Մեկնաբանություն

08.10.2014 13:04


Տնային տնտեսուհու կարգավիճակով «հեղափոխականները»

Տնային տնտեսուհու կարգավիճակով «հեղափոխականները»

Իշխանությունները ոտքի են հանել իրենց ձեռքի տակ եղած բոլոր հաստիքային «ֆեյքերին», հաճախորդներին, ֆեյսբուքյան «հեղափոխականներին», վաղուց բացահայտված գործակալներին, «թունդ ընդդիմադիրներին», «քաղաքացիական» լպրծուններին, մանեթանոց լացկաններին, «իրեքմանեթնոց» ճղճղաններին ու «անկախ» փորձագետներին։ Նրանք խիստ ընդդիմադիր են ու մոլի արևմտամետ։ Եվ ամենակարևորը՝ կայուն սերժամետ։

Սրանք բոլորն էլ մի գործով են զբաղված։ Ասում են, որ իրենք չեն մասնակցելու Ազատության հրապարակում հոկտեմբերի 10–ին կայանալիք հանրահավաքին։

«Դասականի» ասած՝ գրողի ծո՛ցը՝ մասնակցեք։ Մանավանդ որ ձեր մասնակցելով հրապարակը կպղտորվի։

Թեև, մյուս կողմից էլ, պարզ է, որ դուք ամենաառաջին գալացողներից եք լինելու, քանի որ ձեր որպես «ռազվեդչիկ» են ուղարկելու։ Համ էլ գալու եք, որ տեսնեք, թե արդյոք ժամանակը չի՞ այսօրվա տիրոջից թռնելու և մեղայականով նոր տեր փնտրելու համար։

Բայց եթե ամեն դեպքում որոշել եք չգալ ու «անորսալի Ջոյի» կարգավիճակով բացատրել, թե ինչու չեք գալու, ապա դա ավելի ճիշտ որոշում է, քանզի տնային տնտեսուհու դերն ավելի սազական է ձեզ, քան «հեղափոխականի»։

Փոթորիկը բարձրացրեք մեկ բաժակ ջրում և ինքնաբավարարվեք։ Համ էլ ուրախացեք, որ «եռյակը» հանրահավաք է անում, քանզի թեժ աշունը ձեր համար եկամտաբեր աշուն է նշանակում։

Բաղրամյան 26–ում հիմա ամեն մի շուն ոսկու արժեք ունի, իսկ ամեն մի հաչացող շուն՝ ադամանդակուռ ոսկե արձանի։ Ձեր գինն այս օրերին բարձրացել է։ Դրանցից պոկեք՝ որքան հնարավոր է՝ շատ։ Սա ձեր եզակի շանսերից է։ Գին չգցե՛ք։ Իրար մեջ պայմանավորվեք ու թիվ «կրակեք»։ Զարուհու պես «գժական» պահեք ձեզ ու կապրիզներ արեք, որ համ շատ վերցնեք, համ էլ «կույս» մնաք։ Իշխանական բուրգում հիմա այնպիսի վիճակ է, որ գնի «բազառ» չեն անի։ Ստիպված կմուծվեն՝ ինչքան ուզեք։

Այնպես որ, հոկտեմբերի 10–ի ու հետագա հանրահավաքների դեմ հաչալուց առաջ բոլոր տիպի հաճախորդները չպետք է մոռանան, որ քաղաքական պայքարը նաև իրենց կյանքի բարեկեցությանը նպաստող գործընթաց է։ Ու չպետք է այդքան անաղուհաց քրդի շուն լինել ու այդպիսի էնտուզիազմով հաչալ այն ուժերի դեմ, որոնք, ըստ էության, իրենց օրապահիկի ապահովման հիմնական սուբյեկտն են։

Մի խոսքով, բոլորս դեպի Ազատության հրապարակ։

Հրապարակը սպասում է իր տերերին։ Շունը թող հաչի։ Միևնույն է, քարավանը գնում է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը