Մեկնաբանություն

02.11.2014 20:40


Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեյզ Կոմպաորեյի նամակը Սերժ Սարգսյանին

Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեյզ Կոմպաորեյի նամակը  Սերժ Սարգսյանին

Սիրելի՛ Սերժ,

Ձեզ եմ գրում հեռավոր Գանայից։ Ինչպես տեղյակ եք, հեղափոխության պատճառով ստիպված լքել եմ հայրենիքս ու ժամանակավոր բնակվում եմ Գանայում: Ես այժմ կորցրել եմ ամեն ինչ Բուրկինա Ֆասոյում, մինչդեռ կարող էի համառություն չցուցաբերել և պատվով հեռանալ: Ես ցանկանում էի սահմանադրական փոփոխություններ կատարել, երկարաձգել իմ իշխանությունը, սակայն արդյունքում ստացա բոլորովին այլ բան:

Հարգելի՛ Սերժ, ես գիտեմ, որ Դուք ևս փորձում եք սահմանադրական փոփոխությունների միջոցով պահել Ձեր իշխանությունը, բայց հավատացե՛ք ինձ՝ այդ քայլը ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի Հայաստանը:

Դուք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունեք: Անօրինական ճանապարհներով և վերարտադրության նպատակով Սահմանադրություն փոխելով հնարավոր չէ սահմանադրակարգի հաստատման օրակարգ ամրագրել: Այդ սահմանադրակարգի վերջն էլ շատ արագ կգա ու բավականին կոշտ ձևով։ Դա անթույլատրելի է, Սե՛րժ. դա է ապացուցում իմ անձնական փորձը:

Այսօր Կիևից մինչև Դամասկոս, Թունիսից մինչև Կահիրե մարտահրավեր է նետված մարդկանց այն տեսակին, ովքեր փորձում են իշխանություն պահել՝ առանց հանրային կամքը հաշվի առնելու: Դա ճիշտ ճանապարհ չէ: Ընտրած ճանապարհի հարցում ես և Դուք նույն կերպ ենք մտածում, սակայն դա սխալ ճանապարհ է: Ժամանակն է խնդիրներին այլ ձևով մոտենալ։ Դա ես ասում եմ իմ անձնական փորձից ելնելով:

Այսօր դժվար է օրենքից բարձր լինել, ու դա նաև մեր դժբախտությունն է:

Երեկվա սահմանադրական փոփոխությունները այսօր իմ գլխին փոթորիկ են դարձել: Այսօրվա Ձեր սահմանադրական փոփոխությունները վաղը Ձե՛ր գլխին փոթորիկ կբերեն, կդառնան «Bellum omnium contra omnes» կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն ինքներդ ձեզ հարց կտաք՝ մի՞թե հնարավոր չէր ժամանակին հեռանալ՝ առանց ողբերգություն բերելով երկրին:

Հավատացե՛ք ինձ՝ այսօր Դուք ունեք պատվով հեռանալու հնարավորություն։ Օգտագործե՛ք այդ հնարավորությունը. հետագայում ուշ կլինի: Նայե՛ք, թե ինչ է կատարվում, երբ կտրվում ես իրականությունից՝ Չաուշեսկու, Յանուկովիչ, և, վերջապես, ես՝ Բուրկինա Ֆասոյի նախկին ու արդեն փախած նախագահս...

Վստա՛հ հեռացե՛ք ժամանակին:

Այսքանը:

Փոխանցե՛ք, խնդրում եմ, հարգանքներիս հավաստիքը հայ ժողովրդին, ու թող գարնան արագիլի հպարտ ուղերձը կանգնեցնի Ձեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Խաղաղություն:

«7 օրի» փախած նախագահների նամակների բաժին

Այս խորագրի վերջին նյութերը