Մեկնաբանություն

03.10.2014 22:20


Պսպղան ֆուտլյարով, քյարթու մտածողությամբ

Պսպղան ֆուտլյարով, քյարթու մտածողությամբ

2008 թվականից հետո Սերժ Սարգսյանը սկսեց շուրջը հավաքել «ժելեած գլուխներով», «շիկ կերպարանքով», «Քեմբրիջ ու Սորբոն ավարտած», «բաբոչկայով ու ֆրակով», «սիգար ծխող ու բարձրաշխարհիկ մաներաներով» երիտասարդների:

Սույն կոնտինգենտը ՀՀԿ առաջնորդին պետք էր՝ հանրությանը ցույց տալու, որ ՀՀԿ-ի «փտած մտածելակերպով» կուսակցական վերնախավը դարն ապրել է, եւ ինքն աստիճանաբար «բարեփոխում» է թիմը՝ այն համալրելով գերինԾիլիգենտիկներով, որոնք արեւմտյան արժեքների կրող են, եւ նրանք իրենց «կրեատիվ» մտածողությամբ ու աշխարհայացքով կնպաստեն ժամանակակից աշխարհին Հայաստանի ինտեգրմանը:

Իր այդ քայլով Սերժ Սարգսյանն առաջին հերթին ինքն իրեն էր փորձում ներկայացնել իբրեւ շատ առաջադեմ ու ժամանակակից լիդեր, ով, իբր, պատրաստ է երեւույթներն ու իրերը գնահատել մի այլ հայացքով՝ հակադրվելով մինչ օրս ամրապնդված կարծրատիպերին:

Բայց դե, երբ մարդու տեսակն իրականում այլ է, ու ինքը փորձում է դա քողարկել «փայլփլուն շրջապատով», շատ կարճ ժամանակ անց բացահայտվում է, որ մարդկային այդ տեսակն իր շուրջն է հավաքել «քյարթ» մտածողությամբ և ամբիցիաներով ջահելների՝ թեկուզ նրանք փաթեթավորված լինեն «առաջադիմության» եւ «նոր մտածողության» եվրոպական ժապավեններով:

Ակնհայտ էր, որ պսպղան այդ ֆուտլյարի մեջ կատարյալ դատարկություն էր:

Ավելի ճիշտ, այդ «շիկ» կոնտինգենտի մտածողությունն ավելին չէր, քան Լիսկայինը: «Արեւմտյան արժեհամակարգի» կրող այդ ջահելների մտածողությունն ավելին չէ, քան Գալուստինը կամ Շմայսինը, ավելին չէ, քան «փուչիկ Կարենինը» եւ ՀՀԿ խմբակցության մնացած անդամներինը: Եթե կուզեք՝ այդ ջահելներն ավելի վտանգավոր են ու կեղծավոր, քան շմայսատիպ զանգվածը, քանզի վերջիններս դերի մեջ չեն ու չեն ուզում թաքցնել իրենց ով լինելը, և չեն հավակնում ղեկավար դերակատարման, իսկ ահա «ժելեոտածները» լրիվ այլ «լադի» մեջ են։

«Պահպանողական» հանրապետականների երեսը պարզեցնելու նպատակով նրանց շարքերում երիտբարեշրջիչներին տարրալուծելը ԱԺ ՀՀԿ խմբակցության «մաշված» դեմքը փրկելու խնդիրը չի լուծում: Մինչդեռ, Սերժ Սարգսյանն այդպիսի հույսեր էր փայփայում կամ էլ հանրության երեսեին էր ուզում թոզ փչել:

Պարզվեց՝ «առաջադեմ» հայացքներ ունեցող ու «արեւմտյան արժեքներով» առաջնորդվող ՄԻԱԿ-ն ավելի «քյարթու» մտածողություն ունի, քան նույնիսկ ՀՀԿ-ական «ծերակույտը»: Եթե վերջինս չափազանց զգուշավոր է արտահայտվում Սյունիքի մարզպետի պաշտոնում Լիսկայի վերանշանակման կապակցությամբ, ապա ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Լեւոն Մարտիրոսյանը «7 օր»-ին տված հարցազրույցում հայտարարում է, որ ինքը շատ դրակա՛ն է գնահատում այդ վերանշանակումը:

Հարցնում են՝ ինչո՞ւ, պատասխանում է՝ «Ըտե՛նց»:

Ինչ ասենք: Սա՛ էլ Սերժ Սարգսյանի «առաջադեմ ու արեւմտամետ» թեւի մտածողությունն է: Հար եւ նման իր մտածողությանը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը