Մեկնաբանություն

20.11.2014 10:05


ՀՀԿ-ն արտահերթը տապալելու հարուստ փորձ ունի

ՀՀԿ-ն արտահերթը տապալելու հարուստ փորձ ունի

«Եռյակն» իր 12 պահանջների շուրջ իշխանության կողմից քաղաքական երկխոսության առաջարկը մերժելուց հետո յուրահատուկ «թեստ» է պատրաստել Սերժ Սարգսյանի անկեղծությունը ստուգելու համար. առաջիկայում նախատեսում է հրավիրել արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու, մասնավորապես, 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու հարցի շուրջ:

Ասենք, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները 12 պահանջներից 10-րդ կետն է:

Երեք ուժերի ներկայացուցիչներն ասում են, թե արտահերթ նիստում այդ հարցի քննարկման միջոցով ժողովրդին ցույց կտան՝ որքանով է իրական Սերժ Սարգսյանի՝ ընդդիմության հետ երկխոսելու ցանկությունը և ընտրական համակարգը առողջացնելու մղումը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ է մտածում իշխանությունն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու «եռյակի» այս նոր նախաձեռնության մասին, բայց հայտնի է ՀՀԿ խմբակցության դրսեւորած վարքագիծը նախկինում նման նախաձեռնությունների հանդեպ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունն իրեն շատ «օրինապաշտ» է դրսեւորել՝ բոյկոտելով եւ տապալելով խորհրդարանական ոչիշխանական խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստերը:

Ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ սեպտեմբերի վերջին, Հանրապետականը տապալեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը:

ՀՀԿ–ական պատգամավորները չգրանցվեցին։ Իսկ խորհրդարանի դիմաց իրենց բողոքի ակցիան էին անում առեւտրականները:

Իշխանության այս բոյկոտը միակը չէ:

Մեկ տարի առաջ՝ հենց այս օրերին, ԱԺ նախագահը հայտարարեց, որ Հանրապետականը նպատակահարմար չի գտնում մասնակցելու կենսաթոշակային նոր համակարգի հարցով նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստին, և բոյկոտում է այն:

Այդ ժամանակ էլ նույն խորհրդարանի դիմաց ցույց էր անում «Դեմ եմ» շարժումը:

Նկատենք, որ այս երկու հարցերն էլ ներառված են «եռյակի» 12 պահանջների մեջ:

Թե հետո իշխանությունն ինչպես լուծեց «Շրջանառության հարկի մասին» օրենքին վերաբերող եւ պարտադիր կուտակայինի հարցերը, հայտնի է բոլորին:

Ըստ էության, չլուծեց այնպես, ինչպես նշված է «եռյակի» 12–կետանոց փաստաթղթում:

Այնպես որ, այս անգամ էլ, թերեւս, իշխանության կողմից պետք է սպասել նույն մոտեցմանը՝ բոյկոտ, տապալում:

Մանավանդ որ, 12 կետերից ամենից շատ նրանց սարսափեցնում է «եռյակի» այդ նախապայմանը՝ 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը:

Եթե վերոնշյալ ոչ սարսափելի կետերի դեպքում իշխանությունը գնաց արտահերթ նիստերը բոյկոտելու ճանապարհով, ապա այս դեպքում հազիվ թե ներկայանա արտահերթին: Իսկ եթե ներկայանա էլ, ապա հազիվ թե համաձայնի փոփոխության։ Մի խոսքով, «թեստի» արդյունքները շուտով տեսանելի կդառնան բոլորին։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը