Քաղաքական

18.09.2009 20:24


Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18–ի հանրահավաքում

Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18–ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել։ Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի։ Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման։

Տնտեսություն

Թե ինչ է կատարվում տնտեսության բնագավառում, հայտնի է բոլորին։ Չնայած Հայաստանին տրամադրված հսկայական միջազգային վարկերին ու կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, տնտեսությունը ինչպես գահա­վի­ժում էր, այնպես էլ շարունակում է գահավիժել, այն էլ՝ ավելի արագացված տեմպերով։ Դրա ամենապերճախոս վկայությունն է նախորդ տարվա համապատաս­խան ամիսների համեմատ ընթացիկ տարվա տնտեսական անկման դինամիկան. հունվար-ապրիլ՝ 9.3%, հունվար-մայիս՝ 15.7%, հունվար-հունիս՝ 16.3%, հունվար­­-հուլիս՝ 18.5%։ Եթե սրան գու­մա­րենք նաեւ արտաքին առեւտրի, մանավանդ արտահանման ծավալների շարու­նակ­վող կրճատումը, կապիտալի չդադարող արտահանումը, արտասահմանյան ներդրում­ների եւ բյուջեի հարկային եկամուտների անընդհատ նվազումը, ապա Հայաստանի տնտեսական վիճակի գնահատման այլ չափանիշ փնտրելու կարիք չի լինի։

Էլ որտեղ, եթե ոչ նշված մակրոտնտեսական ցուցանիշներում պետք է արտացոլ­վեր միջազգային վարկերի եւ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, ինչը, սակայն, իսպառ բացակայում է։ Իսկ սա նշանակում է, որ կա՛մ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները իրավիճակին համարժեք չեն, կա՛մ արտերկրից փոխառված ֆինանսական միջոցները ճիշտ չեն օգտագործվում, կա՛մ էլ՝ դրանք պարզապես մսխվում են։ Մի բան ակնհայտ է, որ այդ միջոցներից հա­մար­յա ոչինչ չի հասնում արդյունաբերողներին, մանր ու միջին բիզնեսին եւ գյու­ղա­տնտեսությանը, որոնց խթանման հետ է կապված, առաջին հերթին, երկրի տնտեսու­թյան վերականգնման ու զարգացման հույսը։ Ամենաողբալի վիճակում են հայտնվել մանավանդ մանր ու միջին ձեռնարկատերերը, որոնք մի կողմից ենթարկվում են անխնա հարկային կամայականությունների, մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքների պատճառով զրկված են վարկեր ձեռքբերելու հնարավորությունից, իսկ երրորդ կողմից՝ խեղդվում են ապօրինի մաքսային արտոնություններով օժտված մենաշնորհային ընկերությունների մրցակցությունից։ Հրատապ միջոցներ ձեռք չառնելու պարագայում մանր ու միջին ձեռնարկատիրությունը մեկ տարի հետո պարզապես կդադարի գոյու­թյուն ունենալ, եւ երկրի ողջ տնտեսությունը կհայտնվի մոնոպոլիաների, իսկ ավելի ճիշտ, քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքում։

Իսկ ճգնաժամի խորացմանն ու սոցիալական դրության վատթարացմանը զուգ­ըն­թաց, առաջիկա ձմռանը ժողովուրդը կզգա նաեւ գազի ու էլեկտրաէներգիայի թանկաց­ման հետեւանքով իր վրա ընկած լրացուցիչ բեռի ծանրությունը։ Հետեւաբար, ստեղծված իրավիճակում կառավարության գործունեությունն այլ կերպ, քան ոչ արհես­տա­վարժ, կամ հանցավոր, կամ էլ՝ անմեղսունակ, չի կարելի համարել։ Ընդ որում, խնդիրն ամե­նեւին անձերին չի վերաբերում, որովհետեւ նրանց փոփոխությունն անզոր է որեւէ կերպ ազդելու իրականության վրա։ Քոչարյանի եւ Սարգսյանի ձեւավորած ավազա­կա­պե­տա­կան համակարգում այլ տիպի ու որակի կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գլխա­վո­րած կառա­վարություններն էությամբ իրարից ոչնչով չեն տարբերվում։ Եթե Սերժ Սարգս­յանը շարունակի զբաղեցնել նախագահի աթոռը, հաջորդ կառավարությու­նը եւս նրանցից ոչնչով չի տարբերվելու։ Այնպես որ, անիմաստ է որեւէ հույս կապել վարչապետի եւ կառավարության հնարավոր փոփոխության հետ, ինչի մասին խոսակցությունները վերջերս հաճախակի են դարձել։ Դա, իհարկե, բացառված չէ, քանի որ Սերժ Սարգսյա­նին ինչ-որ պահի անպայման քավության նոխազ պետք է գալու։ Բայց այդ առթիվ ո՛չ պետք է ուրախանալ, ո՛չ էլ տխրել, քանի որ, ինչպես ասացի, դրանից ոչինչ չի փոխվելու։

Կարող է թվալ, թե ես մռայլ գույներով եմ ներկայացնում Հայաստանի տնտեսական վիճակը։ Հավատացնում եմ՝ իրականությունը շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայաց­րածը։ Պատահական չէ, որ Ա1+ գործակալության անցկացրած սոցիոլոգիական հար­ցում­ների համաձայն՝ հարցվածների 83%-ը դժգոհ է Հայաստանի իշխանություններից, իսկ 58%-ը պատրաստ է մշտական բնակություն հաստատել արտասահմանում։ Ես ո՛չ աղետ եմ գուժում, ո՛չ էլ ուզում եմ հուսահատություն սերմանել։ Բայց չեմ կարող նաեւ ճշմարտությունը թաքցնել, քանի որ դա անհարիր է թե՛ իմ, թե՛ Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքներին։ Մեր ուժը եւ միակ զենքը ճշմարտությունն է, այլապես ժողովուրդը շուրջ երկու տարի չէր գա մեր ետեւից։ Որեւէ շեղում այս ճանապարհից՝ մեզ չի ներվի, եւ ժողովուրդը երես կթեքի մեզանից։ Բարոյական լինելուց բացի, ճշմարտությունը նաեւ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ այն չի կարող վերջիվերջո չհաղթանակել։

Ժողովրդավարություն եւ օրինականություն

Տնտեսականից ավելի անմխիթար վիճակում է շարունակում մնալ ժողովրդավա­րության եւ օրինականության բնագավառը՝ ավելի անմխիթար բացառապես այն պատ­ճա­ռով, որ վերջինս, ի տարբերություն տնտեսության, կախված է միայնումիայն իշխա­նու­թյուն­ների կամքից։ Ոչ թե օբյեկտիվ հանգամանքները, այլ իշխանություններն իրենք են որո­շել, որ Հայաստանում օրինական ընտրություններ չպետք է անցկացվեն, որ ընդ­դի­մու­թյուն չպետք է գոյություն ունենա, որ այլախոհությունը տեղ չպետք է գտնի տեղե­կատվության էլեկտրոնային միջոցներում, որ ոչ ոք չպետք է համարձակվի մասնակցել հանրահավաքների, երթերի ու բողոքի ցույցերի, որ այս երեւույթները չհանդուրժողներն ու դրանց դեմ ըմբոստացողները պետք է ենթարկվեն հարկային ու ոստիկանական տե­ռորի, հեռացվեն աշխատանքից կամ հայտնվեն զնդաններում, իսկ իրական հանցագործ­ները՝ ավազակապետության հենարանը հանդիսացող քրեական հեղինակությունները, կաշառակեր պաշտոնյաները, հարկերից խուսափող խոշոր ձեռնարկատերերը, պաշտո­նատար անձանց եւ օլիգարխների ձեռքի տակ գործող զինված բանդաները, մարդա­սպաններն ու խուլիգանները պետք է զերծ մնան պատասխանատվությունից, ինչի վկա­յությունն են համարյա բոլոր աղմկոտ սպանությունների, կողոպուտների, ներիշխանա­կան հաշվեհարդարների կանոնավոր պարտակումները։

Այս ամենի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ չարժե դրա վրա առանձնապես ծանրանալ։ Սակայն չեմ կարող շրջանցել հետեւյալ երկու կոնկրետ իրողությունները, որոնք էական նշանակություն ունեն երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի պայմա­նավոր­ման, հետեւաբար, հույժ հրատապ քաղաքական բովանդակության առումով.

1. Հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից 19-ը դեռեւս շարունակում է մնալ բանտերում։ Նրանց ներկայացված են նույն շինծու մեղադրանքները, որոնցով դատապարտված էին համաներմամբ ազատ արձակված մնացյալ քաղբանտարկյալնե­րը։ Ի՞նչն է, արդ, պատ

Այս խորագրի վերջին նյութերը