Մեկնաբանություն

17.11.2014 23:35


Եղե՛ք «վառ աշոտյաններ»

Եղե՛ք «վառ աշոտյաններ»

Ուսանողների միջազգային օր, ուսանողների միջազգային համերաշխության օր։ Ամենամյա այս տոնը նշվում է նոյեմբերի 17-ին:

1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։ Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի ենթակվում են մահապատժի։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:

Երկու տարի անց Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր։ 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը` այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր: (Վիքիպեդիա):

Անկախ Հայաստան:

Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է Ուսանողների միջազգային օրը:

Շնորհավորական գրառումը կատարել է ՖԲ-ի իր էջում եւ մեկ ժամվա ընթացքում հավաքել է հարյուրավոր լայքեր (մինչեւ օրվա վերջ 1000-ը կանցնի, ինպես նրա բոլոր գրառումների դեպքում է լինում):

Լայքողները հանրապետության բուհերի ուսխորհուրդների նախագահներն ու ներկայացուցիչներն են, իր գերատեսչության ու բուհական համակարգի աշխատակիցները: Նաև՝ «սաքուլիկները»։

Հասկանալի է, որ Աշոտյանի շնորհավորական խոսքը շրջանցեցի, չկարդացի: Քանզի արդեն ծանոթ էի նրա մեկ այլ հայտարարությանը:

Մի երկու օր առաջ նույն Աշոտյանը, Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ հանդիպելով բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ, հայտարարեց. «Մեր բուհական համակարգը պետք է դառնա ուսանողակենտրոն: Պահանջում եմ լինել կրթական ոլորտի բարեփոխումների մեջ իրական շահառու, աջակցել կամ դեմ լինել: Եթե դուք մեզ օգնեք, ավելի արագ և լավ կլուծենք մեր հարցերը: Ես միշտ ողջունել եմ ուսանողական ակտիվությունը. եթե ուսանողը մի բանի կողմ է կամ դեմ, դա նշանակում է, որ նա մտահոգ է իր երկրի ապագայով, բայց հորդորում եմ` դա չանել կրթության հաշվին: Ուսանողի հիմնական առաքելությունը կրթությունն է: Այո, ուսանողությունը լրջագույն գործոն է բոլոր հասարակություններում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ուսանողությանը շատ հաճախ օգտագործում են և մոռանում: Ուսանողությունը զանգված չէ. այն անհատների սոցիալական խումբ է: Չդառնա՛ք զանգված, եղե՛ք վառ անհատականությունների խումբ»։

Պարզ է, որ այսօր ՀՀ-ում իրավիճակը 1939-ին Չեխոսլովակիայում տիրող իրավիճակը չէ, բայց դե, ինչ-որ չափով նման է. ՀՀԿ-ն է զավթել Հայաստանը:

Ամեն դեպքում, Աշոտյանի պատկերացրած ուսանողական ակտիվությունը 180 աստիճանով տարբերվում է չեխականից (դե, որովհետեւ, ի տարբերություն բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալի, Աշոտյանը չի գնդակահարվել):

Այսօր Աշոտյանն ուսանողներին հորդորում է լինել վառ անհատականություն այն իմաստով, որ ինքը գնա, ուսխորհուրդների ներկայացուցիչների առաջ նման ելույթներ ունենա, որպեսզի բոլորը լինեն իր նման «վառ անհատականություն»:

Դե, մոտավորապես այսպիսին՝ գերազանցիկ, կարմիր դիպլոմով, ռեկտորի դիպլոմատը բռնող, այնուհետև՝ ՀՀԿ անդամ, դրանից հետո գերազանցությամբ ավարտել է բոլոր հնարավոր ու անհնար՝ քաղաքական թեքումով, միջազգային ինստիտուտները (կլինիկական օրդինատուրայի ֆոնին), հայրենիքի առջեւ պարտքը չկատարել՝ չծառայել բանակում, բայց ստանալ սպարապետ-զորավարների անվան շքանշաններ, սիրել 80-ականների դիսկո, ֆրանսիական և վրացական երաժշտություն, ջազ, երգեր գրել անչոկների համար, խաղալ Երևանի գիտակների ակումբում, գլխավորել ՀՀԿ երիտթեւը, «Բազե»-ում կարմիր շորտիկով «տրճիկ տալ», անխնա քննադատել ընդդիմությանը, ձոներգել ՀՀԿ առաջնորդներին եւ այլն:

Իսկ ՀՀԿ-ին անդամագրվելուց ընդամենը 7 տարի անց դառնալ նախարար: «Ֆեյսբուքում» էջ բացել ու օրական 24 ժամ ստատուսներ գրել, որոնց տակ էլ «շարքով մա՛րշ» սկզբունքով կլայքեն ուսխորհուրդներն ու ենթակաները:

Ի դեպ, Աշոտյանը ՖԲ-ի իր էջում տեղադրում է նաեւ իր մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանի ստատուսները նախարար Աշոտյանի գործունեության, գործուղումների եւ երկօրյա արձակուրդների մասին: Ապրի՛ Զոհրաբը. եթե նա չլիներ, Աշոտյանը որտեղի՞ց կիմանար, որ ՖԲ-ից դուրս գալու եւ գործուղման մեկնելու պահն է:

Ահա այսպիսի վառ աշոտյաններ, ներեցեք, վառ անհատականություններ պետք է լինեն ուսանողները: Ըստ Աշոտյանի:

Որոնք նաեւ պետք է, ըստ Աշոտյանի, կրթական բարեփոխումների մեջ շահառու լինեն: Հետաքրքիր է՝ քանի՞ ուսանող է տեղյակ, թե Աշոտյանը միջազգային կառույցների, տարբեր երկրների կողմից ոլորտին տրամադրած տասնյակ միլիոնավոր դոլարները ինչպես է ծախսում: Ոչ ոք:

Դե, որ Աշոտյանն ասում է՝ բուհական համակարգը պետք է դառնա ուսանողակենտրոն, ահա այսպիսի ուսանողակենտրոնություն է պատկերացնում:

Ինչպես նրա շեֆը՝ մարդակենտրոն Սահմանադրությունը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը