Լրահոս

23.09.2009 10:06


Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ–ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը' Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավարի պաշտոնակատար Գունար Վիգանդի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը կարեւորել է եվրոպական գործընկերների հետ շփումները եւ այդ համատեքստում այսօր Երեւանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 10-րդ նիստի անցկացումը։
Կողմերը կարեւորել են ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը։ Նշվել է, որ տարեսկզբին Եվրոպական հանձնաժողովն իրականացրել է անկախ փորձագիտական հետազոտություն, որի եզրակացություններում նպատակահարմար է գտնվում Հայաստանին ներկայացնել համապարփակ և խորացված ազատ առևտրի համաձայնագրի կնքման առաջարկություն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, ՀՀ կառավարությունը հաստատակամ է եւ շահագրգիռ' արդյունավետորեն համագործակցել Եվրոպական հանձնաժողովի հետ' առեւտրի ոլորտին առնչվող օրենքների եւ հարկային ու մաքսային վարչարարության համակարգված աշխատանքների լավագույնս իրականացման համար, որոնք համահունչ են կառավարության կողմից նախատեսվող բարեփոխումների տրամաբանությանը։

Երկուստեք կարեւորվել է մի շարք ուղղություններով համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պետական կառավարման ոլորտում բարեփոխումների խորացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, մեր երկրին տրամադրվելիք օժանդակությանը, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խնդիրներին։

Այս խորագրի վերջին նյութերը