Մեկնաբանություն

18.11.2014 16:00


Մի կտոր հաց ու պանիր

Մի կտոր հաց ու պանիր

Հանրապետականները շարունակում են հայտարարել, թե մնալու են իշխանության։

«Հաջորդն անպայման ՀՀԿն կլինի (խոսքը իշխանության մասին է)»,– «Չորրորդ իշխանություն» թերթին ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

Բայց թե ինչո՞ւ, մեր ո՞ր մեղքի համար պետք է Հանրապետականի իշխանությունը շարունակվի, իրենք էլ չեն կարողանում պատասխանել։

Քաղաքական մեծամասնությունը, իր ղեկավարի գլխավորությամբ, բոլոր ուղղություններով արձանագրեց բացառապես բացասական արդյունքներ։

«Մենք ապահովում ենք այնքանով, ինչքանով ապահովում ենք»,– ասում է Ռ. Զոհրաբյանը...

Դուք միայն ձե՛զ եք ապահովում։

Վատ աշխատողից ազատվում են, վատ ամուսնուց (կնոջից)՝ հեռանում, վատ մարզիկին՝ խաղադաշտից հանում, վատ իշխանությանը՝ փոխում։ Հակառակ տարբերակները ենթադրում են միայն տխուր հետևանքներ։

Իշխանությանը լինելու մոլուցքը նույն ագահությունն է, որն այդպես էլ թույլ չի տալիս Հայաստանի գործող իշխանությանը տեսնել իրականությունը, ու ամենակարևորը՝ այն, թե ինչպես է իրեն վերաբերվում շարքային քաղաքացին։

Ի դեպ, ագահության մասին. նույն Ռազմիկ Զոհրաբյանը ժամանակին հայտարարել էր. «Անձնապես ինձ մի կտոր հաց ու պանիրն էլ է բավարարում որպես մարդ այս աշխարհում ապրելու համար»։

Թեև շատերն ասում են, որ Զոհրաբյանը սեղանի մոտ հասնելիս միայն հաց ու պանիրով չի բավարարվում (մեղմ ասած՝ չի բավարարվում), բայց դե, տվյալ դեպքում մեզ միայն նրա հայտարարությունն է հետաքրքրում որպես խորհրդանշական ձևակերպում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը