Լրահոս

23.09.2009 17:38


Արման Մուսինյան. «Ե՛վ «Ժառանգությունը», և՛ Դաշնակցությունը, և՛ նույնիսկ կոալիցիայի որոշ կուսակցություններ, մտավորականներ, նրանք բոլորը պետք է խոսեն»

Արման Մուսինյան. «Ե՛վ «Ժառանգությունը», և՛ Դաշնակցությունը, և՛ նույնիսկ կոալիցիայի որոշ կուսակցություններ, մտավորականներ, նրանք բոլորը պետք է խոսեն»

-Մենք ասացինք, որ «Հայ ազգային կոնգրեսը» միայնակ իր ուժերով չի կարող կասեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վտանգավոր ընթացքը։ Իսկ գործընթացի կասեցումը պայմանավորված է այս իշխանությունների հեռացմամբ։ Մինչև մյուս քաղաքական ուժերը, մտավորականները, Լեռնային Ղարաբաղի իշխանությունը հրապարակավ դեմ չարտահայտվեն այս գործընթացներին, դժվար է լինելու այս ընթացքը կասեցնելը։ Իսկ քաղաքական ուժերը հայտնի են։ Իհարկե, կան ուժեր, որոնք մի քիչ ավելի մեծ կամ փոքր դերակատարություն ունեն, բայց կոնկրետ և՛ «Ժառանգությունը», և՛ Դաշնակցությունը, և՛ նույնիսկ կոալիցիայի որոշ կուսակցություններ, մտավորականներ, նրանք բոլորը պետք է խոսեն,- «Հայացք» ակումբում ասել է Արման Մուսինյանը։

Անդրադառնալով հաջորդ հանրահավաքի օրվա նշանակմանը՝ Արման Մուսինյանը նշել է, որ «նախագահը» (Լևոն Տեր-Պետրոսյանը) սպառիչ պատասխան է տվել», և ՀԱԿ-ը կնշանակի հանրահավաքի օրը՝ կախված նրանից, թե քաղաքական, հասարակական և մտավորական ուժերն ինչ դիրքորոշում կհայտնեն։

-Կոնգրեսը կարող է երկու օր առաջ հանրահավաք նշանակել և երկու օր հետո անցկացնել հանրահավաքը. այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Սա մեզ ավելի մեծ ճկունություն է տալիս այն առումով, որ եթե մենք հանրահավաքը նշանակեինք հոկտեմբերի 18-ին, մինչ այդ կարող են լինել զարգացումներ, որոնք մեզ կստիպեին ավելի վաղ հանրահավաք անել։ Այդ պատճառով այս ձևը շատ ավելի հարմար էր գործի արդյունավետության տեսանկյունից,- ասել է նա։

Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 18-ի հանրահավաքին հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ինքը չի առաջադրվի, սակայն մի պայմանով՝ եթե իր թեկնածությունը չառաջադրի Ռոբերտ Քոչարյանը։ «Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի վերաբերյալ տեղեկություն ունի՞» «7օր»-ի հարցին Արման Մուսինյանը պատասխանել է.

-Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում,  այն 10 տարվա վարած հանցավոր քաղաքականության արդյունքն է։ Որ իրավիճակն ավելի ընկալելի լինի, մենք միշտ վերլուծել ենք 10 տարիների ընթացքում տեղի ունեցածը, այնուհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր։ Ինչ վերաբերում է առաջադրմանը, ես կարծում եմ՝ Քոչարյանի պարագան կապված է նրանով, որ նրա առաջադրման դեպքում ամեն ինչ պետք է անել, որ արդեն փաստերով ապացուցված մարդասպան իշխանությունը Հայաստան չվերադառնա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը