Հարցազրույց

16.09.2009 20:18


Արամ Հարությունյան.

Արամ Հարությունյան.

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ԱԺ մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանի հետ

-Ձեր կարծիքով ինչո՞ւ մարտի 1-ի զեկույցն այսպես հապշտապ կերպով ներկայացվեց պատգամավորներին. նրանց հնարավորություն չտրվել ծանոթանալ դրան։

-Այդպես չէ, որ հապշտապ է։ Դրա վրա 1,5 տարի աշխատել ենք. շատ պատգամավորներ մասնակցել են հանձնաժողովի աշխատանքներին, և այնպես չէ, որ իրենք տեղեկացված չեն։ Ինչ վերաբերում է խմբակցություններին, ապա դա իրենց աշխատանքի թերությունն է, որ չեն հասցրել ծանոթանալ։

-Անձամբ Դուք առարկություններ ունե՞ք այս զեկույցի վերաբերյալ։

-Ընթացիկ քննությունների ժամանակ գնահատելը դժվարէ լինում։ Բայց, ամեն դեպքում, ես համոզված եմ, որ, որքան հնարավոր է, հանձնաժողովը փորձել է ներառել ամբողջ տեղեկատվությունը։ Այնտեղ կցված են նաև փաստահավաք զեկույցից հատվածներ։ Հավանաբար ես ելույթ կունենամ դրա վերաբերյալ։

-Պարո՛ն Հարությունյան, Դուք ՀՀ նախագահի հետ հանդիպման հրավեր ստացե՞լ եք։

-Այո՛։

-Ունե՞ք դիտողություններ, որ պատրաստվում եք ներկայացնել այդ հանդիպման ժամանակ։

-Կան առաջարկություններ, կան մոտեցումներ, նաև որոշակի նոր մոտեցումներ այդ փաստաթղթերի վերաբերյալ։ Մենք արդեն չափահաս պետություն ենք, և այնպես չէ, որ պետք է վախենանք «տանից» դուրս գալուց։ Ի վերջո, Թուրքիան կարող էր չփակել սահմանը. ինչ է, այն ժամանակ պետք է մե՞նք փակեինք։ Կարևոր է, թե մեր հետագա քայլերն ինչպիսին են լինելու։ Դիվանագիտությունն ավելի շատ շախմատ է, քան ֆուտբոլ, թեև ֆուտբոլային առիթով է այդ ամենը եղել։

-Որոշ քաղաքագետներ ասում էին, թե նախագահ Սարգսյանը պետք է հետ վերցնի իր քայլը և Թուրքիա չգնա, քանի որ թուրքական կողմը չի պահել խաղի կանոնները։

-Քայլը հետ չվերցնելը նույնպես քայլ է, որն ըստ հաջորդականության պետք է լինի։ Կախված այն հանգամանքից, թե Թուրքիան իրեն ինչպես կպահի՝ մենք այս բանակցություններից կարող ենք շահել։ Եթե վատ խաղանք, միշտ էլ կարող ենք պարտվել. նույնիսկ լավագույն դիրք ունեցող շախմատիստներն են պարտվում։

-Նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

-Շատ կարևոր է, որ գործընթաց է սկսվում։ Առաջին անգամ մենք փորձում ենք Թուրքիայի հետ հարաբերվել, ընդ որում՝ առանց նախապայմանների։ Որ ասում են, թե նախապայմաններ կան Արցախի հարցի և Ցեղասպանության հետ կապված, այդպես չէ։ Դա նման է հայտնի մուլտֆիլմի հայելիին՝ ով ինչ վերցնի, կարող է տեսնել այն, ինչ ինքն է ուզում։

-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ադրբեջանական և թուրքական շատ դիվանագետներ շարունակ հոխորտում են, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել։ Իսկ հայ պաշտոնյաները դրանց որևէ պաշտոնական արձագանք չեն տալիս։

-Հարցն այն է, որ քարոզչական նպատակով իրենք իրենց հասարակության համար են դա անում, և դա բնական է։ Մենք ավելի շատ վախենում ենք թուրքերի արձագանքից, քան մենք ենք քննարկումներ անում։ Մենք մտավախություն չպիտի ունենանք, որ ընթացքում զուգահեռ գնալու է Ղարաբաղի հարցը։ Իմ կարծիքով Ղարաբաղի հարցը մոտակա ժամանակահատվածում չի լուծվի, որովհետև դա այն «հավն է, որ ամեն օր ոսկե ձու է ածում» գերտերությունների համար։ Եվ այսօր չկա այն միասնական տեսակետը և՛ գերտերությունների, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի, և՛ հասարակությունների միջև, որն ընդունելի կլինի բոլորի կողմից։ Հետևաբար, հարցն այդպես ձգվելու է։ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն ավելի շուտ կկարգավորվեն, քան կլուծվի Ղարաբաղի հարցը։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը