Մեկնաբանություն

17.10.2014 00:05


Բաղրամյան 26–ի համար պաշտոնյայի նախընտրելի տեսակը Լիսկան է, ոչ թե…

Բաղրամյան 26–ի համար պաշտոնյայի նախընտրելի տեսակը Լիսկան է, ոչ թե…

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի աշխատանքից ազատման դիմումը Կառավարությունը հարգեց, եւ նա արդեն, ինչպես ինքն է ասում՝ ՀՀ ազատ քաղաքացի է:

Արմեն Գեւորգյանի հրաժարականի մտադրության մասին օրեր առաջ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն ուշագրավ էին նախ նրանով, որ բարձրաստիճան պաշտոնյան ինքն է կամովին հրաժարվում պաշտոնից:

Ի տարբերություն իր նախկին շեֆի՝ Տիգրան Սարգսյանի, որը չնայած իր վարչապետական գործունեությունից հանրային մեծ դժգոհությանը՝ համառորեն վեց տարի կառչած մնաց պաշտոնից, Գեւորգյանն ինքնակամ հեռացավ:

Սակայն այս հրաժարականի մասին նախնական տեղեկություններն առավել ուշագրավ էին նրանով, երբ նույն լրատվամիջոցները որպես պատճառ նշեցին Արմեն Գեւորգյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) վերանշանակման հետ անհամաձայնությունը:

Այս վարկածը հիմնավորելու համար մատնանշվում էր այն իրողությունը, որ Լիսկային մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց ոչ թե տարածքային կառավարման նախարարը, այլ նրա տեղակալը:

Լիսկայի վերանշանակման պատճառով Գեւորգյանի «դեմարշը» շատերին ոգեւորեց, ու համացանցում մարդիկ սկսեցին հրաժարականի դիմում ներկայացրած փոխվարչապետի մասին դրական բովանդակությամբ գրառումներ կատարել՝ անկեղծորեն գովեստի խոսքեր շռայլելով Գեւորգյանի հասցեին:

Պարզվեց՝ շատերն են հավանում այս պաշտոնյային՝ իրավացիորեն նկատելով նրա մարդկային ու պրոֆեսիոնալ լավ որակները: Այսինքն, նրա մասին գրառումներ անողները ոչ միայն ուրախ էին, որ նա սկզբունքորեն դեմ է եղել Լիսկայի վերանշանակմանը, այլեւ գնահատում էին Գեւորգյանին՝ որպես պետական պաշտոնյայի՝ երկարատեւ պաշտոնավարման ընթացքում որեւէ դրվագով չարատավորված կերպարի:

Թեպետ, դեռ ճշտված չէր՝ արդյոք Արմեն Գեւորգյանը հրաժարական տալու որոշումը կայացրել է Լիսկայի՞ վերանշանակման պատճառով:

Այնուհանդերձ, նրա մասին դրական արտահայտվողները զարմանալիորեն շատ էին:

Բայց հետաքրքիր, եթե չասենք՝ զավեշտալի բան տեղի ունեցավ, երբ Կառավարությունն ընդունեց փոխվարչապետի հրաժարականի դիմումը:

Այդ պահից արդեն սոցցանցերում հայտնվեցին Բաղրամյան 26-ի ստատուսագիրներն ու սկսեցին մուննաթախառը գրել, թե՝ հերիք է՝ հերոսացնեք Արմեն Գեւորգյանին, հերիք է՝ գովեք նրան. ինչի՞ համար եք ափսոսում։ «Բա որ էն ժամանակ էսինչ բանը էղավ, էն մյուս ժամանակ՝ էնինչ բանը էղավ» ոճով գրեցին, հիշեցրին ու հայտարարեցին, թե՝ ինչո՞ւ էր նա այդ ժամանակ լռում:

Ապշելու բան:

Այսինքն, սրանց, նույնն է, թե՝ Բաղրամյան 26-ին, անհանգստացնում են կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի կեցվածքի մասին դրական գնահատականները, ավելին՝ այդ ագրեսիվ արձագանքով սրանք վերստին բացահայտում են պաշտոնյայի իրենց նախընտրելի տեսակը:

Պարզ է, չէ՞, որ դա ոչ թե Արմեն Գեւորգյանի, այլ Լիսկայի տեսակն է:

Քրեական պատմություններում ում անունն ավելի շատ է շրջանառվում՝ հենց այդ մարդիկ են գնահատելի վերեւների համար:

Այն տեսակը, որը երբ հերթական հանցանքն է կատարում, կամ հանցանքի հետ առնչություն է ունենում, իրե՛նք են հրաժարական պարտադրում, իսկ չանցած մեկ տարի՝ նորից վերադարձնում են նույն պաշտոնին կամ ավելի են բարձրացնում պաշտոնը:

Իսկ այն պաշտոնյաները, ովքեր տարիներ շարունակ պարկեշտորեն ծառայում են պետությանն ու ինքնակամ հրաժարական են տալիս, Բաղրամյան 26-ի աչքի փուշն են:

Ի դեպ, Լիսկայի տան մոտ կատարված մարդասպանության դեպքը եւ հետագա զարգացումները, մասնավորապես՝ նրան մեկ տարի անց պաշտոնում վերանշանակելու փաստը, ինձ հիշեցրին 2000-ականների մի դեպք, երբ այն ժամանակվա քաղաքաշինության նախարարը՝ Արա Արամյանը, ինքնակամ հրաժարական տվեց այն պատճառով, որ որդին սրճարանում ընդամենը խուլիգանական արարք էր թույլ տվել: Դեպքից անմիջապես հետո՝ հենց հաջորդ օրը, Արամյանը հրաժարականի դիմում ներկայացրեց եւ այլեւս որեւէ պաշտոնի չնշանակվեց, ոչ մեկ տարի հետո եւ ոչ էլ՝ հետագայում:

Այսպիսի նախադեպ է եղել, ինչը, սակայն մինչ օրս այդպես էլ մնաց որպես նախադեպ: Այլ օրինակներ չկան:

Ինչեւէ:

Արմեն Գեւորգյանը հրաժարականից հետո տված հարցազրույցում նշում է, որ պաշտոնից հեռանալու սեփական որոշումը պայմանավորված է անձնական դրդապատճառներով, ապագայի հետ կապված իր մտադրություններով եւ նաեւ՝ միշտ էլ գիտակցել է, որ պետական աշխատանքը հավերժ չէ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը