Քաղաքական

21.09.2009 15:09


Մեկնաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Մեկնաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ազատագրված Արցախի Հակ գյուղում ներկա էր Սբ. Մինաս եկեղեցու վերաօծման արարողությանը, անդրադարձավ վերջին օրերին քաղաքական շրջանակների բուռն քննարկումներին արժանացած և հանրությանը հուզող մի քանի հարցերի. Արցախ, Թուրքիա-Հայաստան, «Ժառանգություն», Հավաքական պատասխանատվության հրամայականը:

Սա մե՛ր հայրենիքն է, առայժմ' «թշվառ, անտեր», բայց օրհնված քաջարի հայրենակիցներով, ում համար հայրենասիրությունը քարոզ կամ խորհրդարանական ժամ, հարցազրույց կամ պաշտոնական սենյակ չէ, այլ առօրյա հանձնառություն է, սեր, հարգանք ու նվիրում է հայրենյաց հողի, սերունդների եւ այն հավատամքի հանդեպ, որ մեր երկիրը դառնալու է միասնական, ամուր ու անպարտելի: Անհրաժեշտ է' եթե, իհարկե, մենք լուրջ ենք մեր գործունեության եւ առաքելության մեջ, Իսպանիայի մայրաքաղաք վերադարձնել պաշտոնապես ընդունված հայտնի առաջարկները, որովհետեւ դրանք որեւէ կապ չունեն մեր ինքնության, մեր անվտանգության, մեր ազգային շահերի հետ: Իսկ դա պետք է լինի միայն այն դեպքում, երբ այստեղ' սահմանից սահման, հայ մարդը, հայ ընտանիքը կանգնած են աներեր, բարօր կյանք են ապրում, պաշտպանված են, ունեն աշխատանք եւ ենթակառուցվածքներ: Եվ մեր վերջին ամոթը կլինի, եթե մեր սերունդը չկարողանա ապահովել ազատագրված մեր հայրենի այս չքնաղ եզերքի կենսագործունեությունը:

Ազգային ժողովն առաջիկայում քննելու է Թուրքիա-Հայաստան նախաստորագրված արձանագրությունները: Խորհրդարան, որի քաղաքական եւ իրավական լեգիտիմությունը խիստ թեական է, եւ դրա համար կան բավականաչափ ապացույցներ: Մարտի 1-ի հետքերով «քաղաքական բանտարկյալ» սահմանումը շրջանառության մեջ մտավ հենց խորհրդարանի մեղսակցությամբ: ՀՀ ԱԺ-ն անգամ օրակարգ չմտցրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախագիծը' նրա սահմանադրական սահմաններով: Հիմա ինքն այս կարգավիճակով պետք է քննի մեր իրավատիրության ու արժանապատվության, մեր ժառանգության ու ապագայի ամենակարեւոր հարցը: Այն նախապայմանները, որոնց Հայաստանը դիմակայել է եւ որոնք մերժել է 18 տարի շարունակ, այսօր արդեն մտել են այդ արձանագրության մեջ: Ես պատիվ եմ ունեցել ներկայացնել Հայաստանը 1992թ. հունվարի վերջին օրը' Պրահայում, երբ որ մենք մտնում էինք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողով: Այն ժամանակ Թուրքիայի մեր գործընկերներն անդամակցության վետոյի սպառնալիք էին դրել բոլոր անդամ պետությունների առջեւ' պահանջելով Ղարսի պայմանագրի հաստատում, պատմական պահանջներից հրաժարում ու նաեւ ահաբեկչության դատապարտում: Հայաստանն այն ժամանակ արժանվույնս պատասխանեց թուրքական սպառնալիքին եւ ասաց, որ եթե Թուրքիան ուզում է քեմալաբոլշեւիկյան պայմանագրի հաստատման շուրջ պատմական քննարկում անցկացնել միջազգային այդ ասպարեզում, Հայաստանը պատրաստ է իսկույն եւեթ 1921 հասնել եւ 1915, որովհետեւ չի կարելի հաստատել կամ վերահաստատել ապօրինի մի փաստաթուղթ' անտեսելով մեր Հայրենազրկման ու Ցեղասպանության ողջ ժառանգությունը' բոլոր հարակից հարցերով հանդերձ, որոնք տակավին մնում են չլուծված: Թուրքիան վետոյի սպառնալիքը ետ քաշեց:

Մենք բացում ենք խնդրո առարկա արձանագրությունները եւ տեսնում ենք, որ Հայոց հանրապետությունը «դե յուրե» ճանաչում է այն սահմանը, որը «դե ֆակտո» գոյություն ունի այս երկու երկրների միջեւ: Մեր «դե յուրե» սահմանները գծվել են 1920թ. նոյեմբերին Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, որը միջազգային հանրության հրավերի համապատասխան արձակվել է ամերիկյան նախագահի կնիքի ներքո: Ներկա փաստաթուղթը մեր իսկ ձեռամբ վավերացնում է մեր Հայրենազրկումը, ի չիք է դարձնում ազգային օջախ ունենալու, հայրենիք վերադառնալու մեր իրավունքն անգամ: Էլ չենք խոսում այն դրույթի մասին, համաձայն որի' պատմական հարցերը պետք է լուծվեն ենթահանձնաժողովով, որտեղ իհարկե Ցեղասպանություն եզրը չկա: Սակայնեւայնպես, հավատացած եղեք, որ սա արգելակելու է Հայրենասպանությունը ճանաչելու ու հատուցելու' ողջ աշխարհի ջանքերը:

Թուրքերը 1993-ին միակողմանիորեն Հայաստանը ենթարկեցին ապօրինի շրջափակման: Եվ հիմա այն հանելու դիմաց տեսեք, թե ինչի են ուզում հասնել. բոլոր նախապայմանները, որ 18 տարի առաջ պնդում էին, առկա են սույն արձանագրության մեջ, նույնիսկ' ահաբեկչության դատապարտումը: Իսկ ո՞ւր է Ցեղասպանության թեկուզ ընդհանրական դատապարտումը: Այդ մասին ոչ մի բառ: Ուստի անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն իր ամբողջության մեջ տեր կանգնի մեր իրավունքին, որովհետեւ այսօր Թուրքիա-Հայաստան արձանագրությունները բացասական լույսով աղերսվում են նաեւ ա՛յս հողին, ազատագրված ա՛յս օրրանին, Արցախ աշխարհի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը: Այո, այնտեղ գրված չէ Արցախ անվանումը, բայց երկու օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը, ով ճարտարապետն է այս գործընթացի, միացավ իր վարչապետին' ասելով, որ չի լինելու որեւէ սահմանի բացում, քանի դեռ «բռնազավթված տարածքները» չեն վերադարձվել Ադրբեջանին: Նրանք են մեր հայրենիքը բռնազավթել, իսկ ահավասիկ նրանք են հիմա փաստորեն հավելել ու կապակցել ղարաբաղյան նախապայմանը:

Անհրաժեշտ է, որ զարթնենք մեզ պարտադրված այս թմբիրից եւ միահամուռ կերպով' չխնայելով ոչ մի ջանք, փորձենք Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կերտել առանց նախապայմանների: Սոսկ նախապայմաններից զերծ հարաբերություններով, նոտաների փոխանակմամբ եւ միջազգային իրավունքի ընդհանրական սկզբունքների հղմամբ մենք կկարողանանք սկիզբ դնել այն հարաբերություններին, որոնք ժամանակի ընթացքում լուծում կտան թե՛ Հայաստանի սահմանային հարցերին, թե՛ հայրենիք վերադառնալու, մեր պատմական ու մշակութային ժառանգությունը վերականգնելու իրավունքներին եւ թե՛ ընդհանրապես Մեծ եղեռնի ու Հայրենազրկման ողբերգության հետեւանքները վերասրբագրելուն:

Այժմ' «Ժառանգության» մասին: Ես համամիտ եմ այն տեսակետին, որ «Ժառանգությունը»' որպես հասարակական-քաղաքական արժեք, կայացել է, որովհետեւ նա ցույց տվեց հայ ժողովրդին, որ քաղաքացիական իրավունքը, ազգային շահը եւ պետության ապահովությունն իրար խաչաձեւող, իրար հակասող դրույթներ չեն, այլ կարելի է դրանց միաձուլմամբ հասնել Հայաստանի ազգային նպատակի իրագործմանը, ժողովրդավարական, ազատ, առաջատար, արդար երկիր կերտելու հրամայականին: Եվ այն ուշադրությունը, որին վերջին շրջանում արժանացել է «Ժառանգությունը», փաստում է, որ ինքը մեր քաղաքական դաշտում առանցքային ուժերից մեկն է: Ասել եմ եւ կրկնում եմ' «Ժառանգությունը» մի հոգու կուսակցություն չէ, ինչով եւ տարբերվում է շատ ու շատ կուսակցություններից: Հետեւաբար, այստեղ պատասխանատվությունը ոչ միայն իմն է: Իհարկե, որպես կուսակցության հիմնադիր, ես նույնպես ունեմ մեղքի իմ բաժինը, բայց այսօր հավաքական պատասխանատվության կամ, ավելի շուտ' ինչպես ես եմ տեսնում, հավաքական անպատասխանատվության խնդիր է դրված: Ինձ համար անընդունելի է ստեղծված այն իրավիճակը, որ մարդիկ, ովքեր պայքարել են հանուն հայրենակիցների քաղաքացիական իրավունքների, Արցախի ճանաչման, Ցեղասպանության եւ Հայրենասպանության միջազգային ճանաչման, այսօր հանդես են գալիս հայկական քաղաքական միջավայրին վաղուց ընտել կամ մանր անձնական շահախնդրություններին բնորոշ  ամենատարբեր մեկնություններով: Ես կարծում եմ, որ «Ժառանգությունը»' որպես առաջատար ուժերից մեկը, կգտնի այս իրավիճակը հարթելու ձեւը: Բայց եթե մինչեւ այս ամսվա վերջը դա չանի, ես ինքս կլուծեմ խնդիրը, որովհետեւ այդ արժեքը, որի անունը «Ժառանգություն» է, ոչ միայն մերան է, ոչ միայն ազատ քաղաքացիների ամբիոն է, այլեւ ձգողականության այն կենտրոնն է, որտեղ մենք պատրաստ ենք ընդգրկել ամենալայն զանգվածներին, ում համար թանկ են Հայաստանի եւ հայ մարդու իրավունքները, ներկա եւ գալիք սերունդների արժանապատիվ կյանքը:

Քանի որ խոսք եղավ հավաքական պատասխանատվության մասին, սա պետք է հավատո հանգանակ լինի քաղաքական ամբողջ դաշտի համար' հաղթահարելու վճռորոշ այն մարտահրավերները, որոնց առջեւ մենք բոլորս կանգնած ենք: Թող ոչ մեկը' ո՛չ մեր ընդդիմադիր գործընկերներից եւ ո՛չ էլ իշխանական կուսակցություններից չմտածի, որ ինքն անսխալական է, ինքը մենատեր է, ինքը միակ այլընտրանքն է: Յուրաքանչյուրս միայն իր նորագույն անցյալին պետք է նայի' տեսնելու համար, թե ինչպես առանձին վերցրած ամեն ոք կարող է տապալվել կամ ձախողվել: Իսկ այժմ, երբ հայ ժողովրդի, հայրենի պետականության եւ հայոց ինքնիշխանության խնդիրն է դրված զոհասեղանին, ոչ ոք իրավունք չունի մեծամտություն, ինքնահավանություն դրսեւորելու: Պետք է հասկանալ, որ այս անգամ եթե հաջողելու ենք, եթե տեր ենք դառնալու մեր ապագային, մեր հայրենիքին եւ քաղաքացուն, ապա դա անելու ենք միասին: Եվ այդ միասնությունն է, որ մենք այսօր այստեղ տեսնում ենք' այս գեղեցիկ տոնի առթիվ, որտեղ հայ մարդը' ի հեճուկս մեր դառը պատմության, ապրում է ազատագրված իր երկրում: Անգին է եւ սուրբ է այս բնօրրանը: Կուսակցական գզվռտոցները, կեղտարձակումները, տարբեր անկյուններից հնչող երեսպաշտ հայտարարությունները ոչնչություն են այս մարդկանց եւ հերոս հայորդիների արյամբ սրբազնացած այս հողին համեմատ: Մենք պարտավոր ենք միացյալ տեսնել հողը հայկական:

Քաշաթաղ, Արցախ

17 սեպտեմբերի 2009թ.

Այս խորագրի վերջին նյութերը