Մեկնաբանություն

07.10.2014 08:35


«Եռյակի» քաղաքական օրակարգը

«Եռյակի» քաղաքական օրակարգը

Գյումրիում նախատեսված հանրահավաքով ոչիշխանական «եռյակն» ավարտելու է մարզային հանրահավաքների շարքը, որն, ըստ էության, ուղղված էր հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք մեծ հանրահավաքի իրազեկմանը:

Անցած օրերին տարբեր քաղաքներում անցկացված հանրահավաքները տպավորիչ էին թե՛ մասնակիցների թվով, թե՛ «եռյակի» ներկայացուցիչների ելույթների բովանդակությամբ եւ թե՛ երկրում անհապաղ փոփոխությունների պահանջ ներկայացնող ժողովրդի տրամադրվածության ակնհայտ դրսեւորումներով:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի ժողովրդի մեծամասնությունը գործող իշխանություններից այլեւս սպասելիքներ չունի: Անցած վեց տարիներին էլ չի ունեցել ինչ-որ սպասելիք, բայց հիմա, ինչպես ասում են՝ արդեն դանակը հասել է ոսկորին:

Ի դեպ, չնայած իշխանական ճամբարից շարունակ հայտարարում էին, թե իրենց չի անհանգստացնում «եռյակի» քաղաքական ակտիվությունն ու նրա նախաձեռնած մարզային հանրահավաքների շարքը, սակայն մյուս կողմից էլ՝ այդ հանրահավաքները խոչընդոտելու համար հրապարակ նետեցին տեղական նշանակության ՀՀԿ տատիներին, «սաքուլիկներին» եւ նմանատիպ խմբերի:

Մարզային հանրահավաքների ողջ ընթացքում իշխանամերձ շրջանակները զբաղված էին ԲՀԿ-ի կեցվածքն ու հռետորաբանությունը ուշի-ուշով զննելու-հետաքննելու գործով:

Եվ ամեն հանրահավաքից հետո, ուրախությունը մի կերպ թաքցնելով, բացականչում էին՝ ա՛յ, տեսա՞ք, ԲՀԿ-ն էլի իշխանափոխության հարց չբարձրացրեց: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խոսում են իշխանափոխության մասին, իսկ ահա ԲՀԿ-ն՝ ոչ:

Եվ ամեն անգամ հրճվանքով եզրակացնում էին, թե այդ հարցում «եռյակը» միասնական տեսակետ չունի:

Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց. «Հարթակում կանգնած երեք ուժերը տարբեր հարցերում կարող են տարակարծություններ ունենալ, բայց մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունը երկիրը տարել է կործանման, այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, և այս իշխանությունը պիտի հեռանա։ Սա՛ է այն մեկ միասնական քաղաքական օրակարգը, որը միավորել է երեք քաղաքական ուժերին»:

Մինչև այդ էլ Արարատում և Իջևանում կայացած հանրահավաքի ժամանակ էին ԲՀԿ–ն ներկայացնողները բարձրացրել իշխանափոխության հարց։

Եվ այսպես, «եռյակի» քաղաքական օրակարգը հայտնի է: Երեք ուժերը հետամուտ են 12–կետանոց պահանջների կատարմանը և դեմ են սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև ժողովրդի հետ միասին անհրաժեշտ ու կարեւոր են համարում գործող իշխանության հեռացումը:

Իշխանության հեռացման անհրաժեշտության մասին ԲՀԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը լսելուց հետո հիմա էլ իշխանական ճամբարից այլ հայտարարություններ են հնչում:

Իշխանությունների վարած քաղաքականության դեմ 80 տոկոսի պայմաններում խոսում են «ժողովրդի իմաստնության» մասին՝ նշելով, թե մեր ժողովուրդն այնքան իմաստուն է, որ որոշ ուժերի իշխանափոխության կոչերին տուրք չի տա:

Միաժամանակ հիշել են ԱԺ-ում ԲՀԿ-ականների գլխավորած հանձնաժողովների գործունեության մասին, թե, իբր, անհրաժեշտ չափով նիստեր չեն անում:

Այս ամենն, իհարկե, ծիծաղելի է:

Իրողությունը մեկն է՝ ժողովուրդը պարզապես հոգնել ու զզվել է «ապահով Հայաստանում» ապրելուց, եւ ցանկանում է դրա ճարտարապետներին «գրողի ծոցն» ուղարկել:

Որքան շուտ՝ այնքան լավ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը