայց դե, վարչապետն այլ աշխարհընկալում ունի, ու դա արդեն իր խնդիրն է։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարը։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ Աբրահամյանը գնում է Տիգրան Սարգսյանի ուղղությամբ, բայց եթե վերջինս Սերժ Սարգսյանից ստացավ միանշանակ դրական գնահատականներ ու թռավ ԱՄՆ (քանզի «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիքն էր ու սուպերատկատիստը), ապա Հովիկ Աբրահամյանին դա չի սպասվում, քանզի նա իր իսկ ջանքերով զրկվել է հնարավոր բոլոր պոտենցիալ հենարաններից։ Դե, իսկ Սերժ Սարգսյանը նրան մեծ հաճույքով կզոհաբերի և վարչապետ կնշանակի Լիսկային, ինչպես որ պատահաբար թռել էր Աբրահամյանի բերանից։

Լիսկան ու Տիգրան Սարգսյանը բովանդակային ու ֆունկցիոնալ առումով իրարից չեն տարբերվում։ Երկուսն էլ «մահապարտ» են։ Սերժին հենց նման մարդիկ են պետք, այլ ոչ թե անհասկանալի կարգավիճակ ունեցողները։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը