Մեկնաբանություն

18.10.2014 17:51


Մելիք-Ադամյան փողոցը շրջանցվում է

Մելիք-Ադամյան փողոցը շրջանցվում է

Մի երկու օր առաջ պատասխանելով իշխանափոխության նպատակով հանրահավաքային շարք սկսած ոչիշխանական «եռյակի» մարտավարությանը վերաբերող լրագրողների հարցերին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ինքնագոհ հայտարարեց, թե ներքաղաքական դաշտումբնակլիմայական փոփոխություններ ստեղծողը, եղանակը թելադրողը Հանրապետական կուսակցությունն է:

Ավելի վաղ մի քանի ՀՀԿ-ականներն էլ հայտարարել էին, թե իրենց չի անհանգստացնում «եռյակի» հրապարակային պայքարը, անգամ հեգնեցին, թե հոկտեմբերի 24-ին «եռյակը» քոչարի է պարելու: Իսկ ՀՀԿ-ական տիկիններից մեկը, որն իր դրսեւորած վարքագծով ԵԽԽՎ-ում խայտառակվեց ու Հայաստանն էլ վաստակեց ԼՂ հարցում հակահայկական զեկույցի հեռանկարը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ասաց, թե դա ֆալշստարտ է:

Չարժե հիշեցնել նաեւ սոցցանցերում Բաղրամյան 26-ի հակաեռյակ բնութի անհաշիվ գրառումները, երբ մեկը մյուսին հերթ չտալով գրում էին, թե «եռյակը» քաղաքական օրակարգ չունի, թե «եռյակը» շատ վաղ է սկսել իշխանափոխության գործընթացը, քանի որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու թեմայով նրանք մի տարի հրապարակում ժողովուրդ չեն կարող պահել: Գրում էին եւ շարունակում են գրել, թե «եռյակի» ներսում տարաձայնություններն ու հակասությունները խորանում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով եւ այլն:

Այս ամենը հօդս ցնդեց մի վայրկյանում, երբ պարզվեց, որ Սերժ Սարգսյանը, որի սեղանին արդեն դրվել է սահմանադրական «բարեփոխումների» հայեցակարգը՝ մտադիր չէ այդ կապակցությամբ դիրքորոշում հայտնել, ավելին՝ այդ հայեցակարգի վերաբերյալ նրա դիրքորոշումը կլինի հավանաբար վեց ամիս հետո՝ հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին:

Ինչ-խոսք, պետք է արժանին մատուցել ՀՀԿ առաջնորդին, որը թեեւ անցած ամիսներին եւ հատկապես հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո վճարովի հիմքունքներով ասպարեզ էր նետել «եռյակի» դեմ խոսող իր բազմաթիվ զինվորներին (իմա՝ այլընտարանքային ծառայություն իրականացնող զինվորներին)՝ այնուհանդերձ, պարզվեց, որ նա իրականությանը համարժեք գործելու ունակությունը չի կորցրել եւ անկախ իր ցանկություններից ու մտադրություններիցч ստիպված է հաշվի առնել քաղաքական իրողությունները:

Աշոտյանական «պատկերալեզվով» ասած՝ Սերժ Սարգսյանն ինքը հասկացավ եւ ընդունեց, որ հիմա քաղաքական դաշտում բնակլիմայական փոփոխությունների հեղինակը «եռյակն» է, այլ ոչ թե ՀՀԿ–ն իր ղեկավարի հետ միասին:

Իշխանության հեռացման նպատակով «եռյակի» նախաձեռնած շարժումն է թելադրում քաղաքական եղանակը:

Եվ հենց ա՛յդ պատճառով Սերժ Սարգսյանը «թայմ-աուտ» վերցրեց՝ մոտ կես տարի հետաձգելով սահմանադրական փոփոխությունների, ավելի ստույգ իր վերարտադրությանը նպաստող գործընթացը:

Ճիշտ է, հիմա արդեն իշխանական ճամբարն ու այդ ճամբարը սպասարկող լրատվամիջոցները կսկսեն (ոմանք արդեն սկսել են) Սերժ Սարգսյանի «նահանջ երգով»-ը այլ կերպ մեկնաբանել՝ փորձելով բացառել «եռյակի» ճնշման հետ կապը, բայց դե այդ ամենը շատ ծիծաղելի կլինի:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էլ էին հայտարարում, թե նա շարունակելու է աշխատել, ինչո՞ւ պետք է հրաժարական տա:

Փաստն այն է, որ գարնանը Սերժ Սարգսյանը՝ այն ժամանակ ոչիշխանական «քառյակի» պահանջով ստիպված եղավ իր սիրելի վարչապետին ասել Տիգրան ջան, սուսուփուս դիմումդ գրի:

Ինչ է սպասվում կես տարի հետո կամ ավելի վաղ, շատ շուտով դա էլ կուրվագծվի:

Մի բան արդեն հիմա ակնհայտ է, որ գործող իշխանության եւ նրա առաջնորդի վերարտադրության ծրագիրը խոտանվելու վտանգի տակ է, քանի որ սահմանադրական փոփոխություններին կողմ է միայն «բարեփոխումների» հանձնաժողովը (մի տարի լավ փող աշխատեցին և պետբյուջեի հաշվին շրջագայեցին Հայաստանի մարզերով՝ փախնելով երևանյան շոգից) եւ ՀՅԴ-ն: Ինչը նշանակում է, որ կարճ ժամանակ անց այլեւս հուշ է դառնալու Մելիք-Ադամյան փողոցը:

Մանավանդ, երբ որեւէ դեպքում «եռյակը» մտադիր չէ դադարեցնել իշխանափոխությանը հասնելու համար սկսած պայքարը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը