Մեկնաբանություն

01.11.2014 11:15


Տնտեսության սաշիկացումն ու Ծառուկյանի «մեսիջները»

Տնտեսության սաշիկացումն ու Ծառուկյանի «մեսիջները»

Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում քաղաքական ու սոցիալ–տնտեսական մի շարք կարևոր հարցերի թվում շոշափել է նաև այնպիսի ցավոտ թեմա, ինչպիսին սեփականության բռնի վերաբաշխումն է, կամ, այլ կերպ ասած, տնտեսության սաշիկացումը։

«Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում»,– նշել է ԲՀԿ առաջնորդը:

Ինչպես հայտնի է, փայ մտնելու առումով մեր երկրի «հերոսը» Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Սաշիկը։ Նույնիսկ անեկդոտներ են շրջանառվում նրա փայ մտնելու պատմությունների մասին։

Նկատենք, սակայն, որ Սաշիկը հավաքական կերպար է, փայմտնոցիի «PR–պերսոն»։ Նրա անունն է դուրս եկել, բայց «Վերջի բոլշևիկին» կից գործող երիտսաշիկը շատ ավելի մեծ ավերածություններ է գործում տնտեսության մեջ և շատ ավելի լուրջ փայեր է փախցնում բիզնեսի տարբեր ոլորտներից՝ բնականաբար, Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո։

Հայաստանում փայ մտնելու երեք հիմնական ձև կա։

1. Հարկային պրեսսինգի միջոցով գործարարից տանում են նրա ողջ հասույթը։ Ֆորմալ առումով՝ այդ գործարարը մնում է իր ստեղծած կազմակերպության սեփականատերը, բայց այդ սեփականությունից դե ֆակտո օգտվում են սաշիկները, քանզի պետբյուջեն այս իշխանությունները տնօրինում են իրենց տնամերձ բոստանի պես։

Հարկային գերբարձր վճարների տակ կքած բիզնեսը սնանկ է դառնում, ու լավ հնարավորություն է ստեղծվում Սաշիկի կամ երիտսաշիկի համար ցածր գնով տվյալ բիզնեսը ձեռք բերելու համար։

Սա փայմտնոցիի համեմատաբար փափուկ տարբերակն է։

2. Գործարարին առաջարկվում է փայ տալ իր բիզնեսից բաժնետոմսերի մի մասի վերաձևակերպմամբ՝ խոստանալով, որ այդ դեպքում խնդիրներ չեն առաջանա պետական մարմինների հետ։ Եթե գործարարը համաձայնում է, ապա կարճ ժամանակ անց նրանից «կուլտուրական» ձևով վերցնում են նաև մյուս փայերը և դուրս մղում շուկայից։ Իսկ եթե դիմադրում է, ապա գործի են դրվում կա՛մ 1–ին կետում նշված տարբերակը, կա՛մ 3–րդում նշված կոշտ մոտեցումը։

3. Փայմտնոցիի կոշտ տաբերակի դեպքում բիզնեսի սեփականատիրոջը «չորով» առաջարկվում է հրաժարվել իր սեփականությունից և այն տալ Սաշիկին կամ երիտսաշիկին։ Եթե գործարարը հրաժարվում է փայ տալ ու դիմադրում է, ապա նրան կարող են որևէ շինծու մեղադրանքով ձերբակալել ու ստիպել գնալ սաշիկացման։

Փայմտնոցիի այլ ձևեր էլ կան, բայց հիմնականում վերը նշված սցենարներով են տեղի ունենում սեփականության վերաբաշխման գործընթացները։

Ըստ տարածված տեղեկությունների՝ բիզնեսին առնչվող այդ հարցերը քննարկվում են Սերժ Սարգսյանի կաբինետում, իսկ Բաղրամյան 26–ն էլ դարձել է կանխիկ գումար հաշվելու «կանտոռա»։

Ծառուկյանն, ահա, հրապարակավ հայտարարում է, որ ինքը դեմ է այդ արատավոր երևույթին, և իշխանափոխությունից հետո նման բան չի լինելու։ Սա շատ ուշագրավ հայտարարություն է և վերաբերում է ժողովրդավարության համար ամենաֆունդամենտալ համարվող սեփականության ինստիտուտին։

Եթե սեփականության իրավունքը պաշտպանված չէ, ապա մնացած խոսակցությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության մասին դատարկաբանության ու դեմագոգիայի ոլորտից են։

Հայաստանում մարտնչող նեոբոլշևիզմ է կիրառվում, և սրա դեմը հնարավոր է առնել միայն իշխանափոխությամբ։ Այնպես որ, պետք է մի կողմ դնել բոլոր խնդիրները և լծվել այդ գործին։ «Եռյակից» հենց դա է ակնկալվում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը