Լրահոս

19.09.2009 12:07


Վրաստանի վերաքաննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման երկրորդ դատալսումը

2009թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր  դատավճռի բողոքարկման երկրորդ դատալսումը:

Դատական նիստին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ իրողությունները.

  1. 2009թ. օգոստոսի 17-ին Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանին մերժվել էր այցելել իր պաշտպանյալին բանտում: Սեպտեմբերի 18-ի դատական նիստում փաստաբանը փորձել է դատարանից ստանալ քաղվածք դատական նիստերի արձանագրությունից, որտեղ Վերաքննիչ դատարանը նրան ճանաչել է որպես Վահագն Չախալյանի փաստաբան: Սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը, պատճառաբանելով, որ արձանագրությունները կարող են տրվել միայն դատալսումների ավարտից եւ դատավճռի կայացումից հետո, իսկ փաստաբանի իր պաշտպանյալի հետ տեսակցելու խնդիրը դատարանի իրավասությունների շրջանակից դուրս է: Այնուհետեւ դատարանը մերժեց նաեւ հայ փաստաբանի միջնորդությունը' դատալսմանը պատրաստվելու նպատակով իրեն ժամանակ հատկացնել Վահագն Չախալյանի հետ առանձնազրույց ունենալու համար:  Հայ փաստաբանը մտադիր է առանձին հայցով դիմել դատարան' Վահագն Չախալյանին բանտում օգոստոսի 18-ին տեսակցել թույլ չտալու փաստի առնչությամբ:
  2. Դատարանը հուլիսի 22-ի նիստի ընթացքում մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը' կատարել Վահագն Չախալյանի տանը եւ նրա ղեկավարած կազմակերպության շենքում իբր հայտնավերված զենքի մատնահետքաբանական փորձաքննություն պետական միջոցներով, սակայն բավարարել էր մեկ այլ միջնրոդություն' իրականացնել փորձաքննությունը պաշտպանական կողմի ծախսերով: Սեպտեմբերի 18-ի դատալսմանը պարզվեց, որ դատախազությունը, որը պարտավոր էր ուղարկել զենք-զինամթերքը փորձաքննության, դա չի արել, այն անհեթեթ պատճառաբանությամբ, որ իբր դատարանն իր տրամադրության տակ չունի մարդ, որը իրավասու է տեղափոխել զենքը փորձաքննություն իրականացնող մարմնին: Դատարանը հանձնարարեց դատախազին փոխանցել զենքը փորձագիտական քննության իրենց աշխատակիցների միջոցով 5 օրյա ժամկետում:
  3. Փորձաքննություն իրականացնող պետական հիմնարկը, որտեղ պետք է ուղարկվեր զենք-զինամթերքը, իր հերթին մերժել էր Վահագն Չախալյանի փաստաբան Նինո Անդրիաշվիլիին ներկա գտնվել փորձաքննությանը, ինչը պաշտպանի օրենքով սահմանված իրավունքն է, ինչպես նաեւ մերժել էր փորձաքննությանը թույլ տալ անկախ փորձագետի մասնակցությունը: Նինո Անդրիաշվիլին եւս պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը դատարանում' առանձին հայցի միջոցով:
  4. Դատարանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած այլ միջնորդությունները, այդ թվում' դատարանին բացարկ հայտնելու, գործում առկա մի շարք նյութեր որպես ,անթույլատրելի ապացույցե ճանաչելու վերաբերյալ:
  5. Ինչպես եւ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի պարագայում' դատական նիստերն ընթանում են առանց Վահագն Չախալյանի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի մասնակցության: Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել էր նրան գրանցել, իսկ երբ Վահագն Չախալյանը բողոքարկել էր այդ որոշումը դատարանում, վրացական իշխանություննրը փոխել էին օրենքը եւ ընդհանրապես հանել արերկրի փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանություն իրականացնելը թույլատրող դրույթը: Ներկայումս պաշտպանական կողմը Պատրիկ Արապյանի գրանցման գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել դատական վերադաս ատյան, ինչպես նաև պատրաստվում է դիմել Վրաստանի սահմանադրական դատարան' օրենքում կատարված փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով:
  6. Շարունակվում է ցածր մակարդակով տարվել հայերենից վրացերեն եւ վրացերենից հայերեն թարգմանությունը: Սեպտեմբերի 18-ի դատական նիստը թարգմանվում էր նոր թարգմանչի կողմից, որը սակայն նույնքան ոչ կոմպետենտ էր, ինչպես եւ նախորդ նիստին ներկա թարգմանիչը
  7. Դատալսմանը որպես դիտորդ ներկա էր ֆրանսահայ փորձագետ եւ իրավապաշտպան Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը, որն ունի Չախալյանի դատավարությունը դիտարկելու եւ դրա հիման վրա զեկույց պատրաստելու Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհրդի եւ հայաստանի փաստաբանական պալատի մանդատները:  
  8. Կրկին ուղարկելով զենք-զինամթերքը փորձաքննության' դատարանը ընդմիջեց գործի քննությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը:

 

Վերլուծելով վերոնշյալ փաստերը' կարելի է արձանագրել, որ վրացական իշխանություններն ինչպես եւ առաջին ատյանում գործի դատալսման ընթացքում, հետեւողականորեն ընթանում են դատավարության հնարավորինս ձգձգման, եւ դրան զուգընթաց' Վահագն Չախալյանի բանտային պայմանների խստացման միջոցով' նրան հյուծելու իրենց ավանդական մարտավարությունը:

 

Վահագն Չախալյանը ս.թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի ,բե ենթակետերով (Խուլիգանություն... կատարված ... իշխանության ներկայացուցչի  կամ խուլիգաանությունը կասեցնող այլ անձի դեմ)' դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:

Վահագն Չախալյանի հայրը' Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ   226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)' դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը' 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում)' որպես պատիժ 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքով:

«Երկիր» միություն

Այս խորագրի վերջին նյութերը