Մեկնաբանություն

20.10.2014 13:10


Բ26–ը հայտարարում է սեզոնի բացումը

Բ26–ը հայտարարում է սեզոնի բացումը

Ընդդիմության հանրահավաքը ստիպեց Սերժ Սարգսյանին հետաձգել իր փրկության ծրագրի մեկնարկը։ Նրա մամլո խոսնակը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք կհնչեցվի հաջորդ տարվա փետրվար–մարտ ամիսներին։

«Նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի, հայեցակարգի վերաբերյալ ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում»,– մասնավորապես նշված է Սարգսյանի մամլո խոսնակ Սաղաթելյանի պարզաբանման մեջ։

Եվ այսպես, ՀՀԿ ղեկավարն իր այս մոտեցմամբ, կամա թե ակամա, արձանագրել է երեք բան.

Ա. ներքաղաքական այս պայմաններում ռիսկ չի անում սկսել սահմանադրական փոփոխությունների գործընթացը,

Բ. սահմանադրական փոփոխությունների համար չկա հանրային պահանջ, և դա բացառապես իր նախաձեռնությունն է՝ հայտնի նպատակով,

Գ. փորձ է արվելու քաղաքական նոր առևտուր սկսել և նոր հաճախորդներ ձեռք բերել, որի անունը դնելու են «քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի ապահովում»։

«Գ» կետի հետ կապված՝ ակնհայտ է, որ մինչև հաջորդ տարվա փետրվար–մարտ ամիսը «Վերջի բոլշևիկը» հաճախորդների մանրամեծածախ առևտուր է սկելու, և ձգտելու է գոնե ձևականորեն ընդլայնել սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների քանակը։

Առայժմ միայն ՀՅԴ–ի վերնախավից են լսվում հիացական գնահատականներ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

Ուշագրավն այն է, որ անգամ ՀՀԿ–ն ողջ կազմով չի ողջունում սահմանադրական փոփոխությունների գաղափարը, դե, իսկ փոփոխությունների հայեցակարգը ներկայացնողները լվանում են իրենց ձեռքերը՝ հայտարարելով, թե քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտություն կա, և դա արդեն զուտ քաղաքական հարթության մեջ է։

Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ ՀՅԴ վերնախավի աջակցությամբ՝ հեռու չես գնա։ Դա է պատճառը, որ այժմ նա «գովազդային» դադար է վերցրել, որպեսզի գույքագրի իր ուժերը և հնարավորության դեպքում համալրի իր պաշտպանների շարքերը։

Մի խոսքով, հաճախորդների նոր՝ աշուն–ձմեռ հավաքածու է ներկայացվելու հանրությանը, եթե, իհարկե, ստացվի։

Քաղաքական դաշտում բոլոր լուրջ ուժերն արդեն դեմ են արտահայտվել Սերժի վերարտադրման ծրագրին։ Այդ առումով բան չի փոխվել։

ՀՀԿ ղեկավարի հույսն այն է, որ Ազատության հրապարակում սկիզբ դրված համաժողովրդական շարժումը կմարի, բայց դե, «եռյակն» այնպիսի նշաձող է սահմանել, որ հետդարձի ճանապարհ չկա։ Հետդարձի ճանապարհ ունի Սարգսյանը, ով կարող է արժանապատիվ ու անվտանգ հեռացման երաշխիքներ ստանալ, եթե չհամառի։ Մնում է միայն Սերժին հրաժարական պարտադրելու բոլոր նախադրյալներն առարկայական դարձնել և ուղարկել նրան չվաստակած հանգստի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը