Մեկնաբանություն

16.10.2014 15:19


Խափանել Ալիևի ծրագրերը

Խափանել Ալիևի ծրագրերը

Առիթ ունեցել ենք ներկայացնելու Իլհամ Ալիևի մոտեցումները Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում և ընդհանրապես Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների առումով։

Ալիևը գտնում է, որ Ղարաբաղի հարցում պատերազմի այլընտրանքը դեռ չի սպառվել։ Ուշագրավ է, որ այդ այլընտրանքը նա տեսնում է ոչ թե բանակցությունների, այլ Սերժ Սարգսյանի ռեժիմի երկարացման մեջ։ Ըստ Իլհամ Ալիևի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի գործունեությունը բարենպաստ դեր է կատարում Ադրբեջանի համար, քանզի Հայաստանը դատարկվում է առանց պատերազմի:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանում չկա բարենպաստ բիզնես միջավայր` շնորհիվ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի, ինչի արդյունքում Հայաստանում ոչինչ չի զարգանում. կապիտալը «փախչում» է երկրից, իսկ աշխատատեղերի կրճատման հետևանքով կապիտալի հետ միասին՝ երկիրը լքում են նաև բնակիչները:

«Նման տենդենցի զարգացման արդյունքում Հայաստանը կդատարկվի մոտ ժամանակներս, և ուրեմն, իմաստ էլ չի լինի ռազմական գործողություններ սկսել այս պահին, այլ պետք է սպասել, մինչև Սերժ Սարգսյանի վարչակազմն ինքնուրույն կազմալուծի Հայաստանը»,– եզրահանգել է Ալիևը։

Դժբախտաբար, Ալիևը ճիշտ է։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ Հայաստանի աթոռին, ապա մենք մեր երկիրը տանուլ կտանք առանց կրակոցի, ու կփակենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը։

Հետևաբար, Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցը ոչ թե իշխանափոխության կամ աթոռակռվի հարց է, այլ ազգային անվտանգության ապահովման նվազագույն պահանջ։

Իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է։ Ով չի գիտակցում այս հանգամանքը՝ կա՛մ Սերժի շրջապատից է, կա՛մ քաղաքականապես անմեղսունակ, կա՛մ պարզապես շարքային հաճախորդ, ով իր ստամոքսի խնդիրը լուծում է Հայաստանի թուլացման հաշվին։

Այս պայքարում չեզոք մարդ չպիտի մնա։ Կարելի է չընդունել «եռյակին»՝ միասին վերցրած, կամ դրա առանձին ուժերին, և դա նորմալ է։ Բայց աննորմալ է, երբ հայտարարում ես, թե ուզում ես իշխանափոխություն լինի, բայց այսօր դեմ ես դրան, քանի որ ուրիշներն են դա ուզում անել։

Թող ամեն մեկն իր համար պայքարի ճակատ ստեղծի, բայց թիրախը պետք է մեկը լինի՝ Սերժ Սարգսյանի հեռացումը։ Մնացածը դեմագոգիա է։

Եվ այսպես, պետք է խափանել Ալիևի ծրագրերն ու թույլ չտալ Հայաստանի գահավիժումը։ Նժարի մի կողմում Հայաստանն ու Ղարաբաղն են, իսկ մյուս կողմում՝ Սերժն՝ իր աթոռով, և Ալիևն՝ իր ծրագրերով։ Կարծում եմ՝ ընտրության հարցում երկար մտածելու կարիք չկա։

Առա՛ջ դեպի անսերժ Հայաստան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը