Մեկնաբանություն

07.10.2014 14:50


Ինչի՞ է ընդունակ արմատական իշխանությունը

Ինչի՞ է ընդունակ արմատական իշխանությունը

Ընդունված է ասել, որ մեզանում ընդդիմությունն է լինում արմատական, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում։

Հայաստանում արմատական է իշխանությունը։ Արմատական է այն իշխանությունը, որը որևէ պարագայում պատրաստ չէ հեռանալ աթոռից։

Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ հանուն աթոռի՝ պատրաստ է ամեն ինչի։ Իսկ դա արմատականություն է՝ ռադիկալիզմ։

Արդեն իսկ պաշտոնապես է ձևակերպվել այն թեզը, որ եթե ընդդիմությունը քաղաքական պայքար մղի և իշխանափոխություն պահանջի, ապա նոր «մարտի 1» կլինի։ Այդպիսով իշխանությունն ընդունում է և խոստովանում, որ առաջին «մարտի 1»–ը եղել է հանուն իշխանական աթոռի։

Ուշադրությո՛ւն դարձրեք. իշխանությունը վիճարկում է ընդդիմության իրավունքը՝ պայքարելու իշխանության գալու համար։ Ընդ որում, վիճարկում է «մարտի 1»–ի սպառնալիքով։ Սա էլ հենց այս արմատական իշխանության գլխավոր հատկանիշներից է։

ՀՀ գործող Սահմանադրությամբ՝ Սերժ Սարգսյանն իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու։ Նա դա կարող է անել, եթե մի ժամկետ բաց թողնի, իսկ դա արդեն լուրջ ռիսկ է պարունակում իր համար։

Լինելով արմատական իշխանության ղեկավար՝ Սերժ Սարգսյանը, մի շարք հանգամանքներից ելնելով, չունի քաղաքական ժառանգորդ ու միևնույն ժամանակ չի ուզում հեռանալ, քանզի այնպես է կառավարել, որ նախ և առաջ վախենում է իր իսկ այսօրվա շրջապատից։

ՀՀԿ ղեկավարն իր անձնական անվտանգության ու աթոռի պահպանման համար նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որոնք արմատական իշխանության վերջին ճիգի դրսևորումներից են։

Բոլոր այն ուժերը, որոնք կողմ են արտահայտվում այդ փոփոխություններին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հիմնավորումներ են ներկայացնում, ծառայում են արմատական իշխանությանը և սպասարկում նրա շահերը՝ կիսելով ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում վերջին վեց տարիների ընթացքում արձանագրված ձախողումների պատասխանատվությունը։

Սահմանադրական փոփոխությունների հարցում անգամ չեզոք դիրքորոշում ունեցողները խաղում են Սերժ Սարգսյանի կողմից, քանզի զբաղվել քաղաքականությամբ, հանդես գալ ընդդիմադիր դիրքերից ու տեսակետ չհայտնել վերարտադրության թեմայով նշանակում է աշխատել «Վերջի բոլշևիկի» օգտին։

Այսպիսով, քաղաքական դաշտում գործող սուբյեկտները եթե կողմ կամ չեզոք դիրքորոշում ունեն սահմանադրական փոփոխությունների հարցում, Լիսկայից չեն տարբերվում։

Բնականաբար, բոլոր այն ուժերը (անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հռետորաբանություն են կիրառում), որոնք դեմ են արտահայտվում արմատական իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, իրական ընդդիմադիրներ են, ու ներկայացնում են հանրության առնվազն 80 տոկոսի շահերը (տոկոսներն՝ ըստ Սերժ Սարգսյանի)։

Ներկա քաղաքական դասավորության մեջ, հետևաբար, ամեն ինչ շատ հստակ է։ Կա երկու կողմ։ Մեկում Սերժ Սարգսյանն է՝ իր լիսկաներով, հաճախորդներով, ՀՀԿ–ի տատիկներով, «սաքուլիկներով» ու «անկախ» լրատվամիջոցներով, իսկ մյուսում՝ «եռյակը», Սերժի վերահսկողությունից դուրս գործող արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիական շարժումներն ու հանրության լայն շերտերը։

Անցնցում և անարյուն իշխանափոխության համար անհրաժեշտ է հնարավորինս լայն համախմբվածություն։ Արմատական իշխանությունն ընկրկում է միայն ուժ տեսնելիս, իսկ ուժն ունի ինչպես որակական, այնպես էլ քանակական չափանիշներ։

Որակն այն ռազմավարությունն ու մարտավարությունն է, որը պետք է ներկայացնեն ընդդիմադիր քաղաքական ուժերը, մասնավորապես՝ «եռյակը», իսկ քանակական կողմը պետք է ապահովի հանրությունն՝ իր անմիջական մասնակցությամբ։ Ընդ որում, որակով է պայմանավորված քանակն, ու հակառակը՝ քանակը կարող է բերել որակային տրանսֆորմացիայի։ Հետևաբար, հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում պետք է ապահովել և՛ որակ, և՛ քանակ, որպեսզի հետագա գործընթացների համար ամուր հիմքեր դրվեն։

Արմատական իշխանությունն ուժ կիրառում է, երբ տեսնում է, որ պայքարողները քիչ են։ Մյուս դեպքերում սառը ցնցուղ է սպասվում իշխանությանը, որին պետք է տալ մարդասիրական միջանցքով հեռանալու հնարավորություն, որպեսզի վերջինը վատությունը չանի, ու նոր միայն հեռանա, կամ հեռացվի։

Արմատական իշխանությունն ամեն ինչի էլ ընդունակ է: Ի վերջո, չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում է հայտնվել 10 զոհի գնով։ Ու կրկին կուզենա ուժ կիրառել, եթե համոզված լինի, որ մարսելու է։ «Մարսողական» այդ ապարատը պետք է խափանել որակական ու քանակական գործոններով։ Դա անկարող կդարձնի արմատական իշխանությանը և հնարավորություն կստեղծի գնալ դրական փոփոխությունների։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը