Մեկնաբանություն

20.11.2014 11:32


Ապակողմնորոշվածները և արժեհամակարգ չունեցողները

Ապակողմնորոշվածները և արժեհամակարգ չունեցողները

Քաղաքական կյանքում վերջերս շատ է շրջանառվում «մարգինալ» որակումը։

Հիշեցնենք դրա դասական ձևակերպումը՝ մարդ (սոցիալական խումբ), ով գտնվում է տարբեր համակարգերի, սոցիալական խմբերի, մշակույթների սահմանին ու կրում է դրանց՝ իրար հակասող նորմերի, արժեհամակարգերի և այլնի բախման ազդեցությունը։ Մի խոսքով, ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում։ Չի հասկանում, բայց փորձում է միանգամայն կողմնորոշվածի տպավորություն ստեղծել՝ ինքն իրեն նետելով «և՛, և՛»-ի։ տիրույթ։ Ավելի ճիշտ՝ լուսանցք։

Ո՞ւմ է բնորոշ այս վիճակը Հայաստանում։ Պատասխանն առավել քան ակնհայտ է։ Ավելին՝ գործող իշխանությունն ինքն էր հայտարարում, որ «և՛, և՛»-ն իր գիծն է։ Արդյունքում՝ 6 տարի շարունակ չեն կարողանում կողմնորոշվել. նախաձեռնվում է «ֆուտբոլային դիվանագիտություն», այնուհետև այն ուղարկվում է գրողի ծոցը (հայ–թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ ԱԺ–ում), հայտարարում են արևմտյան կուրսի անշրջելիության մասին, բայց մեկ գիշերվա ընթացքում հայտնվում Ռուսաստանի ոտքերի տակ, մերժում են ընդդիմության պահանջները, հետո ասում, թե պատրաստ ենք քննարկել դրանք... ու այսպես շարունակ։ Ընդ որում, այդպիսին ոչ միայն գործող իշխանությունն է, այլև նրան սպասարկողները՝ բոլորն անխտիր։ Մի տարբերությամբ՝ հաճախորդների բանակը ոչ թե տարբեր արժեհամակարգերի բախման սահմանին է ու չի կարողանում կողմնորոշվել, այլ ընդհանրապես զրկված է որևէ արժեհամակարգից. ինչպիսի պատվեր լինի, այնպես էլ կաշխատեն։

Ի դեպ, արդի քաղաքագիտական վերլուծություններում «մարգինալ» բառը հաճախ օգտագործվում է որպես լյումպեն հասկացության հոմանիշ։ Դե, իսկ լյումպենը գիտեք՝ «սոցիալական հատակի» ներկայացուցիչն է։ Այնպես որ, փակե՛ք «մարգինալների» թեման։ Ամեն ինչ վաղուց պարզ է։ Հայաստանի մարգինալներին կօգնի միայն իշխանափոխությունը։ Դրանից հետո, վերջապես, կողմնորոշվելու հարց այլևս չի լինի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը