Մեկնաբանություն

17.11.2014 01:45


Ներքաղաքական խոհանոցի առանձնահատկությունները

Ներքաղաքական խոհանոցի առանձնահատկությունները

Քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներից ու դասավորություններից տեղյակ մարդկանց համար ամեն ինչ շատ պարզ է։ Բոլորը բոլորին ճանաչում են՝ անկախ այն հանգամանքից, որ ոմանք հանդես են գալիս դիմակներով։ Որքան էլ իշխանությունները «բորշել» են դաշտը, միևնույն է՝ ամեն ինչ տեսանելի է։

Նրանց, ովքեր մակերեսորեն են հետևում քաղաքականությանը, խորհուրդ կտանք ուշադրություն դարձնել մի հետաքրքիր փաստի։

Բոլոր այն գործիչները, որոնք կատաղի պայքար են մղում համաժողովրդական նոր շարժման ու հատկապես ԲՀԿ–ի դեմ (դրանք ընդդիմության ընդդիմադիրներն են), Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին կողմ են արտահայտվում և հանդես են գալիս ՀՀ ու ԼՂՀ շահերի դեմ։ Խոսքս, իհարկե, ոչ բոլոր «ընդդիմադիրների» մասին է, քանզի նրանց մեջ կան նաև բազմաթիվ «ազնիվ քյարփինջներ» և նորելուկներ, որոնք չեն հասցրել 2008–ից սպասարկել «Վերջի բոլշևիկի» շահերը ու միայն վերջերս են հայտնվել «եթերում»։

Ուշագրավ մեկ հանգամանք. Բ26–ի հաճախորդների, Սերժ Սարգսյանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, որպես կանոն, համընկել են, իսկ փոխարենը տուժել է և շարունակում է տուժել մեր երկիրը։ Իհարկե, այդպես ստացվել է հանգամանքների բերումով, բայց փաստը մնում է փաստ։

Այսպես, դավիթշահնազարյանները, արամսարգսյանները, աղասիենոքյանները և մյուսները, փրփուրը բերաններին, պաշտպանում են «Ֆուտբոլային» դիվանագիտությունը և, այսպես կոչված, քիրվայության գաղափարախոսությունը, որը խայտառակ արդյունքներ գրանցեց մեզ համար, բայց հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին պահել աթոռն ու մեր երկրի անվտանգության և Հայոց ցեղասպանության հարցն առևտրի առարկա դարձնելու միջոցով ժամանակ շահել։

Նույն մարդիկ պաշտպանում էին նաև Սերժ Սարգսյանի «արևմտամետությունը» և ողջունում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը։ Համաձայնագիր, որը բերելու էր Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման, ինչպես նաև հարվածելու էր ՀՀ–ի ու ԼՂՀ–ի անվտանգությանը։ Եվ այդպես էլ եղավ։

Մեր բոլոր զգուշացումներն այս թեմայով եղել են մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3ը։ Մենք պնդում էինք, որ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի արդյունքում Հայաստանը լավագույն դեպքում կարող է վասալային կախվածության մեջ հայտնվել Ռուսաստանից, իսկ վատագույն դեպքում՝ վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից։ Հայաստանի համար լավագույնը փոխլրացնող արտաքին քաղաքականությունն է, որի դեպքում կարիք չի լինում հայտնվել այս կամ այն ինտեգրման գործընթացում՝ հակադրվելով աշխարհաքաղաքական կենտրոններից որևէ մեկին։

Այնպես որ, ԵՏՄ–ի դեմ հանդես եկող «արևմտամետ» հաճախորդները հիմա ՀՀԿ ղեկավարի հետ հավասար պատասխանատվություն են կրում Հայաստանի միջազգային վարկանիշի կտրուկ անկման և ղարաբաղյան գծում լարվածության ավելացման, այդ թվում՝ մեր կորուստների համար։

Վերադառնալով ներքաղաքական հարցերին՝ նկատենք, որ ընդդիմության ընդդիմադիրները, պատկերավոր ասած, տուն չեն գնում «անկախ» լրատվամիջոցներից՝ պահանջելով Պուտինի ու «եռյակի» լիդերների հրաժարականները։ Նրանք համառորեն չեն «նկատում» Սերժ Սարգսյանին։ Իսկական ֆեյսբուքյան «հեղափոխականները» հենց այդպիսին էլ պետք է լինեն՝ կատաղի մարտեր մղեն հանուն Հայաստանի ինքնիշխանության և թուրք–ադրբեջանական քարոզչակոդերով կռիվ տան նույն այդ ինքնիշխանության դեմ՝ չմոռանալով, բնականաբար, պաշտպանել «Վերջի բոլշևիկի» դիրքերը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը