Մեկնաբանություն

01.11.2014 18:43


Որքա՞ն են իրենց չհասկացողի տեղ դնելու

Որքա՞ն են իրենց չհասկացողի տեղ դնելու

Պարզ է, որ իշխանությունն իրեն դրել է ռուս գրականության հայտնի ստեղծագործություններից մեկի՝ Ֆոնվիզինի «Տհասը» կատագերգության հերոսի՝ Միտրուֆանուշկայի տեղը: Ոչինչ չի ուզում հասկանալ, ոչինչ չի ուզում ըմբռնել: Միայն ուզում է ամուսնանալ (իմա՝ վերարտադրվել):

Իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ «եռյակի» սկսած համաժողովրդական շարժման նպատակը կամ ավելի ճիշտ՝ իրեն չհասկացողի տեղ է դրել:

Հայկական Միտրոֆանուշկան ամեն օր ասում ու կրկնում է նույնը, շարունակ նույն հարցերն է տալիս՝ իսկ որո՞նք են «եռյակի» պահանջները,, իսկ ո՞րտեղ է գրված, որ պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան, էդ ի՞նչ է, հո արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չե՞ն, իսկ այդ ո՞վ է բռնի ձեւով փայ մտնում տնտեսության մեջ, իսկ դուք գիտե՞ք, որ «եռյակի» ներսում տարաձայնություններ կան, այնտեղ հավաքվածների գաղափարները լրիվ տարբեր են…

Նման հարցադրումներով հայկական Միտրոֆանուշկան արդեն բոլորի զահլան տարել է:

Թեպետ հակառակ կողմից համբերատար կերպով նորից ու նորից են բացատրում, թե որոնք են «եռյակի» պահանջները եւ, որ արմատական փոփոխություններն անխուսափելի են, ավելին՝ արտահերթ ընտրություններից եւս խուսափել հնարավոր չէ, իսկ փայ մտնողներն էլ սաշիկներն ու երիտսաշիկներն են՝ միեւնույն է, հայկական Միտրոֆանուշկան դարձյալ տալիս է նույն հարցերը՝ չխորշելով նրանից, որ իրեն կարող են ընկալել ու ընդունել որպես կատարյալ տհասի:

Իշխանությունը չի խորշում անգամ ՀՀԿ-ի տատիին հանել մերկապարի բեմ ու ստիպել, որ նա ևս «պարի» «ձողի» վրա:

Եվ տարիքն առած այդ կինը «պարում» է հրապարակում՝ կեղծորեն գովելով Գագիկ Ծառուկյանին: Դե, իշխանությունը մարդկանց էլ է տհասի տեղ դրել. մտածել են՝ ա՛յ, թոշակառու «մերկապարուհու» գովքն առ Ծառուկյան բոլորը կընկալեն այնպես, ինչպես իրենք են ուզում, որ ընկալեն: Այսինքն՝ «էս ամեն ինչը սաղ խաղ ա, տեսեք, ՀՀԿ-ի տատին էլ ա գովում Գագիկ Ծառուկյանին, ուրեմն՝ վերջինս իշխանության հետ ա»:

Եվ այս ամենը լսում ենք իրենց լուրջ վերլուծաբաններ, քաղաքագետներ ու փորձագետներ համարող մարդկանցից, ՀՀԿ–ական առանձին դեմքերից:

Հասկանալի է, այն անձանցից, ովքեր շնչում ու արտաշնչում են Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Թե որքան կշարունակվի այս ամենը՝ դժվար է ասել:

Թեպետ, հույս կա, որ շատ երկար չի տեւի:

Քանզի արդեն հնչել է ԲՀԿ առաջնորդի հուսադրող խոսքը՝ «Մենք երկար ժամանակ չունենք սպասելու և հետդարձի ճանապարհ չկա»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը