Լրահոս

21.09.2009 18:30


ՀՅԴ անդամ. «Եթե սա չանցավ, մենք պարտավոր ենք պահանջել նախագահի հրաժարականը»

ՀՅԴ անդամ. «Եթե սա չանցավ, մենք պարտավոր ենք պահանջել նախագահի հրաժարականը»

Այսօր լրանում է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՅ Դաշնակցության կազմակերպած հացադուլի և նստացույցի յոթերորդ օրը։ «7օր»-ին հետաքրքրում էր, թե ի՞նչ են մտածում ՀՅ Դաշնակցության շարքային կուսակիցներն անցկացվող ակցիայի և դրա արդյունավետության մասին։

Հացադուլի մասնակից ՀՅԴ անդամ Մանուկյան Գառնիկը մասնավորապես նշել է, թե չի ուզում մտածել, որ «ղեկավարության մեջ «ոչ հայեր» ունենք»։ Նրա կարծիքով իշխանություններն, ի վերջո, կհասկանան և կշտկեն տարվող քաղաքականությունը.

-Մենք ուզում ենք, որ քաղաքականությունը շտկվի, սակայն խնդիրը գնի արժեքն է։ Եթե սա չանցավ, մենք պարտավոր ենք պահանջել նախագահի հրաժարականը, այսինքն՝ ամբողջ քաղաքական կուրսի։ Մենք քիչ ենք. ժողովրդի ոգին և գիտակցությունը պետք է բարձրանա։ Քնած է մեր ժողովուրդը։ Այսօր ժողովրդի առջև այնքան խնդիրներ կան դրված, որ նրանք օրվա խնդիր են լուծում։ Պետք է զգոնությունը բարձրացնենք, եթե ստացվեց, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Վերջիվերջո, մենք անկախ պետություն ենք, մենք դրոշ ունենք, զինանշան ունենք։ Սա ձեռքբերում է մեզ համար, և ցանկացած հայ եթե դա չի գիտակցում, ուրեմն ինքը հայ չի։

Նստացույցի մասնակից ՀՅԴ անդամ Հայկ Ասատրյանը հուսով է, որ ամեն ինչ հաջողությամբ կպսակվի, և երկրի իշխանությունը կհասկանա ու կփոխի իր քաղաքականությունը.

-Եթե մենք չհասնենք մեր նպատակին, պայքարը կշարունակվի։ Հեղափոխության չենք գնալու այն դասական ձևով, ինչպես հասկանում են այլ ընդդիմադիրներ։ Եթե անգամ Թուրքիայի հետ պատերազմի խնդիր լինի, բոլորս էլ պատրաստ ենք գնալու, սակայն մենք չենք պատրաստվում քաղաքացիական պատերազմ սկսել։ Քաղաքակիրթ ձևով ամեն ջանք գործադրելու ենք, որ ժողովուրդը միանա մեզ։

Փոփոխությունների անհնարինության մասին չի ուզում մտածել նաև հացադուլի մասնակից ՀՅԴ անդամ Մկրտչյան Նշանը։ Նրա կարծիքով էլ նախագահն, ի վերջո, կհասկանա, որ իր քաղաքականությունը հիմնված է սխալ հաշվարկների վրա։ Նրա կարծիքով դրան կնպաստի նաև ՀՅԴ կազմակերպած ստորագրահավաքը, որը ներկայացվելու է արտգործնախարարին, և որի միջոցով իշխանությունները կտեսնեն, թե քանի մարդ է միացել այդ պահանջին։ Դաշնակցությունը միջոցառումների կդիմի, սակայն կա մի սահման, որից այն կողմ չի անցնի.

-Եթե մեր պայքարը տանի նրան, որ Հայաստանում ստեղծվի անկայուն վիճակ, և երկրի ֆունդամենտին կպնենք, այդ քայլերին չենք դիմի, որ օտար ուժերը չօգտվեն դրանից։ Սա մեր ազգին և պետականությանը ոչ մի լավ բան չի բերի։

ՀՅԴ անդամ, հացադուլի մասնակից Խորենյան Արտյուշը համոզված է, որ եթե այս պայքարը արդյունք չտա, կուսակցությունը կորոշի իր հետագա մարտավարությունը։ Այնուամենայնիվ, նա համոզված է, որ միջոցները դեռ սպառված չեն։

-Դաշնակցության մեջ, ի տարբերություն այլ քաղաքական կազմակերպությունների, որոշումներն ընդունվում են շարքերի հետ միասնաբար ու խորհրդակցաբար, հետևաբար Դաշնակցության այսօրվա դիրքորոշումը համահայկական ողջ կառույցի որոշումն է, այլ ոչ թե ղեկավարների։ Դաշնակցության կողմից պաշտոնական հայտարարություններ անում են Դաշնակցության ղեկավարները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Դաշնակցությունն իր քայլերը կկոշտացնի, եթե արդյունքի չհասնի։ Այն, որ Դաշնակցությունն այս հարցում լինելու է հետևողական և արդյունքի հասնելու համար պայքարելու է մինչև վերջ, բոլորի համար պետք է ակներև լինի,- «7օր»-ին ասել է ՀՅԴ անդամ, Վահան Հովհաննիսյանի օգնական Իշխան Սաղաթելյանը։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը