Խմբագրական

28.11.2010 23:37


Մենք ու մեր բանակը. խրամատից այս կողմ

Մենք ու մեր բանակը. խրամատից այս կողմ

Հայկական բանակից ստացվող լուրերն արդեն վախենալով եմ սկսում կարդալ. «սև» թղթի պես բան են դարձել։ Երբ էլեկտրոնային փոստով «ՀՀ կամ ԼՂՀ ՊՆ լրատվականը տեղեկացնում է» նախադասությամբ մամլո հաղորդագրություն ենք ստանում, ամենաառաջին բանը, որ մտքովս անցնում է «տեսնես է՛ս անգամ ի՞նչ «չէպէ» է եղել»-ն է։

Ինքնասպանվում, սպանվում կամ «ինքնասպանվում» են մեր զինվորներն ու սպայական կազմը ներկայացնող մարդիկ։ Նրանք զոհվում են ոչ թե պատերազմական գործողությունների ժամանակ, այլ  հարաբերական խաղաղության պայմաններում։ Իրար վրա են կրակում նվաստացողն ու նվաստացնողը, խոշտանգողն ու խոշտանգվողը։ Իսկ դա ցույց է տալիս, որ, առանց չափազանցության, վերջին մի քանի դարերի ընթացքում մեր ունեցած ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Արցախյան պատերազմի հաղթանակը մսխում ենք։ Մսխում ենք, քանի որ չենք կարողանում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» այս փխրուն շրջանն օգտագործել՝ ժողովրդավարական երկիր ու մրցունակ տնտեսություն կառուցելու համար, որպեսզի  պատերազմ չլինի, և մեր զինվորն ու հրամանատարը չզոհվեն ո՛չ ռազմական գործողությունների, ո՛չ էլ առավել ևս խաղաղ պայմաններում։

«Տաքացման» միտում ունեցող «սառը» պատերազմի մեջ գտնվող մեր պետության ներսում դժվար է գրել բանակում տիրող բացասական երևույթների մասին։ Մի կողմից չես ուզում հակառակորդին ոգևորել, բայց մյուս կողմից էլ ինքդ քեզ ես խաբում, երբ չես անդրադառնում բանակային թեմային։ Ամեն դեպքում, ինձ համար հոգեբանորեն շատ ծանր է հայկական զինված ուժերի մասին բացասական երանգներով հոդված գրելը։ Բայց հիմա բանակը ստիպում է, որ իր մասին գրենք։ Ավելին, բանակը զոհերի բերանով ճչում է, SOS է ուղարկում բոլորիս, որ կարող ենք երկիր կորցնել և արդեն բանակին չանդրադառնա՛լն է դառնում դասալքության պես մի բան։

Այս խայտառակ վիճակը, որն առկա է բանակում, ՀՀ-ում տիրող հասարակական ու քաղաքական հարաբերությունների հայելային արտացոլանքն է, և զոհեր ունենում ենք ոչ միայն ուժային գերատեսչությունում։ Ասել է թե՝ ՀՀ-ում գործող համակարգը քայքայում է բոլոր ոլորտները, գողանում ամենքիցս, կրակում  մարդկանց վրա։ Սա ինքնաոչնչացնող համակարգ է, և այս պայմաններում զոհերը «բնական» երևույթ կարելի է համարել։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած պետական ապարատն այնպիսի փիլիսոփայությամբ է կառավարվում, որ զոհերն ու «չէպէ»-ներն անխուսափելի են, ընդ որում՝ բոլոր ոլորտներում։

Նախ չմոռանանք, որ Սարգսյանը նախագահ է դարձել բացառապես մարտի 1-ի շնորհիվ. ունեցանք 10 զոհ, բազում վիրավորներ և հոգեբանորեն ջարդված մի ողջ հասարակություն։

Բացի այդ՝ մենք ամեն օր «սպանվածներ» ենք ունենում տնտեսության մեջ, և այդ ամենն արձանագրվում է ՀՆԱ անկման, գների ու գործազրկության աճի, փակվող ձեռնարկությունների ու կրպակների, չվճարվող աշխատավարձերի, կապիտալի արտահոսքի, տարածաշրջանային հետնապահ դառնալու, մարդկանց արտագաղթի և նման այլ բաների տեսքով։

Մենք «զոհեր» ենք տալիս արտաքին քաղաքական ոլորտում. «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով հայ-թուրքական հարաբերություններն է՛լ ավելի վատացան, իսկ Թուրքիան, օգտվելով Ս. Սարգսյանի կոպիտ սխալից, որպես ակտիվ լոբբիստ հաջողացրեց խցկվել Արցախի հարցի մեջ ու լկտիացած կոչ է անում ՀՀ նախագահին կանգ չառնել և շարունակել սկսած գործը, այն է՝ Արցախի հարցում ևս դառնալ «նախաձեռնողական»։

Մենք ամեն Աստծո օր «զոհեր» ենք տալիս մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով. երկրում կան քաղբանտարկյալներ, հալածյալներ։ Շարքային քաղաքացուն պետական մեքենան ճզմում է ամեն առիթով։

Իշխանությունները պատրաստվում են շատ ավելի խոշորամասշտաբ հակապետական քայլի, երբ կրթական ոլորտն են ուզում «բարեշրջել»՝ օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացելու նախաձեռնություն ցուցաբերելով. մշակութային ցեղասպանության հոտ է գալիս, իսկ դրանից հետո կլինի ազգի՝ որպես ինքնատիպ սոցիոմշակութային միավորի գոյության վտանգումը։

Ցանկացած ոլորտ էլ եթե դիտարկենք, ապա  նմանատիպ պատկեր կստանանք։ Այնպես որ միայն բանակում չէ որ վիճակն օրհասական է։ Պատից կախված զենքն ամեն տեղ յուրովի է կրակում, պարզապես բանակի առանձնահատկություններից ելնելով՝ այնտեղ ավելի խտացված գույներով են արտահայտվում խնդիրները և ողբերգական դեպքերն անմիջապես են նկատվում։ Հետևաբար՝ բանակի վրա հարձակվելով վիճակը չես շտկի։ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի կամ Մովսես Հակոբյանի հրաժարականը պահանջելով հիվանդությունը չես բուժի։ Անշու՛շտ, նշված անձինք և հրամանատարական կազմի մյուս դեմքերն անմիջական պատասխանատվություն են կրում բանակում արձանագրվող դեպքերի համար, բայց նրանք հիմնական պատասխանատուները չեն։ Վերը նշված անձանց հրաժարականը պահանջելը նույնն է, թե օտարալեզու դպրոցներ բացելու համար մեղադրես Արմեն Աշոտյանին, տնտեսական անկման գլխավոր պատասխանատու համարես Ներսես Երիցյանին, իսկ արտաքին քաղաքական ձախողումների համար պահանջես Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

Պետք է հստակ արձանագրել, որ բանակում և մյուս ոլորտներում տիրող իրավիճակը մեզանում ձևավորված արատավոր համակարգի հետևանք է։ Ուստի՝ հարկավոր է նախապես ծրագրային այլընտրանք ունենալով փոխել համակա՛րգը՝ բնականաբար  սկզբում  ձերբազատվելով այդ համակարգի գլուխ կանգնածներից։ Այլապես սրա կամ նրա հրաժարականը պահանջելով՝ ակամայից կշեղվենք բուն խնդրից։ Համակարգը կրակում է մեզ վրա, ուրեմն պետք է ոչնչացնել համակարգը. այլ տարբերակ չեմ տեսնում։

Անհրաժեշտ է ցուլին կոտոշներից բռնել։  ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, հետևաբար՝ նա՛ է ողբերգական դեպքերի թիվ մեկ պատասխանատուն։

Երկրում այնպիսի խաղի կանոններ են գործում, որ խնդիրներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, քանի որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է գնալ ցանկացած քայլի։ Նրա համար չկան բանակ, տնտեսություն, ցեղասպանության հարց, մարդկային արժանապատվություն և այլն։ Կա միայն  իշխանությունը պահելու խնդիր, և այդ իշխանությունն օգտագործելու միջոցով նյութականին տրվելու անհագուրտ ցանկություն։ Փո՛ղն է այս իշխանության դավանած միակ գաղափարախոսությունն ու կուռքը, տերն ու ծառան։

Դատելով ՀՀԿ «ճկուն» ղեկավարի քայլերից՝ նա յուրաքանչյուրի մեջ թշնամի է տեսնում։ Կուսակիցները, պաշտոնյաները, կոալիցիոն գործընկերները և հանրությունը խորթ են նրան։ Սարգսյանը շատ լավ գիտի, որ ընդունված չէ ժողովրդի մեծամասնության կողմից, ուստի որևէ կերպ իրեն պարտավորված չի զգում և ենթագիտակցական մակարդակով վրեժ է լուծում իր մերժվածության համար։ Նրա յուրայինները միայն իր նեղ ընտանեկան, բարեկամական շրջապատը և կատարածու գործիքներն են։ Վե՛րջ։ Մնացածին նա ձգտում է բաժանել, որպեսզի տիրի։ Այսինքն՝ վարվում է օտար նվաճողի պես։

 «Բաժանի՛ր, որ տիրես»,- որոշել է Սարգսյանը, և արդյունքները երկար սպասեցնել չեն տվել. իշխանության բոլոր օղակներն իրար բզկտում են։  Կառավարությունն ու ԱԺ-ն առերևույթ նույն թիմն են ներկայացնում, բայց հնարավոր բոլոր մեթոդներով իրար դեմ են պատերազմում։ Գործադիր իշխանությունը հյուծված մարմին է հիշեցնում։ Իշխանական գործարար պատգամավորներին ստիպում են իրենց ֆրակցիոն թիմակիցների բիզնես շահերի դեմ ներկայացված օրենքներին կողմ քվեարկել, որից հետո  կառավարությունը մեկ այլ օրինագիծ է  ներկայացնում ԱԺ, որով արդեն ոտնահարվում են նախկին ոտնահարողների շահերը և այդպես շարունակ։ ԱԱԾ-ն հանված է ոստիկանության դեմ և հակառակը։ Բիզնեսի տարբեր շերտերն իրար հետ թշնամացել են, քանի որ այսօրվա խաղի կանոններով՝ մեկի լավ լինելը կախված է մյուսի վատ լինելուց։ Տնտեսվարող սուբյեկտները և հարկահավաքները դարձել են Ս. Սարգսյանի «մեծ բյուջե» ունենալու գաղափարի գերին և ստիպված միմյանց կոկորդ են կրծում։ Վերահսկիչ պալատը դարձել է «յուրայինների» միջոցները հաշվելու և կլանի ներսում պտտվող «սև» փողերի հոսքերը գերկենտրոնացնելու գործիք, այլ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարելու մարմին, ինչպես որ դեմագոգիկ ձևով ցանկանում են հանրությանը ներկայացնել։ ՀՀԿ-ականները տարբեր թևերի են բաժանված՝ «Ո՞վ պետք է գլխավորի համամասնական ցուցակը կամ ո՞վ պետք է հայտնվի անցողիկ տեղերում» թեմաներով։ Կոալիցիան միայն իներցիայով է պահում միասնությունը։ Նախագահի աշխատակազմում միմյանց վրա «գործ» տալը խաղի կանոն է։ Նույնիսկ իշխանական խունվեյբիններն են բաժանված «բազեների» ու «միասինների»։ ԼՂՀ-ում էլ նույն վիճակն է. վարչապետն ընդդեմ նախագահի է հանված, ու թաքուն խրախուսվում է ներքին գզվռտոցը։

Այս ամենը ցույց է տալիս, որ Սարգսյանն իր իշխանությունը պահելու այլ տարբերակ չի գտել, քան բոլորին բոլորի դեմ լարելը։ Բնականաբար խոսքն ամենևին էլ ժողովրդավարական հասարակություններին հարիր զսպումների ու հակակշիռների մասին չէ։ Եթե Սարգսյանը ստեղծեր պետական կառավարման մարմինների ինստիտուցիոնալ և սահմանադրության շրջանակներում գործող հակակշռման մեխանիզմներ, ապա պետք էր միայն ողջունել։ Այնինչ պետական համակարգի մասերը գործում են ոչ թե իրենց վրա օրենքով դրված լիազորությունների ու ֆունկցիաների շրջանակներում, այլ զուտ բուրգի գագաթի անձնական շահերին ծառայելու և կլանաօլիգարխիկ հարաբերություններում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակներով։  Այսինքն՝ բուն գործով զբաղվելու փոխարեն՝ պետական չինովնիկները (վերից վար) զբաղված են միմյանց դեմ բանսարկությամբ։ Խարդավանքն ու իրար տակ փորելը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Դե հիմա պատկերացրեք, թե ինչերի կարող է հանգեցնել «բաժանիր, որ տիրես» սկզբունքի կիրառումը բանակում։

 Գաղտնիք չէ, որ բանակն ինքնին ավտորիտար կառույց է, և այնտեղ պետք է գործի «հրաման-կատարում» միահեծան մեխանիզմը։ Այլ տարբերակ մարդկությունը դեռ չի հնարել։ Բայց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք  բանակը կառավարման հստակ ուղղահայաց չունի. մամուլը հեղեղված է պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հակասությունների մասին պատմող նյութերով։ Այսինքն՝ մեր բանակն այժմ  միասնական և կուռ կառույց չէ, և հրամկազմում առկա է գերիշխանություն հաստատելու գզվռտոց, ինչն առնվազն չի կանխվում ՀՀ նախագահի մակարդակով։ Պարզ է, չէ՞, որ եթե նախագահը ցանկանար, ապա բանակի ուղղահայացը և առաջին դեմքի ով լինելու հարցը միանգամից կհաներ օրակարգից, այնինչ դա չի արվում։ Պատճառն ակնհայտ է. նախագահականում շահագրգռված են բանակում միահեծան կառավարում չլինելու հարցում, որպեսզի տիրապետեն այնտեղ տիրող մթնոլորտին ու նաև իշխանափոխության վտանգ չզգան զինված ուժերից, երբ անհրաժեշտ լինի Արցախի գնով իշխանություն պահել։ Ասել է թե՝ բանակը վերահսկողության տակ պահելու այլ տարբերակ չեն գտել, քան դրա գործունեությունը որպես մոնոլիտ կառույց թույլ չտալը։ Իսկ այդ պայմաններում բանակը դանդաղ փլուզվում է, ինչի ականատեսն ենք մենք։ Մեր ունեցած զոհերն այդ փլատակների տակ մնացածներն են։

Սարգսյանը լավ գիտի, որ եթե, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ստիպված լինի Արցախի հարցում գնալ միակողմանի զիջումների, ապա դրա դեմ նախ և առաջ բանակն է դուրս գալու (դա մեկ անգամ արդեն եղել է)։ Այդ իսկ պատճառով «էն գլխից» վարկաբեկում է բանակն ու դրա հրամկազմին կամ էլ արդեն վարկաբեկվածների է ներգրավում բանակի ղեկավար օղակներ, որպեսզի կանխի հնարավոր զարգացումները։ Պարզ է, որ մեր զինվորների ու սպաների կյանքը խաղաղ պայմաններում  պահպանել չկարողացողները պետք եղած ժամանակ չեն կարողանա  ժողովրդից աջակցություն ստանալ, իրենց վրա պատասխանատվություն վերցնել և Վազգեն Սարգսյան կամ Սամվել Բաբայան դառնալ՝ կանխելով ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգը։ Այսինքն՝ զինված ուժերի վերին օղակները և՛ ՀՀ-ում, և՛ ԼՂՀ-ում միտումնավոր պառակտում են, որպեսզի հեշտ կառավարեն և զրոյացնեն բանակի  կամ դրա ղեկավարության դերը ներքաղաքական կյանքում։ Իսկ թուլացնելով ու  հեղինակազրկելով զինված ուժերը՝ իշխանություններն ակամայից պատճառ են դառնում մարդկային կյանքերի կորստի ու հասարակության մեջ մեր հաղթանակի նկատմամբ ատելության սերմանմանը։

Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ բանակում զոհեր լինեն, բայց այդպես ստացվում է։ Եթե դու հակահասարակական գործիչ ես և բացառապես խարդավանքներով ես պատկերացնում պետական համակարգի (այդ թվում՝ բանակի) կառավարումը, ապա դրա գինը գրեթե ամեն շաբաթ բանակի տված զոհերը, տնտեսության անկումը, արտագաղթն ու կապիտալի փախուստն են լինելու՝ որքան էլ դու հակառակն ուզես։

Այլ խոսքերով՝ բանակում տիրող «բարդակը» Սարգսյանի մտածողության և պատկերացումների հետևանք է։  Իսկ դա բերում է բանակի ստորին օղակներում կառավարման վակուումի (ժողովրդի լեզվով ասած՝ շունը տիրոջը չի ճանաչում) ու, ցավոք, այդ վակուումը լցվում է զոհերի ու վիրավորների  գնով։ Բնականաբար այս պայմաններում կարգապահության ու կանոնադրական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող։ Ով ինչպես կարողանում ի՛ր կանոններն է սահմանում ստորին օղակներում, քանի որ վերևներում ժամանակ ու էներգիա չունեն նման «մանր» հարցերով զբաղվելու. դիրք գրավելու հարց է դրված։ Սա՛ է իրականությունը մեր ու մեր բանակի մասին։

Ստացվում է, որ Ս. Սարգսյանին հետաքրքրում է բացառապես իր աթոռի պահպանումը և եթե անհրաժեշտ է, ապա նա նույնիսկ մեր անկախության շրջանի եզակի նվաճումներից համարվող հաղթանակած բանակն է պատրաստ դնել զոհասեղանին՝ հանուն իր իշխանության։

Նա իր շրջապատը լցրել է վարկաբեկված ու հեղինակազրկված դեմքերով, քանի որ միայն այդ դեպքում է իրեն հանգիստ ու վստահ զգում. նմանատիպ մարդիկ միայն ու միայն իր կամքից կախված կլինեն։ Թեկուզև փոքր ինքնուրույնությունը չի խրախուսվում Սարգսյանի կողմից։

Վարկաբեկվածներն ու հեղինակազրկվածներն անհրաժեշտ են նախագահին նաև այն պատճառով, որ դրանց ֆոնին ինքը կարող է լավը երևալ։ Պատահական չէ, որ  Սարգսյանի  շրջապատում կայուն տեղ են զբաղեցնում անսկզբունքայինները, իրենց նախկին թիմերին ու ընտրազանգվածին դավաճանածները, նախկին ընկերներին «քցածները», ճամբարափոխները, մասնագիտական արժանիքներ չունեցողները, իրենց հոգիները 30 արծաթով ծախածները, «մեկ օլիգարխի տնտեսության» գործիք դառնալու պատրաստակամություն ցուցաբերողները։ Օրինակներ որքան ուզեք. Տիգրան Սարգսյան, Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, Իշխան Զաքարյան, Արմեն Հարությունյան։ Այս ցուցակը կարող եք ինքներդ շարունակել. անունների պակաս չի զգացվի։

Ամփոփենք. Սերժ Սարգսյանն անում է այն ինչ ուզում ու կարողանում է։ Մնում է մեր հասարակությունն էլ իր հերթին ցույց տա, թե ինքն ի պատասխան ինչ  կարող է անել։ Դա արդեն քաղաքական խնդիր է։ Պետք է առողջ կոդերով համընդհանուր դիմադրողական շարժում կազմակերպել, որպեսզի փրկենք մեր բանակը, մեր պետությունն ու ինքներս մեզ, այլապես ՀՀ-ն կվերածվի մի մեծ «սև» թղթի։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը