Քաղաքական

15.09.2009 18:55


«Ժառանգություն» խմբակցությունը դիմում է բոլոր պատգամավորներին և խմբակցություններին հանդես գալու միասնական հայտարարությամբ

«Ժառանգություն» խմբակցությունը դիմում է բոլոր պատգամավորներին և խմբակցություններին հանդես գալու միասնական հայտարարությամբ

Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների մասին.

««ժառանգություն» խմբակցությունը կողմ լինելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը՝ նախ և առաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը, այնուամենայնիվ փաստում է, որ նախաստորագրված արձանագրություններում կան կետեր, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին և կարող են որակվել որպես հակասահմանադրական:                                  

Իսկ իշխանական բոլոր կուսակցություններն ու արտախորհրդարանական որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր պնդում են ճիշտ հակառակը՝ լայն հասարակայնությանը ներքաշելով անպտուղ բանավեճերի մեջ և պառակտելով հասարակությունը այնպիսի կարևորագույն քաղաքական հարցի քննարկման շուրջ, ինչպիսին հայ-թուրքական հարաբերություններն են:

Այս իրավիճակից դուրս գալու համար «Ժառանգություն» խմբակցությունը դիմում է բոլոր պատգամավորներին և խմբակցություններին հանդես գալու միասնական հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները պետք է ենթարկվեն արմատական փոփոխությունների, որոնք կբացառեն Հայաստանի համար պարտադրանք հանդիսացող դրույթներ, մասնավորապես՝ որոնք վերաբերվում են

  • գոյություն ունեցող այսպես կոչված ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչմանը,  քանի որ այդպիսի ճանաչմամբ Հայաստանին պարտադրվում է ճանաչել նախկինում կնքված հակաօրինական և հակահայկական պայմանագրերը:
  • պատմական փաստաթղթերի և արխիվների ուսումնասիրության նապատակով  միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը, քանի որ սրանով կվիճարկվի աշխարհի գրեթե երկու  տասնյակ պետությունների կողմից որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչված հայոց ցեղասպանությունը:

 Նույն հայտարարության մեջ առաջարկում ենք ընդգրկել նաև հետևյալ պնդումը. հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը չի կարող ուղղակի կամ քողարկված առնչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանն ու նրա ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների օրինականությանը, ինպես նաև Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ հռչակված սահմաններին և տարածքային ամբողջականությանը:

Այսպիսի միասնական հայտարարությամբ հանդես գալը թույլ կտա համախմբել համայն հայությանը այս կարևորագույն  քաղաքական և պատմական նշանակություն ունեցող խնդրի շուրջ և կանխել իրենց բնույթով հակասահմանադրական փաստաթղթերի վավերացումը»:

 

Այս խորագրի վերջին նյութերը