Մեկնաբանություն

19.10.2014 16:00


Սերժ Սարգսյանի նահանջը

Սերժ Սարգսյանի նահանջը

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքն արդեն շոշափելի արդյունք ունի: Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանը վերջնական դիրքորոշումը կհայտնի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում: Փաստորեն, հրապարակի ճնշման տակ Սարգսյանը հետաձգեց հյուսիս-կորեական կառավարման մոդելն ընդօրինակելու գործընթացի մեկնարկը:

Սա ընդդիմության ճնշման տակ Սերժ Սարգսյանի երկրորդ խոշոր զիջումն է: Առաջին անգամ նա նահանջեց, երբ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց և ուղարկեց ԱՄՆ՝ որպես դեսպան: «Քառյակի» հայտարարած հանրահավաքների վտանգը զգալով՝ Սերժ Սարգսյանը նահանջեց ու բավարարեց նրանց պահանջը՝ հեռացրեց Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից:

Վերը նշածները փաստում են, որ Սերժ Սարգսյանը զիջումների է գնում միայն հանրահավաքների և կոնսոլիդացված ուժերի ճնշման տակ:

Օրինակ, 12 կետանոց պահաջներից որևէ մեկը չկատարեց, մինչդեռ կարող էր կատարել ու մեղմել սոցիալական լարվածությունը, հատկապես, որ այդ կետերը նրա համար սահմանադրական փոփոխություններից ավելի կարևոր չեն: Պարզ է, որ նա ավելի պատրաստ է զիջումներ կատարելու 12 կետերում, քան սահմանադրական փոփոխությունների հարցում, որովհետև վերջինս ավելի կենսական նշանակություն ունի նրա համար: Սակայն կենսական հարցում նահանջեց, երբ հրապարակում ականատես եղավ շուրջ 40–հազարանոց հանրահավաքին:

Հայաստանում այժմ ձևավորվել է քաղաքական ուժի երկրորդ բևեռը՝ ի դեմս վերակազմավորված «քառյակի», որը կարողանում է հակակշռել և օրակարգ թելադրել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: Սա քաղաքական դաշտում տեղի ունեցած կարևորագույն փոփոխությունն է: «Քառյակն» արդեն համակարգափոխություն և իշխանափոխություն է սկսել, որի դրական արդյունքներն արդեն տեսանելի են: Նախ այդ ուժերը կառավարման համակարգից հեռացրեցին Հայաստանի տնտեսության ձևախեղման ճարտարապետներից մեկին՝ Տիգրան Սարգսյանին, իսկ հետո ստիպեցին Սերժ Սարգսյանին հետաձգել սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

Ի դեպ, «քառյակն» այսօր հանդիսանում է Հայաստանի սահմանադրության երաշխավորը: Քանի որ սահմանադրությունը միակ խոչընդոտն է Սերժ Սարգսյանի համար, որը թույլ չի տալիս նրան վերարտադրել իր իշխանությունը, նա ստիպված փորձում է սահմանադրական փոփոխությունների միջոցով խախտել սահմանադրական կարգն ու վերարտադրել իր իշխանությունը: Փոփոխությունների գործընթացին դեմ արտահայտվեցին ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերը՝ ստիպելով Սարգսյանին հետաձգել փոփոխությունները և դառնալով Սահմանադրության երաշխավորը:

Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ «քառյակի» պահանջները պատրաստ է կատարել միայն հանրահավաքների ճնշման ներքո: «Քառյակը», հետևաբար, պետք է հաշվի առնի այս կարևոր հանգամանքը իր հետագա գործողություններում և մեծացնի ճնշումը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը