Լրահոս

27.11.2010 13:31


Եվրոպայում անցկացվել է միջազգային գիտաժողով, որը քննարկել է ԼՂ հարցը

Եվրոպայում անցկացվել է միջազգային գիտաժողով, որը քննարկել է ԼՂ հարցը

Հոլանդիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի  և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության նախաձեռնությամբ ու կազմակերպական ջանքերով Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված ազգերի ինքնորոշման իրավունքին: Շարժառիթը  Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Հաագայի դատարանի վերջերս ընդունած որոշումն էր առ այն,որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենքներին: Այս առումով դա Եվրոպայում  անցկացված առաջին միջազգային գիտաժողովն էր, որը քննարկում էր Լեռնային Ղարաբաղի հարցը:

Գիտաժողովին հրավիրված էր ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Սարգսյանը: Որպես հրավիրյալներ մասնակցում էին նաև միջազգային իրավունքի հոլանդացի մասնագետներ, գիտությունների դոկտորներ՝ Լեյդենի համալսարանի «Գրոթիուս» միջազգային իրավունքի հետազոտական կենտրոնի դասախոս Է. Բրաբանդերեն, Ամստերդամի Ազատ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի հետազոտությունների հետազոտող և հասարակական միջազգային իրավունքի և քաղաքականության «Հոլանդական խմբի» համանախագահ Ա.Մ. դե Հոոնը, Հոլանդիայի «Պակս Քրիստի» միջազգային կազմակերպությունից  հետազոտող գիտնական Լ. Վան Դեր Միրը։

Միջոցառմանը ներկա էին հոլանդացի ուսանողներ, քաղաքական գործիչներ և տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ մեծ թվով հայեր, ինչպես նաև ադրբեջանցիներ:

Պարոն Բրաբանդերենն իր զեկուցման մեջ մանրակրկիտ վեր է լուծել Հաագայի միջազգային դատարանի որոշումը: Մասնավորապես, նշելով, որ այն  պարտադիր բնույթ չի կրում, նա հայտարարել է, որ այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ,  շատ կարևոր նշանակություն ունի և միջազգային իրավունքի կիրառման նոր մոտեցում է առաջարկում:

Իր հերթին, Ա.Մ. Դե Հոոնը,  ով իբրև միջազգային դիտորդ ներկա է գտնվել ԼՂՀ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններին, նշել է, որ չափազանց տպավորված էր վերադարձել Լեռնային Ղարաբաղից։ Նա  երկու կարևոր հայտարարություն է արել.

1.ԼՂՀ 2010թ. մայիսյան խորհրդարանական ընտրություններն անց են կացվել միջազգային չափանիշներին համապատասխան և դիտորդների կողմից որևե լուրջ խախտում չի արձանագրվել: Համեմատության կարգով նա ասաց նաև, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ կարողանում են կազմակերպել այնպիսի մակարդակի օրինական ընտրություններ, որոնց մասին մի շարք ճանաչված անկախ պետություններ միայն երազել կարող են:

2.ԼՂՀ-ն իր փաստացի անկախության տարիներին ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները ժողովրդավարական պետություն ունենալու համար: Նրա խոսքերով՝ փաստորեն, լեռնային Ղարաբաղը, անկախ միջազգային ճանաչումից, ստեղծել է իր պետականությունը, որը գործում է անկախ և ժողովրդավար պետության չափանիշներով:

Պարոն Վան Դեր Միրը խոսել է Կոսովոյում «Պակս Քրիստի» կազմակերպության իրականացրած բազմաբնույթ նախաձեռնությունների մասին, ինչից, իհարկե, ենթադրվում էր, որ այս կազմակերությունը նույն նախաձեռնություններով կարող է հանդես գալ նաև ԼՂՀ-ում:

Զեկուցմամբ հանդես է եկել նաև Արմեն Սարգսյանը՝  հանգամանորեն ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր տեսակետը և այդ համատեքստում կարևորելով ինքնորոշման իրավունքի կիրառման առաջնայնությունը: Նա նշել է, որ տարածքային ամբողջականության այսօրվա միջազգային տեսակետը վերաբերում է մի երկրի կողմից մյուսի նկատմամբ կատարած ոտնձգություններին: Նույն երկրի տարածքում ինքնորոշվող ժողովրդի իրավունքը, բնականաբար, առավել գերակա է:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ արցախցի խորհրդարանականը կարևորել է ԼՂՀ-ը բանակցային կողմ դարձնելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է իրադարձությունների ճշմարտացի արտացոլումը բանակցությունների ընթացքում: -Տարածաշրջանում առկա  իրավիճակի ցանկացած փոփոխություն, ըստ նրա, կարող է խախտել այդ ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչն ի վերջո կհանգեցնի նոր հակամարտոթյունների:

Միջոցառմանը ներկա ադրբեջանցիները փորձել են մի շարք սադրիչ հարցերով լարել գիտաժողովի մթնոլորտը, սակայն Արցախի պատգամավորի հստակ պատասխանները  դա թույլ չեն տվել:

Այս խորագրի վերջին նյութերը