Մեկնաբանություն

02.11.2014 17:42


Շաբաթվա թոփ գաղջաբույլը

Շաբաթվա թոփ գաղջաբույլը

1.2015-ի բյուջեի քննարկումները բացահայտեցին, որ նախագահական պալատը կարող է էլէներգիայի համար լրացուցիչ գումար ստանալ, իսկ ժողովուրդը՝ ոչ:

2.2015-ի բյուջեի քննարկումները նաև բացահայտեցին, որ երկրի արտաքին քաղաքականությունը տապալած ԱԳՆ-ի ավտոպարկը պետք է համալրվի եւս երկու թանկարժեք մեքենայով:

3.2015-ի բյուջեի քննարկումներից պարզ դարձավ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկ Դավիթ Սարգսյանի VIP երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ քավորը նախկին նախարարի տիկնոջը պարգեւատրել է 20 միլիոն դրամով (պետբյուջեի հաշվին, ավելի ճիշտ՝ սովորական երեխաներ լույս աշխարհ բերած սովորական մայրերի նպաստների հաշվին):

4.Վերջապես, հաջողվեց բռնել գող Զապ-ին: Մի ամբողջ էշելոն կա վերեւներում:
Գողերով լիքը էշելոնը չտեսան, ընդամենը մի Զապ տեսան…

5.Լրատվամիջոցները, իբրեւ «քաղաքական մեկնաբանություն», տարածեցին կոճակ սեղմող գեներալների՝ երեք բառից ու չորս հարցական նշանից բաղկացած բառաչանման խոսքը, եւ ես կրկին անգամ տագնապած ինքս ինձ հարցրի. «Մի՞թե սա պապուասների երկիր է»...

6.ՀՀԿ ԳՄ-ն հերթական գիշերային նիստը անցկացրեց, որտեղ քննարկեցին Օլանդ-Սարգսյան-Ալիեւ երկկողմ ու եռակողմ հանդիպման, ինչպես նաեւ Սարգսյանի՝ Հորդանան կատարած այցի արդյունքները: Թեմաներ, որոնց մասին Սերժ Սարգսյանը համառորեն շարունակում է խոսել կուսակցական վերնախավի շրջանակներում: Այսինքն, հերթական անգամ «ասուլիս» տվեց ոչ թե լրատվամիջոցների, այլ կուսգրասենյակում հավաքված կուսակցական վերնախավի անդամների համար: Հետաքրքիր է՝ ո՞ւմ առջեւ է նա հաշվետու՝ իրեն «ձայն տված» 800 հազարի՞, թե՞ տոկոս «խփած» մի խումբ կուսակիցների:

Ի դեպ, իրեն երկրի թիվ մեկ լրատվական ալիք համարող հեռուստաընկերությունը երկու օր շարունակ հորդանանյան այցն այնպես «լուսաբանեց», որ այդ երկրի թագավորը կադրերում գրեթե չերեւաց: Ցույց տվեցին միայն Հայաստանի «թագավորին», ինչից կարելի էր այն տպավորությունն ստանալ, որ հայաստանյան «նորին գերազանցությունը» նաեւ Հորդանանի թագավորն է:

7.«Կենտրոն» հեռուստաընկերության եթերից Բաղրամյան 26-ի «դիսիդենտը» աղեկտուր կոչով դիմեց «եռյակին»՝ վերջինիս հորդորելով որեւէ կերպ չխաթարել երկրի կայունությունն ու անվտանգությունը, թե չէ թշնամին կհարձակվի ու կբնաջնջի մեր պետությունը: Սա այն դեպքում, երբ Ալիեւը մի քանի անգամ հայտարարել է, որ հարձակվելն իմաստ չունի, քանի որ Սերժ Սարգսյանի վեցամյա եւ հետագա պաշտոնավարումը այնպես է թուլացրել ու թուլացնելու հայկական պետությունը, որ անիմաստ է ռազմական գործողություններ սկսելը:

8.Ընդդիմության դեմ անողոք պայքար մղելու, «եռյակի» ուղղությամբ վիրավորական արտահայտություններ նետելու համար «Վերջի բոլշեւիկը» Բաբուխանյանին պարգեւատրեց «Մովսես Խորենացի» մեդալով: Այս պարգեւատրման հանրային խիստ բացասական արձագանքը դեռ շարունակվում է, ինչպես նաեւ համացանցում շարունակում են տարածել մեդալակիր «վառվռուն կոմսոմոլի» գունեղ ծաղրանկարները: Ու չնայած այս ամենին՝ ընդդիմության «ընդդիմությունը» ներկայացնող անձինք հերթ են կանգնել Բաղրամյան 26-ի դիմաց՝ «Մովսես Խորենացի» մեդալ ստանալու ակնկալիքով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը