Մեկնաբանություն

06.10.2014 13:35


Ո՞վ է պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

Ո՞վ է պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

Վերնագրում առկա հարցի պատասխանը հայտնի է։ Հայտնի չէ, սակայն, հրաժարական պահանջողների ամբողջական ցանկը։

Թող զարմանալի չթվա, բայց այդ ցանկում կա նաև Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը։

Դատե՛ք ինքներդ. «եռյակը» հանրահավաքների շարք է սկսել և հող է նախապատրաստում երևանյան հանրահավաքների շարքի համար։

ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու «Ժառանգության» ներկայացուցիչները տարբեր փաստարկներ են ներկայացնում, թե ինչու պետք է մեր երկրում փոփոխություններ տեղի ունենան։ Բոլորն էլ համակարծիք են, որ պետք է լինի իշխանափոխություն և համակարգափոխություն, բայց տարբեր ձևակերպումներ են օգտագործում։ Մեկին հոգեհարազատ է «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը, մյուսին՝ «Ամբողջական իշխանափոխություն»–ը, իսկ երրորդին՝ «Դեմ ենք վերարտադրությանը նպաստող սահմանադրական փոփոխություններին և կողմ ենք ոչիշխանական ուժերի ներկայացրած 12–կետանոց պահանջների կատարմանը»։ Բովանդակային առումով այս երեք ձևակերպումները նույնն են։ Ձևական առումով, այո՛, կան տարբերություններ։ Բայց դե, ձևի հետևից իմաստ չունի ընկնել, քանզի կարևորը բովանդակությունն է։

Ուշագրավն այն է, որ «եռյակի» և, մասնավորապես, ԲՀԿ–ի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար Բ26–ի քարոզչամեքենան ընկել է ձևի հետևից և դիմել հուսահատ քայլի։ Սրանք ԲՀԿ–ին մեղադրում են ... Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու համար։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ օրն է ընկել իշխանությունը, որ սեփական քարոզչագործիքների շուրթերով պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, կամ ավելի ստույգ՝ մեղադրանք է ներկայացնում ԲՀԿ–ին, թե ինչու այդ ուժն ուղիղ տեքստով չի պահանջում իշխանափոխություն։

Ահա այսպես է ստեղծվում այն գաղջ մթնոլորտը, որից դժգոհում էր Սերժ Սարգսյանն անցած տարի տեղի ունեցած ինքնաասուլիսի ժամանակ։ Բա ինչպե՞ս չառաջանա այդ գաղջ մթնոլորտը, երբ պատվիրատուն իր հաճախորդ լրատվամիջոցին կամ «քաղաքական գործչին» պատվիրում է ԲՀԿ–ի դեմ աշխատել մի մեղադրանքով, որ այդ ուժը չի պահանջում «անկախների» պատվիրատուի հրաժարականը։

Փաստորեն, ստացվում է, որ նախագահական նստավայրում ամենաշատն են պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ասել է թե՝ այնտեղ էլ են ընդունում, որ միայն այդ հարցն է հասարակությանը հուզում, և ահա հասարակությանը հիասթափեցնելու համար տարածում են, թե տեսե՛ք, ԲՀԿ–ն ուղիղ տեքստով չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, հետևաբար պետք չէ մասնակցել հոկտեմբերի 10–ի հանրահավաքին։

Գաղջ, շատ գաղջ մթնոլորտ է Բ26–ում։ Իրենք իրենց հրաժարականն են պահանջում, որպեսզի կարողանան «մուտիտն» աշխատեցնել։ Բայց դե, այդ ամենը շատ կարճ կյանք ունի։

Հրաժարակա՞ն եք ուզում, համբերե՛ք։ Կլինի՛ ձեր ուզած հրաժարականը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը