Մեկնաբանություն

08.10.2014 15:30


Մուտիլովկա՝ «և, և» ոճով

Մուտիլովկա՝ «և, և» ոճով

Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների ամենասիրած հայեցակարգը «և, և»–ն է։ Ճիշտ է, նրանք ամեն անգամ «քաշվում» են ու մնում իրենց իսկ կիրառած «և, և»–ի տակ, բայց չեն հուսահատվում և շարունակում են այն։ Ուրիշ ճար չունեն, ի՞նչ արած։

Ի դեպ, «և, և»–ը Բաղրամյան 26–ը կիրառում է ոչ միայն արտաքին քաղաքական ոլորտում, այլ նաև ներքին կյանքում։

«Եռյակի» հրավիրած համապետական հանրահավաքին ընդառաջ՝ իշխանությունները սկսել են իրենց հերթական «և, և»–ի քաղաքականությունը։

Տարբեր մասշտաբի ՀՀԿ–ականներ՝ դեմքի խորթափանց արտահայտությամբ, հայտարարում են, թե ինչո՞ւ հենց ամսի 10–ին նշանակեցին հանրահավաքի օրը, և ձայնին բազմանշանակ տեսք տալով՝ առաջարկում են լրագրողներին գտնել այդ հարցի պատասխանը։ Սրանց ձայնակցում են հաճախորդներն ու համապատասխան «գեոպոլիԾիկ» եզրահանգումներ անում։

Մի կողմ թողնենք այն հարցը, որ հոկտեմբերի 10–ն ընտրվել է շատ հասկանալի պատճառով։ Նախ՝ հանրահավաքային օրերը միշտ էլ ուրբաթ են եղել, բացի այդ՝ ոչիշխանական ուժերը մինչև սեպտեմբերի 30–ն էին ժամանակ տվել իշխանություններին 12 պահանջների կատարման համար, և բնական է, որ այդ ժամկետը լրանալուց հետո պետք է լինեին ամփոփումն ու հանրահավաքը։ Եվ ամենակարևորը՝ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15–ին է ուզում հայտարարել, որ սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սկսվելու, և բնական է, որ սահմանադրական փոփոխություններին, այն է՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությանը դեմ հանդես եկող ուժերը պետք է այդ ժամկետից առաջ անեին հանրահավաքը՝ ցույց տալու համար իրենց վերաբերմունքն այդ հակապետական միջոցառմանը, և դրանով իսկ զգուշացնեին, որ եթե նման բան լինի, ապա կլինի նաև համապատասխան հակազդեցություն։

Բայց կրկնեմ՝ թողնենք այդ հարցը։

Ուշագրավն այն է, որ իշխանությունները երկու «ֆռոնտով» են աշխատում, այսինքն՝ «և, և» են անում։

Կրեմլին ներկայանում են որպես մոլի ռուսահպատակներ և բոլոր խողովակներով տարածում, թե, իբր, «եռյակը» հոկտեմբերի 10–ին է հանրահավաք անում, որպեսզի ԵՏՄ–ին Հայաստանին անդամակցության հարցը վիժեցնի, իսկ եթե դա հնարավոր չլինի, ապա Արևմուտքի աջակցությամբ Մայդան սարքի Ազատության հրապարակում։

«Օգնե՛ք մեզ, որպեսզի արևմտամետ «եռյակի» դեմն առնենք, ու շո՛ւտ վերցրեք մեզ ԵՏՄ և մի քիչ էլ փող տվեք, թե չէ ուկրաինական սցենարը կկրկնվի»,– ռուսներին են ասում «նախաձեռնող» այս իշխանությունները։

Ճիշտ հակառակ բանն են նրանք անում Արևմուտքի հետ հարաբերություններում։ Փորձում են նրանց համոզել, որ իրենք հոգով–սրտով արևմտամետ են, բայց հանգամանքների բերումով են մտնում ՄՄ, և եթե դա չանեն, ապա ռուսամետ ընդդիմությունը հենց հոկտեմբերի 10–ի հանրահավաքում կբարձրացնի իշխանափոխության հարցն ու Հայաստանի արևմտամետների լիդերին գահընկեց կանի։ Ըստ այս «մուտիտի»՝ ռուսներն են կազմակերպել հոկտեմբերի 10–ի հանրահավաքը, որպեսզի եթե Սերժ Սարգսյանը հուսահատ դիմադրություն ցույց տա ու չստորագրի ԵՏՄ–ին անդամակցելու փաստաթուղթը, ապա դրանից հետո կսկսվի հակամայդանը։

«Օգնե՛ք մեզ, որպեսզի ռուսամետ «եռյակի» դեմն առնենք։ Ճիշտ է, մենք ԵՏՄ ենք մտնում, բայց մնում ենք որպես ՀՀ–ում արևմտամետության վերջին մոհիկաններ»,– արևմտյան դիվանագիտական շրջանակներին են իրավիճակը ներկայացնում Բաղրամյան 26–ից։

Ահա այսպիսի մուտիլովկայական «և, և» և այսպիսի պարզունակություն։

Բայց դե, և՛ Արևմուտքում են տեսնում սրանց էժանագին խաղը, և՛ Ռուսաստանում։ Իսկ դա նշանակում է, որ հերթական անգամ իշխանությունները մնալու են իրենց «և, և»–ի տակ։

Իրականությունն այն է, որ «եռյակի» հանրահավաքը բացառապես ներքին կյանքին առնչվող օրակարգ ունի։ Ու ինչքան էլ տարատեսակ դհոլները փորձեն «գեոպոլիԾկ» տեսակետներ տարածել ու միանալ իշխանությունների մուտիլովկաներին, բան դուրս չի գա։

Իշխանությունները կուզենային, որ հանրահավաքն արտաքին քաղաքական օրակարգով կազմակերպվեր, որպեսզի հնարավորություն ստանային միս ու արյուն տալ իրենց մուտիլովկային, ու քաղաքական դաշտ բերեին կեղծ խնդիրներ, սակայն դա չհաջողվեց։

Քանի՞ էշ կա մեր երկրում, որ հավատա, թե «եռյակը» հանրահավաքն անում է ընդդեմ Արևմուտքի, կամ ընդդեմ Ռուսաստանի։ Այնպես որ, «գեբելսյան» քարոզչամեքենան նույնպես կմնա «և, և»–ի տակ, երբ հրապարակը լեփ–լեցուն կլինի՝ ցույց տալով մուտիլովկաների զրոյական արդյունքը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը