Մեկնաբանություն

16.10.2014 12:10


Սահմանադրական փոփոխությունների հարցն այլևս երկրորդական է

Սահմանադրական փոփոխությունների հարցն այլևս երկրորդական է

ՍԴ նախագահի գլխավորած հանձնաժողովը երեկ Սերժ Սարգսյանին է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը՝ առաջարկելով կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանականի։

Հայեցակարգում բերված հիմնավորումները, մեղմ ասած, ժպիտ են առաջացնում։ Հանկարծ ու պարզվեց, որ այսօր Հայաստանում քաղաքական մենիշխանության վտանգ կա։

Եվ ի՞նչ է առաջարկում փոխել Գագիկ Հարությունյանի հանձնաժողովը։ Բացարձակապես ոչինչ։

Ի դեմս Սերժ Սարգսյանի՝ Հայաստանում այսօր գործում է միանձնյա, գիշերային ու ամբողջովին ձախողված որոշումներով առաջնորդվող համակարգ։ Փոփոխություններով առաջարկվում է պահպանել նույն համակարգը՝ փոխելով միայն Սերժ Սարգսյանի աշխատասենյակը. նա պարզապես Բաղրամյան 26-ից տեղափոխվելու է Բաղրամյան 19, ուրիշ ոչինչ։ Ինչպես նաև հաճախ է լինելու Մելիք–Ադամյանում։

Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել։ Ընդունե՛ք, որ բավականին տարօրինակ և, միևնույն ժամանակ, վտանգավոր ցանկություն է՝ հաշվի առնելով նրա նախագահության օրոք Հայաստանի վիճակը։

Միայն պաշտոնական վիճակագրությունը, ներքին ու արտաքին քաղաքականության խայտառակ հետևանքները բավական են, որպեսզի գործող նախագահը հեռանա։ Հեռանա ու զբաղվի մեկ այլ գործով։

Ամեն դեպքում, սահմանադրական փոփոխություններն այլևս երկրորդ պլան մղվեցին։ Քաղաքական օրակարգի թելադրողի դերում աստիճանաբար դառնում են ոչիշխանական ուժերը՝ Հայաստանի բնակչության առնվազն 80 տոկոսի աջակցությամբ։ Այսինքն, այլևս երկրորդական է, թե սահմանադրական փոփոխությունների հարցում ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը, առավել ևս, որ հոկտեմբերի 24-ին օրեր են մնացել։ Օրակարգում իշխանափոխության հարցն է։ Սահմանադրական փոփոխությունների հարցն արդեն գրողի ծոցն է ուղարկված։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը