Մեկնաբանություն

04.11.2014 08:15


Արմեն Աշոտյանի «իշխանափոխության» բանաձևը

Արմեն Աշոտյանի «իշխանափոխության» բանաձևը

Իշխանության ներկայացուցիչները հիմա զբաղված են իշխանափոխության թեմայով բացատրական աշխատանքներ տանելու գործով:

Հերթով բացատրում են, թե ինչ բան է իշխանափոխությունը, եւ «ինչով են այն ուտում»:

Ըստ իշխանականների՝ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա միայն հերթական ընտրությունների կամ էլ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ուրիշ տարբերակը բացառված է:

Այսինքն, եթե կառավարման ճգնաժամն առկա է, եւ իշխանությունը ձախողվել է, բոլոր ոլորտներում համատարած բացասական ցուցանիշներ է արձանագրել, երկիրն ու ժողովուրդը հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում, ինչպես հիմա է, միեւնույն է, ըստ իշխանական գործիչների՝ պետք է սպասել հերթական ընտրություններին, որոնց ժամանակ էլ կլինի իշխանափոխությունը:

Ասենք՝ այս տարի մոտ 120 հազար մարդ հեռացավ երկրից, հաջորդ տարի էլ՝ նույնքան մարդ կլքի երկիրը, էլի մի 120 հազարը կհեռանան 2016-ին, այս ամենը հեչ բան է: Պետք է սպասել մինչեւ 2017-ը, որ ընտրությունների միջոցով փոխվի իշխանությունը:

Կարճ ասած՝ էլի մի քանի տարի պետք է հետեւենք, թե ինչ արագությամբ է երկրում հետընթաց կատարվում, եւ նոր միայն կգա իշխանափոխության ժամանակը:

Նույն հանդարտությամբ ու համբերատարությամբ պետք է մի քանի տարի էլ սպասենք՝ հետեւելով, թե ինչպես է վերջնականապես փլուզվում տնտեսությունը, աղքատության տոկոսը աճում՝ հասնելով 80–ի, դրանից հետո միայն կարող ենք իշխանափոխություն ակնկալել:

Ի դեպ, իշխանափոխության թեմայի շուրջ փիլիսոփայելու հարցում, ինչպես մնացած հարցերում, Արմեն Աշոտյանի կարծիքը «օրիգինալ» է:

«Իշխանափոխությունը ժողովրդավարական պետության ներսում պարբերաբար տեղի ունեցող գործընթաց է: Իշխանափոխություն չի նշանակում իշխանության փոփոխություն, այն նշանակում է ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորում, որը կարող է լինել ինչպես նախորդ քաղաքական ուժերի հաղթանակով, այնպես էլ նոր քաղաքական ուժերի ներգրավմամբ»,- հայտարարել է Աշոտյանը:

Այո՜, զգո՞ւմ եք մտքի հանճարեղությունը՝ «Իշխանափոխություն չի նշանակում իշխանության փոփոխություն, այն նշանակում է ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձեւավորում»:

Բայց թողնենք այս անկապ բառախաղը:

Նախ՝ հետաքրքիր է՝ ՀՀԿ փոխնախագահն իրո՞ք անկեղծորեն համոզված է, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է:

Երբ երկար տարիներ քաղաքական մենաշնորհը պատկանում է մի ուժի, այդ ի՞նչ ժողովրդավարական պետության մասին է նա խոսում:

Բայց, իհարկե, ուշագրավ է, եթե չասենք՝ զարմանալի ու զվարճալի է Աշոտյանի հայտարարության վերջին մասը: Ըստ Աշոտյանի՝ ընտրությունների միջոցով ձեւավորվում է նոր իշխանություն, որը կարող է լինել ինչպես նախորդ քաղաքական ուժերի հաղթանակով, այնպես էլ նոր քաղաքական ուժերի ներգրավմամբ:

Այսինքն, նոր քաղաքական ուժերը ոչ թե կարող են հաղթել, այլ միայն ներգրավվել: Իսկ հաղթանակը վերապահված է միայն նախորդ քաղաքական ուժերին: Այսինքն՝ ՀՀԿ-ին:

Սա՛ է ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու աշոտյանական բանաձեւը:

Ամեն դեպքում, մարդն անկեղծորեն բացահայտում է իր կուսակցության եւ նրա առաջնորդի մտադրություններն ու ցանկությունները: Այն է՝ իշխանափոխություն չի նշանակում իշխանության փոփոխություն, այլ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորում:

Հասկանալի է, չէ՞, որ «նոր իշխանության ձեւավորում» ասելով՝ նկատի ունի դարձյալ իրենց: Ուղղակի հինն ընտրություններից հետո դառնում է «նոր իշխանություն»:

Իսկ ոմանք շարունակում են պնդել, թե սահմանադրական «բարեփոխումները» անհրաժեշտ են։ Փորձում են բոլորիս հավատացնել, թե Սահմանադրությունը փոխելով՝ իշխանությունն իր վերարտադրության հարցը չի լուծում, եւ սատարում են այդ «բարեփոխումների» նախաձեռնության հեղինակին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը