Մեկնաբանություն

03.10.2014 10:40


Սերժ Սարգսյանի միակ տարբերակը

Սերժ Սարգսյանի միակ տարբերակը

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը նույնիսկ իշխանական բուրգի ներսում է խնդիրներ առաջացրել։ Ճիշտ է, ՀՀԿ–ական խրամատում առերևույթ բոլորը միակարծիք են, բայց ոմանք եզոպոսյան լեզվով հասկացնում են, որ Լիսկան նաև իրենց սրտով չէ, կամ գոնե ուզում են ցույց տալ, որ իրենց սրտով չէ։

Ոմանք զարմացած հարց են տալիս՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց նման քայլի. չէ՞ որ դա վնասում է առաջին հերթին հենց իրեն։

Եթե հարցին նայենք պետական ու հանրային շահի տեսանկյունից, ապա, այո՛, Խաչատրյանին չէր կարելի վերանշանակել Սյունիքի մարզպետ։ Նրա համար, ինչպես ասում են, լացում է քրեական օրենսգիրքը։ Ու կապ չունի, որ Սյունիքի դարպասների մոտ էժանագին շոու է բեմադրվում՝ «Աղուհաց» կոդային անվանմամբ։

ՀՀԿ ղեկավարն այս ամենը շատ լավ գիտի, բայց նա այլ տարբերակ չունի։ Նա հասկանում է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան, որի վրա իրենք միլիոններ են ծախսում, հաճախորդները, որոնց նրանք կերակրում են, գրեթե զրոյական էֆեկտ են ապահովում հանրությանը մոլորեցնելու առումով։

Հայաստանում այլևս էշ չի մնացել, որ հավատա, թե, իբր, Սերժ Սարգսյանը հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ է, արևմտամետության ռահվիրա և բարեշրջիչ։

Զուտ իր անձնական շահերի տեսանկյունից Սարգսյանը գնացել է միակ հնարավոր ճանապարհով՝ հենվել օդիոզ և քրեական օրենսգրքի հետ խնդիրներ ունեցող զանգվածի վրա՝ «Մենք բոլորս մի նավակի մեջ ենք, իմ խորտակումը ձեր խորտակումն է, հետևաբար, ինձ փրկելով՝ փրկելու եք ինքներդ ձեզ» ծրագրի շրջանակներում։ ՀՀԿ ղեկավարին հիմա «մահապարտներ» են պետք, ու որքան այդ մահապարտները քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ շալակած լինեն, այնքան լավ. այնքան ավելի մեծ մոտիվացիայով կկեղծեն ու կկրակեն։

Դիմակահանդեսն, այսպիսով, կարելի է ավարտված համարել։ «Գեբելսյան» քարոզչամեքենայի անխոնջ մարտիկները կարող են տուն գնալ, իսկ հաճախորդները՝ մնալ իրենց տներում։ Քանի՞ հոգու է հնարավոր համոզել, թե, իբր, Լիսկայի նշանակումը մեծ խաղի մի մաս է, և արվել է ԱՄՆ–ՌԴ հարթության մեջ։

Սերժ Սարգսյանի հենարանն այլևս լիսկաներն են։ Ավելի ճիշտ՝ լիսկաները միշտ էլ եղել են նրա անփոխարինելի և միակ հենարանը (տեսակային առումով լիսկաները հոգեհարազատ են Սարգսյանին)։ Պարզապես փորձ է արվել այդ հենարանին տալ «արևմտամետ» և «քաղաքացիական» անտուրաժ։

Հիմա այլևս ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն կա թատրոն բեմադրելու։ Սարգսյանն արդեն հանդես է գալիս իր բնական դերում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը