Մեկնաբանություն

15.11.2014 10:40


Չինքնահրկիզվող «արևմտամետները»

Չինքնահրկիզվող «արևմտամետները»

Երեկ Սահմանադրական դատարանը ԵՏՄ–ին ՀՀ–ի անդամակցության համաձայնագիրը մեր Սահմանադրությանը չհակասող է ճանաչել։ Այլ բան չէր էլ սպասվում. Գագիկ Հարությունյանը միշտ էլ իշխանությունների ներկայացրած փաստաթղթերը դակում է։

Այլ բան էր սպասվում տնաբույծ «արևմտամետներից», որոնք սոցիալական ցանցերում, «Գեբելսյան» քարոզչամեքենայի տարածքներում և մամուլի ակումբներում աղի արտասուք են թափում մեր պետության ինքնիշխանության կորստի թեմայով, սակայն քամակները տեղներից չշարժեցին ու դուրս չեկան փողոց, իրենց իսկ բնորոշմամբ, ինքնիշխանության կորուստը կանխելու համար։

Պարզվեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանը մի փոքր սխալվել է, քանզի երկու–երեք տասնյակ ջղաձգվող ու մարգինալ չկա. նրանք շատ ավելի քիչ են։

Մի քանի հոգի էր հավաքվել ՍԴ շենքի դիմաց, այն էլ՝ ֆոտոսեսիային մասնակցելու, քաշքշվելուց մազոխիստական հաճույք ստանալու, «Ֆեյսբուքի» համար նկարներ հավաքելու և ինքնագովազդվելու համար։ Եկել էին օպերատորներ ու լրագրողներ, ինչպես նաև մի քանի շոումեն–ջղաձգվողներ։

Ներկա էր նաև «Ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարի» շրջանակներում կոմերցիա անող Պարույր Հայրիկյանը։ Նա մի քիչ բրդբրդվեց ոստիկանների կողմից ու գնաց տուն։

Երեկ մեկժամանոց հացադուլ չհայտարարվեց։ Ուշագնացության դեպք չեղավ։ Չեղավ նաև ինքնահրկիզման դեպք, մինչդեռ եթե հավատալու լինենք «արևմտամետների» ելույթներին ու հուժկու ստատուսներին, ապա նրանք առնվազն պետք է ինքնահրկիզվեին վասն ինքնիշխանության։ Բայց դե, հարիֆ չկա։ Իրենք զանգի են սպասում. ինչո՞ւ պետք է ինքնահրկիզվեն։ Համ էլ իրենք որ ինքնահրկիզվեն, բա ո՞վ գեղամյանություն անի «եռյակի» դեմ։

Ի դեպ, ՍԴ–ի դիմաց չէին երևում ամենակարկառուն «արևմտամետների»՝ Դավիթ Շահնազարյանի, Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի և մյուսների դեմքերը։

Ղարաբաղը հանձնելու հուշագիր ստորագրած Շահնազարյանը երեկ ծվարել էր Բաղրամյան 26–ի պաշտոնական խոսափողի կարգավիճակ ունեցող «1in.am»–ի տաղավարում և դհոլություն էր անում «եռյակի» դեմ՝ զուգահեռաբար մարմնաշարժությամբ զբաղվելով։ Այնինչ, նրան մենք պետք է տեսնեինք ՍԴ–ի դիմաց՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» պաստառը ձեռքին։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանն է Շահնազարյանի, իբր, չսիրած ԵՏՄ մտնելու գիշերային որոշում կայացրել և իր հավատարմության երդումները տվել Գյուլիստանի պայմանագրին։ Բայց չէ, Շահնազարյանը նման մանր կալիբրի հարցերով չի զբաղվում։ Նա Ղարաբաղը հանձնելու քարոզով է զբաղված։ Ու կզբաղվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկը գտնվում է ՀՀԿ ղեկավարի ձեռքում։

Իշխանափոխությունից հետո Դավիթ Շահնազարյանն այլևս չի զբաղվի Ղարաբաղը հանձնելու քարոզով, քանզի իրենով կզբաղվեն համապատասխան մարմինները։

Ինչ մնում է Ղարաբաղը հանձնելու գծով մյուս «արևմտամետին»՝ Արամ Սարգսյանին, ապա նա նույնպես երեկ ծլկած էր, ու ծպտունը չէր լսվում։

Թե որտեղ էին մյուս բոցաշունչ «արևմտամետները», դժվար է կռահելը։ Երևի ոչ դրսից, ոչ էլ նախագահական նստավայրից առանձին «գրանտ» չէր հատկացվել ՍԴ–ի դեմ ճվճվալու համար, և այդ իսկ պատճառով էլ նրանք ինքնաբուխ չհավաքվեցին։ Ամեն դեցիբելը փող է։ Ո՞վ հավես ունի առանց փող կոկորդ պատռի։ Հարիֆ չկա, մի խոսքով։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը