Լրահոս

27.11.2010 11:39


Սեուլին ստիպել են վերանայել ռազմական բյուջեն

Ինչպես տեղեկացնում է «Yonhap News» տեղական գործակալությունը, Հարավային Կորեան կվերանայի իր ռազմական ծախսերի բյուջեն։

Այս քայլին Սեուլը ստիպված է գնում. Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ տեղի ունեցած վերջին միջադեպից հետո  Հարավային Կորեան որոշել է ամրապնդել ազգային բանակի հետախուզման և հարձակման կարողությունները։

Հարավային Կորեայի ֆինանսների նախարարությունը ռազմական բյուջեի վերանայման գործընթացը սկսելու մասին արդեն տեղեկացրել է երկրի խորհրդարանին։

Ըստ երկրի կառավարության՝  ազգային բանակի հետախուզական և հարձակողական գործառույթների ամրապնդումը կարող է օգնել ավելի լավ դիմակայել Կորեական թերակղզու հյուսիսից եկող սպառնալիքներին։

Վերանայման ժամանակ ռազմական բյուջեի ո՞ր հոդվածները կփոփոխվեն՝ նշված չէ։

Ինչպես նախկինում հայտնել էին, հրետանային ռմբակոծությանն արագ և համարժեք արձագանքելու բանակի անկարողությունն արդեն հանգեցրել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի փոփոխությանը։

Սեուլում պատրաստվում են նաև Հարավային Կորեայի բանակի մարտական պատրաստվածության բարելավման միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ի բանակի հետ համատեղ զորավարժությունների, որը, ամենայն հավանականությամբ, պետք է անցկացվի ԿԺԴՀ-ի սահմանի մոտակայքում։

ԿԺԴՀ-ն էլ իր հերթին պնդում է, թե այդ զորավարժությունները թերակղզում պատերազմական իրավիճակի խորացման պատճառ կարող են դառնալ և «կրակի հետ խաղալ» ցանկացող իր հակառակորդներին «կրակե անձրև» է խոստացել։

Այս խորագրի վերջին նյութերը