Մեկնաբանություն

31.10.2014 15:14


Սարգսյանն ունի այն, ինչ չունի Ծառուկյանը

Սարգսյանն ունի այն, ինչ չունի Ծառուկյանը

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հետդարձի ճանապարհ չունի։ Նա նմանատիպ հայտարարություններ էլի էր արել, բայց հոկտեմբերի 24–ի հանրահավաքից հետո դա որակապես այլ կերպ ընկալվեց։ Անկախ ամեն ինչից՝ ընդդիմության հնչեցրած այսբովանդակ խոսքը փոխում է մթնոլորտը։

Կասեք՝ նախկինում էլ են նման հայտարարություններ եղել, բայց ոչինչ էլ չի փոխվել։ Սակայն այսպիսի իրավիճակ հանրապետության ներքաղաքական կյանքում երբեք չի եղել։ Դրա վերաբերյալ մանրամասն վերլուծություններ արդեն արվել են. կրկնվելու իմաստ չկա։

Ու բացառիկ այս իրավիճակում միանշանակ հայտարարությունները, որոնք վերածվում են կոնկրետ գործողությունների, չեն կարող ազդեցություն չունենալ։

Մթնոլորտն իսկապես փոխվում է։ Հետդարձի ճանապարհ չկա։

Հայտարարություններ անում է նաև իշխանությունը, առայժմ՝ հաճախորդների բերանով։

Սերժ Սարգսյանը հերթական անգամ հետաձգեց սահմանադրական փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ իր որոշումը հայտարարելու ժամկետը։ Սա ևս իրավիճակի փոփոխության ցուցիչ է։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը հարվածող ու Սերժ Սարգսյանի վերարտադրմանը միտված հայտարարություններին, ապա դրանք այլևս ոչինչ չարժեն։ Գաղջը մնում է գաղջ, արտագաղթը շարունակվում է, երկրի աղետալի սոցիալ–տնտեսական իրավիճակում բացարձակապես ոչինչ չի փոխվում, արտաքին ոլորտն էլ դարձել է նվաստացումների երեկո. ասենք, Ռիժկովը Երևանում ասում է. «Հանկարծ չփորձե՛ք զուգահեռներ անցկացնել Ղրիմի ու Արցախի միջև» ...

Մի խոսքով, իշխանության հնչեցրած հայտարարությունները միայն բառեր են, ուրիշ ոչինչ։

Բայց, ի տարբերություն Ծառուկյանի, Սերժ Սարգսյանը հետդարձի ճանապարհ ունի։ Դեռ ունի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը