Մեկնաբանություն

19.10.2014 19:57


Շանթահարված իրականություն

Շանթահարված իրականություն

Շանթ Հարությունյանին և նրա թիմակիցներին դատապարտեցին ազատազրկման։ Կիրառվեց գործած արարքին անհամաչափ պատիժ (ՀՀԿ ղեկավարը մինչև բուն դատավճռի ընթերցումը հրապարակել էր դատավճիռը)։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կրկին քաղբանտարկյալներ կան։

Շանթի «հեղափոխությունն» ընդհանրապես շատ հարցեր էր առաջացրել ու որոշակի կասկածների տեղիք տվել (ոստիկանությունը սկզբնական փուլում չափազանց բարյացակամ էր տրամադրված այդ «հեղափոխության» նկատմամբ)։ Դրանում շատ էին ցուցադրականությունը և ռոմանտիզմը, բլեֆը և հուսահատությունը։

Ի սկզբանե ինձ համար առնվազն անհասնակալի էր այն ձևն ու միջոցը, որով Շանթն ուզում էր հեղափոխություն անել, թեև ընտրված թիրախը և փայտի կիրառմամբ կոնկրետ պաշտոնյային պատժելը ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության սրտով է։

Շատերի սրտով է Շանթի արածը, բայց ոչ մտքով։ Պատահական չէ, որ «հեղափոխության» համար նա կարողացել էր ընդամենը մի քանի համախոհ գտնել, որոնցից մեկը որդին էր։

Այդ հետո պիտի պարզվեր, որ «Ֆեյսբուքում» «Մենք բոլորս Շանթ ենք» կարգախոսով ապրող լիքը մարդ կա, բայց միայն «Ֆեյսբուքում»։

Շանթի հույ–բույի ժամանակ այդ «շանթիստները» չկային։ Նրանք հո Շանթի պես ռոմանտիկ ու միամի՞տ չէին, որ դուրս գային փողոց՝ «խլապուշկա» օգտագործելու և փայտերով Բաղրամյան 26–ը գրոհելու։ «Շանթիստների» մեծ մասի համար Բաղրամյան 26–ն աշխատավարձ ստանալու տեղ է, այլ ոչ թե գրոհի, և բնական է, որ նրանք Շանթ Հարությունյանի կողքին են միայն վիրտուալ տարածքում, այն էլ՝ «պետպատվերի» շրջանակներում։

Իշխանությունները դատապարտեցին Շանթին, բայց զուգահեռաբար գովում են նրա արարքն «անկախ» լրատվամիջոցների տիրույթում, քանզի Սերժ Սարգսյանին հենց այդպիսի վիճակ է պետք։ Նրան պետք է, որ ընդդիմությունը լինի հախուռն գրոհի կազմակերպիչ, սակավամարդ ու քրեական օրենսգրքի հետ խնդիրներ ունեցող։ Որպեսզի վերջում այդ ընդդիմությունը հայտնվի բանտում, այսինքն՝ Սերժին վտանգ չսպառնա։

Սերժը վախենում է հաշվարկված քայլեր և զանգվածային շարժում նախաձեռնող ընդդիմությունից։

Անհատապես, այո՛, նա վախենում է Շանթից ու նրա թիմակիցներից, բայց ինստիտուցիոնալ վախ շանթենցից չունի, քանզի կարող է թաքվնել ոստիկանության ու կամակատար դատավորների հետևում։

Եթե ընդդիմությունը հախուռն գրոհի ու հուսահատ քայլերի կողմնակից չէ և դեռ մի բան էլ զանգվածային շարժման գլխին է կանգնած, ապա դա իսկական գլխացավանք է «Վերջի բոլշևիկի» համար, որովհետև ոստիկանությունը կարող է և չպաշտպանել իրեն, իսկ դատավորներն էլ՝ սկսեն օրենքով գործել։ Դա է պատճառը, որ Սերժն իր հաճախորդներին հանձնարարել է փառաբանել Շանթին ու, միևնույն ժամանակ, կատաղի քննադատել Շանթի տարբերակը չընտրած ընդդիմությանը՝ «եռյակին»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրավաչա՞փ էին Շանթի գործողությունները, ապա «չոր» օրենսդրության տեսանկյունից՝ ոչ։ Իսկ եթե հարցը դիտարկենք այլ հարթության մեջ, ապա բնական իրավունքի տեսանկյունից (բռնությանը դիմադրելը)՝ այո՛, Շանթի գործողություններն իրավաչափ էին։ Եթե մենք ունենայինք իրավական պետություն, ապա Շանթի արարքը պետք էր դատապարտել և նրան մոռանալ։ Բայց եթե Սերժ Սարգսյանը մարտի 1–ի միջոցով է եկել իշխանության ու դրանից հետո էլ աթոռին մնացել է տոկոս «խփելով», ապա Շանթն էլ իրավունք ունի սրած փայտիկով հեռացնել բռնությամբ իշխանությունը զավթած մարդուն։ Այլ հարց է, թե որքանով է դա արդյունավետ ճանապարհ։ Կյանքը ցույց տվեց, որ արդյունավետ չէ։ Հետևաբար, պայքարը պետք է տանել այլ տարբերակով։ «Եռյակը» հենց այդ այլ տարբերակին է գալիս։ Սպասենք հոկտեմբերի 24–ին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը