Մեկնաբանություն

18.11.2014 08:20


Շարմազանովի ուրախությունը, Գալուստ Սահակյանի հայտնագործությունն ու «եռյակի» անելիքը

Շարմազանովի ուրախությունը, Գալուստ Սահակյանի հայտնագործությունն ու «եռյակի» անելիքը

Իշխանական ճամբարում «մե քեֆ, մե ուրախություն» վիճակ է տիրում:

ԱԺ արտահերթ նիստում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ պարզվեց, որ ոչիշխանական ուժերը կողմ են քվեարկելու օրինագծին, իշխանության ներկայացուցիչներն սկսեցին գովել ու շոյել ընդդիմության գլուխը:

«Մենք շատ ենք խոսում երկխոսության մասին, և սա իրոք դասական երկխոսության օրինակ է, երբ վեց խմբակցությունները և Կառավարությունը կարողանում են ժողովրդի, հանրության համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում բոլոր ուժերը կարողանում են համախմբվել, եւ այս օրենսդրական նախաձեռնությամբ քաղաքական իշխանությունը, Կառավարությունը ցույց են տալիս, որ լսում են ցանկացած պատգամավորի կառուցողական առաջարկը՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից:

Այնպես որ, ըստ Շարմազանովի, բոլորը միասին պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ժողովրդի մատից փուշը հանվի: Ավելին՝ դասական երկխոսության այս օրինակը լավ հեռանկար է խոստանում:

Վեց խմբակցությունների համախմբվածության փաստը հիացրել է ոչ միայն Շարմազանովին, այլեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք էլ իրենց հերթին դասական երկխոսության մասին կենացներ ասացին:

«Ուրախանում եմ այնքանով, որ խորհրդարանի այս դահլիճից հետո մեկը մյուսի մտքերն է վերլուծում, մեկը մյուսի թասիբն է պահում՝ ժողովրդի լեզվով ասած: Երեւի խոսափողները խանգարում են մեզ: Եթե կորոշեք, կուզեք՝ առանց միկրոֆոնների աշխատենք, այդպես կանենք»,- ուրախությունը չթաքցնելով՝ առաջարկեց Գալուստ Սահակյանը:

Դե, երեւի, շուտով միկրոֆոնները դուրս կնետեն ու կսկսեն ջերմ ու հարազատ մթնոլորտում մեղմ ու հանդարտ քննարկել բոլոր հարցերը:

Մի խոսքով, էսպես հանգիստ, էսպես սիրով, մեղրից անուշ լավ խոսքերով շարունակեցին դրվատել ընդդիմության կեցվածքը:

Հավանաբար, իշխանությունը հույսեր է փայփայում, թե առաջիկայում ոչիշխանական «եռյակը» դասական երկխոսության «լավագույն ավանդույթները» պահպանելու մղումով կորոշի նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ իշխանության հետ նույնքան համերաշխ կքննարկի 12 կետերը կամ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:

Բայց մեղրից անուշ լավ խոսքեր ասելուց հետո Գալուստ Սահակյանը սկսեց խրատել ու սովորեցնել ընդդիմությանը, թե որն է նպատակը, որը՝ միջոցը, ինչը ինչից հետո պետք է անել, ոչ թե միանգամից փորձել ժողովրդի աչքին լավ երեւալ՝ զբաղվելով սեփական փիառն անելու գործով:

Ըստ Սահակյանի՝ օրինակ՝ չի կարելի պայման դնել, թե նախ իշխանությունը պետք է բարեփոխի Ընտրական օրենսգիրքը՝ ամրագրելով 100–տոկոսանոց ընտրական համակարգ: Եվ ոչ էլ ընդդիմությունը պետք է խոսի կոռուպցիայի մասին։

«Առավել եւս՝ այդ մասին խոսում է հիմնականում ընդդիմության ճամբարը, որը մեծամասնությամբ նաեւ իշխանության է եղել: Երբեմն մտորում եմ, որ, ըստ երեւույթին, ժամանակին իշխանության մեջ ամեն մեկն ինչ-որ մի կտոր տարել է ու դրանով կարողացել է իր թիմը նվաստացնել, ու այսօր վախից յուրաքանչյուր հարցից հետո խոսում են կոռուպցիայի մասին: Իհարկե, երկրում կոռուպցիա կա, բայց այդ կոռուպցիայի տեղն էլ այնպես մասնագիտորեն են նշում, որ ակամայից մտածում ես՝ եթե փորձ չունես, ո՞նց ես կարողացել ակամայից այդքան բանը մտածես», - սեփական մտորումները փոխանցելով՝ ԱԺ նախագահն ընդդիմադիրներին մեղադրեց կոռուպցիային անմասն չլինելու մեջ:

Այսինքն, երբ ոչիշխանական ուժերը բացահայտեցին, որ, օրինակ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 17 միլիոն դոլար է վատնել գյուղացուն կով կթել սովորեցնելու վրա, ուրեմն պետք է հասկանալ, որ այդ ուժերը ժամանակին նույնպես մսխել են 17 միլիոն:

Իշխանությունն իրենք են, ընդդիմությանն են կասկածում կոռուպցիոն գործերի մեջ:

Այսպիսի տրամադրվածությամբ էլ շարունակելու են առաջ տանել «դասական երկխոսության» գործընթացը:

100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին չեն համաձայնելու եւ չեն ընդունելու, բայց սահմանադրական փոփոխությունների հարցում ձգտելու են հասնել կոնսոլիդացիայի:

Ինչ խոսք, անիմաստ է գլխավոր հարցերում բանակցել իշխանության հետ:

Միայն պետք է ուժեղացնել ճնշումը եւ հասնել իշխանափոխության:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը