Լրահոս

16.09.2009 14:00


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի պատվիրակության հետ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունեց Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական հարևանության քաղաքականության համակարգման տնօրինության ղեկավար Ռուտգար Վիսելսը (Rutgar Wissels), Եվրոպական Վարչական հարցերի, աուդիտի և  կեղծարարության դեմ պայքարի գծով հանձնակատարի աշխատակազմի ղեկավար Հենրիկ Հոլոլեին (Henrik Hololei) և արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Ջոն Կյաերը (John Kjaer): Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար' դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Այցի նպատակն էր քննարկումներ ծավալել ԵՄ Արևելյան գործընկերություն նախաձեռնության հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում ԵՀ պատվիրակությունը ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերը, գոհունակություն արտահայտելով նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ներգրավվածությամբ:

Փոխնախարար Ղազինյանը վերահաստատեց ՀՀ պատրաստակամությունը խորացնել հարաբերությունները ԵՄ հետ, հույս հայտնելով, որ Արևելյան գործընկերությունը նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև բազմակողմ համագործակցությանը: ԱԳ փոխնախարարը հատկապես կարևորեց ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացի դյուրացման խնդիրը, նշելով, որ այդ նպատակով ՀՀ իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ իրավապայմանագրային հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ:  

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանում և Եվրամիությունում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը