Մեկնաբանություն

21.10.2014 17:15


Քաղաքական դաշտի «գույքագրումը»

Քաղաքական դաշտի «գույքագրումը»

Քաղաքական ընթացիկ իրավիճակի գնահատականը տալուն և կանխատեսում անելուն մեծապես կարող է նպաստել քաղաքական դաշտի «գույքագրումը»։

Քաղաքական դաշտը, մեծ հաշվով, այժմ բաժանված է երկու մասի։ Մի կողմում Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական բուրգն է, որն ընկղմված է ներքին հակասությունների մեջ, Բ26–ին սպասարկող «ընդդիմադիր» և «անկախ» քաղաքական կոչված գործիչները, «փորձագետները» և «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս կազմող լրատվամիջոցները, իսկ մյուս կողմում՝ «եռյակը» (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») և այդ միավորմանը սատարող քաղաքական ուժերը, հանրային ակտիվությամբ աչքի ընկնող անհատները և ամենակարևորը՝ հանրության առնվազն 80 տոկոսը (ինչպես ՀՀԿ ղեկավարն էր խոստովանել՝ ՀՀ քաղաքացիների այդքան տոկոսը դեմ է իրենց կողմից վարվող քաղաքականությանը)։

Իշխանությունները որևէ հանրային հենարան չունեն։ Նրանցից դժգոհ են թոշակառուներն ու ապագա թոշակառուների մասը, որոնցից պարտադիր կուտակայինով այսօր երկար ու էժան փողեր են պահում։ Դժգոհ են նաև բիզնեսի բոլոր շերտերը՝ փոքրից մինչև խոշոր։ Դժգոհություն կա պետական կառավարման համակարգում։ Մոտ մեկ միլիոնի հասնող աղքատները նույնպես չեն կարող գոհ լինել այս իշխանություններից։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, մենակ է, և իր աթոռը պահում է զուտ իներցիայով ու լիսկաների միջոցով։ Ընդդիմության հիմնական ռեսուրսը հասարակական աջակցությունն է։

Երրորդ կողմ տվյալ դեպքում չկա և չի կարող լինել, քանզի նրանք, ովքեր քննադատում են ներկա վիճակը, քարկոծում են ՀՀ արտաքին քաղաքականությունը, և դժգոհ են ներքին կյանքում առկա հարաբերություններից, բայց պահանջում են «եռյակի» հրաժարականը, կամա թե ակամա հանդես են գալիս իշխանության կողմից։ Իսկ նրանք, ովքեր անկեղծ են իշխանություններին ու «եռյակին» ուղղված իրենց քննադատության մեջ, գործնականում ոչինչ չեն առաջարկում՝ կատարելով անօգուտ փնթփնթացողի դեր։

Արժե արձանագրել, որ հայաստանյան քաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ աշխարհաքաղաքական վեկտորը մղված է հետին պլան, և դա՝ բացառապես «եռյակի» ջանքերով։

Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի աշխարհաքաղաքական կեղծ ու, միևնույն ժամանակ, վտանգավոր օրակարգ ներմուծեն պայքարի տիրույթ, սակայն դա նրանց չի հաջողվում։

Իսկ վտանգավոր է աշխարհաքաղաքական օրակարգով ներքին պայքար մղելն այն պարզ պատճառով, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանը դառնա հզորների բախման թատերաբեմ և այլոց խաղում՝ մանրադրամ։ Ուկրաինան բոլորիս աչքի առաջ է։

Ինչ վերաբերում է քաղաքական պայքարի օրակարգին, ապա «եռյակը» մի շարք հարցերում ունեցած տարակարծություններով հանդերձ՝ միասնական մոտեցում ունի իշխանափոխության հարցում։

Իշխանափոխություն. ահա՛ այն կետը, որի շուրջ կա լիակատար կոնսենսուս «եռյակի» ներսում։ Այլ հարց է, որ դրան հասնելու մարտավարության ու քայլերի, գործողությունների տեմպի ու ժամկետների առումով դեռ քննարկումները չեն ավարտվել։ Ի դեպ, դա «եռյակի» ոչ թե թույլ, այլ ուժեղ կողմն է, քանզի բանավեճի ընթացքում հնարավոր կլինի գտնել ամենաօպտիմալ ու ամենառացիոնալ տարբերակը։

Թե իշխանափոխության ինչպիսի «ճանապարհային քարտեզի» կհանգեն ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու «Ժառանգությունը», պարզ կդառնա հոկտեմբերի 24–ի հանրահավաքում։ Սպասվում է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը, և ահագին բան պարզ կդառնա։

Մեկ բան ակնհայտ է՝ իշխանափոխությունը պետք է լինի անարյուն և հնարավորինս շուտ, ինչը կախված է այն բանից, թե որքանով կկարողանան այդ ուժերը գրագետ քաղաքական մենեջմենթ կիրառել և հասնել համազգային մոբիլիզացիայի։ Շարժման քանակական ու որակական աճի շնորհիվ էլ հնարավոր կդառնա իշխանափոխությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը