Մեկնաբանություն

17.10.2014 11:58


Ինկիտատուսն ու սահմանադրական փոփոխությունները

Ինկիտատուսն ու սահմանադրական փոփոխությունները

Կառավարման համակարգի արդյունավետությունը բացառապես կախված է նրանից, թե ինչպիսի որոշումներ են կայացվում, և ամենակարևորը՝ ովքեր են դրանք հեղինակում։ Դարերի ընթացքում շատ քիչ բան է փոխվել։

Այսօր մի շարք մասնագետներ պնդում են, որ տխրահռչակ Կալիգուլայի՝ սիրելի ձիուն՝ Ինկիտատուսին սենատոր կարգելը քաղաքական «մեսիջ» էր, այլ ոչ թե մթագնած ուղեղի արգասիք։ Այդ քայլով կայսրը փորձեց հասկացնել Սենատին նրա անարդյունավետ լինելը։ Այն է՝ ժողովրդի ընտրյալները բացառապես սեփական շահերով էին առաջնորդվում, իսկ միանձնյա որոշումներ կայացնող Կալիգուլան փորձում էր ամեն կերպ մարդակենտրոն դարձնել օրենսդիր մարմինը՝ ձիուն դարձնելով սենատոր։ Հնարավոր է՝ իրականում հենց այդպես էլ եղել է, բայց դրանից Կալիգուլայի կառավարման տարիները չդարձան ավելի լուսավոր։ Վնասներն ահռելի էին հզոր Հռոմի համար։

Այսօր բազմաթիվ խնդիրներ ունեցող Հայաստանում որոշումները կայացնում է մեկ կուսակցություն՝ իր ղեկավարով։ Ու հանկարծ պարզվում է, որ իշխանության բոլոր ձախողումների պատճառը կառավարման վատ համակարգն է։ «Մարդակենտրոնության» մասին դարերից եկող հերթական հեքիաթը։

Կառավարման մոդելը չի մեղավոր, որ Հայաստանն այսօրվա օրին է, այլ որոշումներ կայացնողը։ Սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվել ձգտող իշխանությունը խոսում է մարդակենտրոնությունից ու... կրճատում հղիներին հատկացվող նպաստը։ Գործող իշխանության ձախողումները թվարկելու համար 50 էջն էլ բավարար չէ։ Ու պատահական չէ, որ վերարտադրվելու մոլուցքն արագացրեց այն գործընթացը, որն իսկապես կարող է իրական փոփոխությունների բերել։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը