Լրահոս

19.09.2009 18:33


ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների կարծիքները

ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների կարծիքները

Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Բեկումնային հանգրվան» վերնագրով ելույթում հայտարարել էր, որ «թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից»։ Սեպտեմբերի 18-ի հանրահավաքում նա հայտարարել է, որ «Հայ ազգային կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող որոշ ուժերի, մշտապես հայտարարել է, որ կողմ է փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ որպես գլխավոր սկզբունք դիտելով վերջինիս հավասարա­կշռվա­ծու­թյունը»։ Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀԱԿ գրասենյակի պաշտոնական հայտարարությունը ներառում էր հետևյալ կետը. «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ»։

-Թշնամու հետ, քանի դեռ նա չի ընդունել Ցեղասպանությունը, ոչ մի հարաբերություն չպետք է ունենանք։ Ղարաբաղի և Թուրքիայի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի իր կարծիքը, ես ունեմ իմ կարծիքը, բայց, ընդհանուր առմամբ, մենք մնում ենք Կոնգրեսում։ Նպատակը ազգի վիճակը կարգավորելն է։ Որպես հայրենասեր հայ ազգի զավակ՝ ես ընդամենն իմ կարծիքն եմ հայտնում,- վերոնշյալ հարցերի շուրջ սեպտեմբերի 18-ին «Հայ ազգային կոնգրեսի» հանրահավաքին այսպես է արտահայտվել ՀԱԿ անդամներից մեկը, ով, ինչպես շատերը, չցանկացավ ներկայանալ։

Ներկաներից մեկը՝ բժշկուհի, նշել է, որ իր կարծիքով արձանագրություններում բարդություններ կան թե՛ ենթահանձնաժողովի, թե՛ Ղարաբաղի հետ կապված, և ինքը հույս չունի, որ սահմանը կբացվի.

-Չեմ կարող ասել, որ այն, ինչ ասում է ՀԱԿ-ը, 100%-ոց ճշմարտություն է։ Ո՛չ։ Ես էլ իմ կարծիքն ունեմ։ Այս հանրահավաքից էլ շատ մեծ ակնկալիքներ չունեմ,- ասել է նա։

Հանրահավաքի մեկ այլ մասնակից՝ ՀԱԿ անդամներից մեկը, նշել է, որ զիջումներին ինքը համաձայն չէ ո՛չ հայ-թուրքական հարաբերություններում, ո՛չ Ղարաբաղի հարցում, և «եթե Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես է ասում, ես նրա հետ համամիտ չեմ, իսկ այս հարաբերություններում ես ոչ մի դրական տեղաշարժ չեմ տեսնում»։

Հետաքրքիր տեսակետ է հայտնել Արամ Կարապետյանը (չշփոթել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ), ով ո՛չ կուսակցական էր, ո՛չ էլ ՀԱԿ անդամ, սակայն եկել էր ունկնդրելու և ծանոթանալու ընդդիմության տեսակետին։ Կարելի էր և «նախանձել» այն վստահությանը, որ նա ուներ.

-Ղազախը, Կիրովաբադը, Շահումյանը մենք արդեն տվել ենք։ Այն, ինչ այսօր վերցրել ենք, Ղարաբաղի կեսն է։ Հիմա այս կեսն էլ են ուզում։ Մենք չենք տա։ Զիջումները պետք է լինեն հավասարակշռված։ Հավասարակշռված փոխզիջումներ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց իմ ասածն է ասում, ուղղակի հիմա չի ասում։ Եթե ինքը գնա բանակցությունների, հաստատ նույն բանը կասի։

                                                                                                                                              r.am          

 

Այս խորագրի վերջին նյութերը