Մեկնաբանություն

09.10.2014 14:38


Ագահությունը վտանգավոր արատ է

Ագահությունը վտանգավոր արատ է

«Չկա ավելի զզվելի երևույթ, քան ագահությունը,

հատկապես երբ այն դրսևորվում է

պետության առաջին դեմքերի մոտ»։
Ցիցերոն

Սերժ Սարգսյանը պետք է հետ կանգնի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ցանկությունից, այն է՝ հրաժարվի վերարտադրվելու մոլուցքից։

Հիմա արդեն հանրապետականները բաց տեքստով են հայտարարում, որ «ուզում են վերարտադրվել, որ իշխանությանը տանող բոլոր ճանապարհներն անցնելու են Մելիք-Ադամյանով (ՀՀԿ կենտրոնական գրասենյակ)»...

Նույնիսկ սկսել են խոսել, թե «չի բացառվում, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը դառնա Ազգային ժողովի նախագահ»...

Նախագահի ինստիտուտի չլինելու դեպքում ԱԺ նախագահը Հանրապետականի «թեթև» ձեռքով դառնալու է «Գենսեկ»...

Զուգահեռաբար էլ ասում են, թե սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները (Հայաստանի բնակչության առնվազն 80 տոկոսը) հիմնավորված փաստարկներ չեն բերում։ Այսինքն, ասվում է, թե գործող իշխանության՝ հետագա տարիներին ևս լինելու դեմ հիմնավորումներ չկան։

Իսկապես, ծիծաղելի է։ Ինչին կպնում ես, ինչին նայում ես՝ հիմնավորում է, բայց ՀՀԿ–ում հիմնավորումներ են փնտրում։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մի քանի անգամ ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը, տնտեսությունն անկման ռեկորդներ է սահմանել, կտրուկ նվազել են քաղաքացիների եկամուտները, իսկ իշխանական վերնախավի ունեցվածքը՝ երկրաչափական պրոգրեսիայով աճել։ Միայն սա բավական է պնդելու, որ այս իշխանությունն այլևս անելու բան չունի։

Իշխանությունն ագահության բոլոր սահմաններն է անցել։ Իսկ ագահությունը ոչ միայն արատ է, այլև չափազանց վտանգավոր, առավել ևս՝ պետության կառավարման ղեկին լինելու պարագայում։

Այնպես որ, հրաժարվե՛ք սահմանադրական փոփոխությունների վտանգավոր գաղափարից։ Այլապես հետագա կոշտ զարգացումների համար պատասխանատու կլինեք միայն դո՛ւք, պարոնա՛յք իշխանավորներ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը