Մեկնաբանություն

16.10.2014 22:30


ԵՏՄ–ն և լուսնից իջած մարդը

ԵՏՄ–ն և լուսնից իջած մարդը

Ահա և Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը նույնպես հուժկու հայտարարություն տարածեց և քննադատեց Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու պաշտոնական Երևանի որոշումը։

Քննադատելը՝ քննադատեց, բայց ինչպես մյուսների դեպքում էր՝ շրջանցեց բուն ստորագրողի և մեկ գիշերվա մեջ որոշում կայացնողի թեման։ Սա, ի դեպ, «արևմտամետ» կուսակցություններին ու «քաղաքացիական» դեմքերին ներհատուկ հիվանդություն է։ Սրանք բոցաշունչ ձևով քննադատում են ԵՏՄ–ին միանալը, Հայաստանի ինքնիշխանության կորուստ արձանագրում, ապոկալիպտիկ սցենարներ կանխատեսում մեր երկրի համար, բայց, արի ու տես, որ դրանից հետո լավագույն դեպքում գնում են տուն, իսկ որպես կանոն՝ պահանջում ... Պուտինի կամ ոչիշխանական ուժերից ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի հրաժարականը։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք լա՞վ է, թե՞ վատ ՀՀ–ի՝ ԵՏՄ–ին միանալը։ Մենք այդ հարցին անդրադարձել ենք մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը՝ զգուշացնելով, որ ԵՄ–ի հետ ասոցացման ծրագրի շրջանակներում Սերժ Սարգսյանն՝ իր «արևմտամետ» հաճախորդների հետ միասին, մեզ դարձնելու է ՌԴ–ի անարժանապատիվ կցորդ։ Բայց թողնենք այդ հարցը և անդրադառնանք շատ կարևոր մի բանի։

Եթե ԵՏՄ–ին անդամակցելուց հետո, ըստ «թունդ արևմտամետ» կուսակցությունների ու քաղաքացիական «ակԾիվիստների», Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը և հայտնվել ճահճի հատակում, ապա ինչո՞ւ են նրանք տանը նստել ու համացանցում քամի տատանում, ինչո՞ւ են ֆեյսբուքյան ռեմբոներ դարձել։ Թող դուրս գան փողոց, տագնապ հնչեցնեն, մարդկանց հանեն փողոց ու գրոհեն Բաղրամյան 26–ը, քանզի այնտեղ նստած Սերժ Սարգսյանն է ստորագրել ԵՏՄ–ին միանալու փաստաթուղթը։

Բա եթե ԵՏՄ–ն չարիք է բերելու մեզ, ապա քանի՞ կոպեկ արժեն ձեր մամլո հաղորդագրությունները։ Թե՞ սա էլ դհոլություն անելու ձև է՝ քննադատել ԵՏՄ–ն ու պահանջել ոչիշխանական ուժերի հրաժարականը ընդդիմությանն ընդդիմանալու ծրագրի շրջանակներում։

Ի՞նչ է՝ ԵՏՄ–ին ՀՀ–ն միացնողը լուսնի՞ց է իջել, որ չեք ճանաչում ու նրա տեղը չեք իմանում, որ բռնեք ու այդ, ըստ ձեզ, հայրենադավ մարդու հրաժարականին հասնեք։

Մի խոսքով, Հայաստանում «արևմտամետ ուժեր» կոչվածները շարքային ժուլիկներ են, որոնք բովանդակային առումով չեն տարբերվում ռուսամետ ժուլիկներից, ու երկուսն էլ ծառայում են «Վերջի բոլշևիկին»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը