Մեկնաբանություն

30.10.2014 02:00


Ժողովուրդը կարո՞ղ է հրապարակում տոկոս «խփել»

Ժողովուրդը կարո՞ղ է հրապարակում տոկոս «խփել»

Իշխանությունները կարծում են, թե իրենց ոչինչ պարտադրել հնարավոր չէ:

Ժողովուրդը ոչ կարող է իրենց պարտադրել, որ աշխատեն, եւ ոչ էլ կարող է իշխանափոխություն պարտադրել:

Իշխանությունները համոզված են, որ պարտադրողը միայն իրենք կարող են լինել: Այդպես էլ կա, քանի որ իրենք պարտադրում են ժողովրդին թշվառության մեջ ապրել, կամ էլ թողնել ու հեռանալ երկրից:

Դա իշխանությունների մոտ շատ լավ է ստացվում:

Իսկ, ա՛յ, նման իշխանություններին նույն ժողովուրդը չի կարող իշխանափոխություն պարտադրել:

Ինչո՞ւ: Դրա պատասխանն էլ ունեն:

ՀՀԿ վերնախավի անդամ Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ժողովո՞ւրդն էլ չի կարող իշխանափոխություն պարտադրել, եթե դուրս գա փողոց, նստացույցեր անի, Կառավարության աշխատակազմի ղեկավարն այսպես է պատասխանել. «Իսկ ժողովուրդ ասելով՝ քանի՞ հոգի նկատի ունեք: Բազմամարդ թիվն ինձ համար թիվ չէ. թի՛վ հնչեցրեք, խնդրում եմ, թի՛վ ասեք: Ես խնդրում եմ՝ բացե՛ք ընտրությունների արդյունքները և ստուգե՛ք՝ քանի ձայն է ստացել իշխանական կուսակցությունն այդ ընտրություններում: Հերթով գումարե՛ք և նայե՛ք բոլոր թվերը: Այ, երբ որ դուք այդ բոլոր անձանց կապահովեք, որ նրանք լինեն հրապարակում, և պահանջեն իշխանափոխություն, և հետո դուք ինձ համոզեք, որ այդ թիվն ավելի մեծ է, քան այն ձայների թիվը, որն ստացել է իշխող կուսակցությունը, այդ ժամանակ ես կպատասխանեմ ձեր հարցերին»:

Լսելով նրան՝ կարելի է կարծել, թե Հարությունյանը ոչ թե Հայաստանի, այլ եվրոպական երկրներից մեկի իշխող ուժի ներկայացուցիչն է: Այնպիսի մի երկրի, որտեղ ընտրությունները չեն կեղծվում, եւ դրա արդյունքերը կասկածներ չեն հարուցում:

Իրոք, զարմանալի է: Այդ ի՞նչ ձայների մասին է նա խոսում, որոնք ընտրությունների արդյունքներով «բաժին են հասել» ՀՀԿ-ին կամ նրա առաջնորդին:

Վերցնենք, թեկուզ, վերջին ընտրությունների արդյունքները, երբ տոկոս «խփելու» միջոցով 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ՀՀԿ-ն «ստացավ» մոտ 44 տոկոս ձայն, իսկ 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը «ստացավ» ավելի քան 800 հազար ձայն:

Այս թվերը ո՞վ է արժանահավատ համարում: Ոչ ոք:

Ուրեմն, ինչպե՞ս է Հարությունյանը սա համարում իբրեւ «չափանիշ» եւ հայտարարում, թե եթե դրանից ավելի շատ թվով մարդ կհավաքվի հրապարակում, ապա միայն այդ ժամանակ ժողովուրդը կարող է իշխանափոխություն պարտադրել:

Մի քիչ որ պակաս լինի, չի կարող:

Խե՜ղճ ժողովուրդ, բա ո՞նց պետք է անես, որ դու էլ կարողանաս հրապարակում տոկոս խփել ու ցույց տալ իշխանություններին՝ ապացուցելով, որ արժանի ես իշխանափոխություն պարտադրելու:

Իսկապես, անհեթեթությունն ո՞ւր կարող է հասնել: Պարզվում է՝ իշխող ուժն իրեն իշխանափոխություն պարտադրելու համար ինչ-որ «չափանիշ» է սահմանել. հրապարակում կլինի այսքան թվով մարդ՝ ժողովուրդը կարող է պարտադրել, չի լինի՝ չի կարող:

Իսկ գուցե այդ «չափանիշն» արդեն ամրագրվել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգո՞ւմ. առանձին դրույթով արդեն նշե՞լ են, որ իշխանափոխություն պարտադրելու համար հրապարակում պետք է հավաքվի ոչ պակաս թվով մարդ, քան ընտրություններում ՀՀԿ-ի հավաքած ձայների թիվն է:

Իշխանությունը հավերժ պահելու մտադրություն ունեցողներից ամեն ինչ սպասելի է, եւ միանգամայն հավանական է, որ դիմեն նաեւ այդ քայլին ու սահմանադրական հայեցակարգում ամրագրեն նման դրույթ:

Ի դեպ, եթե Դավիթ Հարությունյանի ասած թիվը հրապարակում հավաքվի, ապա ոչ թե կպարտադրվի իշխանափոխություն, այլ շատ ավելի կոշտ բաներ տեղի կունենան։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը