Լրահոս

27.11.2010 13:32


«ԼՂՀ ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին» նախագիծը կներկայացվի ԼՂՀ ԱԺ

«ԼՂՀ ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին» նախագիծը կներկայացվի ԼՂՀ ԱԺ

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը հասարակական քննարկմանն է ներկայացրել  ԼՂՀ ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին հռչակագրի նախագիծը, որը մշակել են խորհրդի փորձագետները:

Քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ինչպես նաև հրավիրված էի ԱԺ և կառավարության անդամներ:

Հռչակագրի նախագծի հասարակական լայն քննարկումից և վերջնական տեսքի բերելուց հետո այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Ստորև ներկայացնում ենք նախագծի տեքստը.

«Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովը

հայտարարելով   Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորմանը  միտված  լինելու մասին,

հիմնվելով   միջազգային իրավունքի նորմերի վրա, ներառյալ այն նորմերը, որոնք վերաբերվում են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին,

հաշվի առնելով   Եվրոպական պառլամենտի՝ 2010 թվականի մայիսի 20-ի N 2216 բանաձևը և 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկում (Կանադա) արված Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը,

նշելով, որ  Լեռնային Ղարաբաղի հայերի ազգային ազատագրական պայքարի նպա-տակն ի սկզբանե մարդու իրավունքների և հիմնական ազատության իրականացումն է,

համարելով, որ ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում մարդու իրավունքների բոլոր խախտումների վերականգնումը կամ փոխհատուցումը այդ հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրն է,

բացառելով   հակամարտության այնպիսի կարգավորման հնարավորությունը, որում առկա են հակամարտության հետևանքով ոտնահարված մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների նկատմամբ ընտրովի մոտեցումները,

նպատակ ունենալով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության  կարգավորման հիմնական սկզբունքների մասին իրազեկել համաշխարհային հանրությանը,

ընդունում է ԼՂՀ  ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին հռչակագիրը.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) ինքնիշխան ժողովրդավա-րական պետություն է, Խորհրդային Միության իրավահաջորդն է նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքներում։ ԼՂՀ պետական ինքնիշխանության աղբյուրը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների՝ այդ տարածքների բնիկ ազգաբնակչության կամքն է, արտահայտված հանրաքվեի միջոցով 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ ԼՂՀ-ի պետական անկախության մասին հռչակագիրը, ընդունված 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից, համապատասխանում է միջազգային իրավունքին և Խորհրդային Միության օրենսդրությանը: ԼՂՀ պետական սահմանները կարող են փոփոխվել միջազգային  իրավունքին համապատասխան, խաղաղ ճանապարհով և համաձայնությամբ: ԼՂՀ Սահմանադրության համաձայն,  մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո:

 2. Ադրբեջանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը հռչակվել է իրավունքի գերակայության սկզբունքին հակառակ: Ադրբեջանի Հանրապետության իշխանություններն  ինքնակամ զրկել են նախկին ԽՍՀՄ քաղաքացիներին  իրենց  քաղաքացիությունից, խախտել են նրանց քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, այդ թվում նաև' ԽՍՀՄ օրենսդրությամբ պահպանված' ԼՂԻՄ ազգաբնակչության իրավունքը' ինքնուրույն որոշելու իր պետա-իրավական կարգավիճակը: Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները զրկել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին  իրենց ինքնորոշման իրավունքը իրացնելու հնարավորությունից, չեղյալ են համարել ԼՂԻՄ ինքնավարությունը, շրջափակել են Լեռնային Ղարաբաղը և ուժ են գործադրել   իր ազատության և անկախության համար պայքարող ազգաբնակչության   նկատմամբ։

 3. Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի  շրջափակման, խաղաղ բնակչության վրա զինված հարձակումների,  բնակավայրերի  հրետանային գնդակոծումների  և օդային  ռմբակոծումների, ԼՂՀ տարածքի մի մասի   բռնազավթման և ազգաբնակչության տեղահանման, ինչպես նաև' այլ ռազմական հանցագործությունների համար, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան երկու  հազար խաղաղ բնակիչ,  իսկ  իրենց տներից զրկված մարդկանց թիվը անցնում է 60 հազարի սահմանը : Զինված հակամարտության սկզբնական փուլում, ժողովուրդների միջև խաղաղության  պահպանման համար պատասխանատու միջազգային կազմակերպությունների անգործության պայմաններում, ԼՂՀ ինքնապաշտպանությունը եղել է երկրի խաղաղ բնակչության կյանքի և ազատության պաշտպանության միակ միջոցը:

 Շրջափակման վերացման, ագրեսիայի կասեցման և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության  ապահովման համար  ԼՂՀ զինված ուժերը  ստիպված էին իրենց վերահսկողության տակ վերցնել  Լեռնային Ղարաբաղի հարակից  տարածքները։

 Ադրբեջանի Հանրապետությունը՝ անտեսելով  միջազգային իրավունքի նորմերը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի  պահանջները բռնել  էր զինված հակամարտության ընդլայնման ուղին: ԼՂՀ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համատեղ գործողությունները հարկադրեցին  Ադրբեջանի Հանրապետությանը դադարեցնել ագրեսիան  և կնքել գործող հրադադարը:

 4. Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան իրավահավասարության  միջազգային ճանաչումը  իրականացվել է ի վնաս  Հելսինկյան Եզրափակիչ Ակտի, ինչպես նաև' Նոր Եվրոպայի համար Փարիզյան Խարտիայի և ԵԱՀԿ այլ փաստաթղթերի սկզբունքներին։

 Ադրբեջանի Հանրապետության  լիիրավ մասնակցությունը ԵԱՀԿ-ին հակասում է մարդու իրավունքների, ժողովուրդների իրավահավասարության սկզբունքներին, ինչպես նաև խախտում է ԼՂՀ ժողովրդի' իր ճակատագիրը ազատ տնօրինելու  իրավունքը:

 Դա ստեղծել է Ադրբեջանի Հանրապետության համար հնարավորություն անտեսելու իր պատասխանատվությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության նկատմամբ թույլ տված մարդու իրավունքների խախտումների վերացման համար,  ժխտելու ԼՂՀ ժողովրդի  ինքնորոշման և զարգացման իրավունքը, օրինական համարելու ռազմական ուժի կիրառումն ընդդեմ ԼՂՀ-ի և նրա տարածքների բռնազավթումը: Այս իրավիճակը լուրջ խոչընդոտ է հանդիսանում ԵԱՀԿ հովանու ներքո հակամարտության խաղաղ կարգավորման գործում ջանքերի ներդրման ճանապարհին: Տվյալ իրավիճակի շնորհիվ  1994 թ. հաստատված հրադադարը Ադրբեջանի Հանրապետության կողմից օգտագործվել է իր ռազմական հզորության աճի նպատակով, որն էլ իր հերթին այսօր հանգեցրել է պատերազմի վերսկսման վտանգի մեծացմանը:

 5. Հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ հովանու ներքո պետք է հիմնվի  մարդու իրավունքների բոլոր խախտումների  ճանաչման հիման վրա, որոնք տեղի են ունեցել այդ հակամարտության ընթացքում և դրան նախորդած՝ 1988 թվականից սկսված ազգամիջյան լարվածության ժամանակ: Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքը՝ հանդիսանում է միջազգային հանրության պարտականություն, իսկ ինքնորոշման իրավունքի իրականացման մերժումը' մարդու իրավունքների խախտում: ԼՂՀ ժողովրդի նկատմամբ մինչ այժմ իրականացվող այդ  խախտման ճանաչումը և վերացումը հանդիսանում է ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության, այլ նաև' ԵԱՀԿ մնացած մասնակից պետությունների միջազգային պարտավորությունը:

 6. Հակամարտության ամուր կարգավորումը պետք է ապահովի հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար  խաղաղ, անկախ և ազատ զարգացում: Այդ նպատակի իրականացումն անհնար է առանց միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմանը, որոնք են՝

 - ուժ չգործադրելը կամ  ուժի միջոցով չսպառնալը, վեճերի խաղաղ կարգավորումը,

մարդու իրավունքների հարգանքը, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը, պետությունների ինքնիշխան իրավահավասարությունը, ՄԱԿ Կանոնադրությանը համապատասխան' պետությունների միմյանց հետ համագործակցելու պարտականությունը:  Այս հանգամանքից ելնելով  հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտ պայմաններն են.

 - հակամարտության կարգավորման գործընթացում բոլոր կողմերի իրավահավասարությունը

- պատերազմի վերսկսման վտանգի լրիվ վերացումը

- Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ  Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության կողմից տնտեսական  ճնշումների միջոցների վերացումը,

- Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև, ինչպես նաև' Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև փախստականների, պետական սահմանների ճանաչման և պետությունների իրավահաջորդության հետ կապված այլ հարցերի շուրջ վեճերի խաղաղ լուծումը:

7. Վիճահարույց խնդիրների արդարացի լուծման համար հիմք է հանդիսանում  հակամարտության յուրաքանչյուր կողմի պատասխանատվության ճանաչումը.

- Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ներում  հայ և ադրբեջանցի նախկին ԽՍՀՄ քաղաքացիների անհատական և կոլեկտիվ քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վերականգնման կամ փոխհատուցման համար,

- այդ քաղաքացիների օրինական իրավունքների խախտման հետևանքով, իրենց   պատճառված վնասի հատուցման համար,

- խաղաղ բնակչության նկատմամբ  ուժի ապօրինի կիրառման և ռազմական հանցագործության հետևանքով պատճառված վնասի  հատուցման համար:

 8. ԽՍՀՄ-ը հանդիսանում էր Քաղաքացիական և քաղաքական իրավունքների Միջազգային Պակտի և  Տնտեսական, սոցիալական և մշակութային  իրավունքների  Միջազգային Պակտի մասնակից-պետություն: Այդ Միջազգային Պակտերում ամրագրված մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ ինքնորոշման իրավունքը, չէին կարող անհետանալ ֆեդերատիվ պետության փլուզման ժամանակ:

 Ռուսաստանի Դաշնությունը,  որը ճանաչվել է միջազգային հանրության կողմից ԽՍՀՄ միջազգային իրավունքների և պարտավորությունների շարունակողը, պատասխանատվություն  է կրում  և համապատասխանաբար, կարևոր քաղաքական դեր  է խաղում  մինչ օրս նախկին ԽՍՀՄ քաղաքացիների նկատմամբ իրականացվող մարդու իրավունքների խախտումները ճանաչելու և դրանք վերացնելու հարցում:

 9. ԽՍՀՄ փլուզման ժամանակ  ժողովուրդների իրավահավասարության սկզբունքի և ինքնորոշման իրավունքի պահպանմանը հակառակ գործող և դրա հետևանքով մինչ օրս իրենց տարածքներում ամբողջ ժողովուրդը ներկայացնող կառավարություն չունեցող պետությունների ինքնիշխան իրավահավասարության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը հանդիսանում է Հելսինկյան Եզրափակիչ Ակտի սկզբունքների խախտում:  ԵԱՀԿ-ն պատասխանատվություն է կրում  միջազգային իրավունքի  խախտումների վերացման համար, որոնք մինչ օրս խոչընդոտում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ինչպես նաև, նպաստում են պատերազմի վերսկսման վտանգի մեծացմանը:

 10. ԼՂՀ ժողովուրդը ունի խախաղության և ազատ զարգացման իրավունք։ Այդ իրավունքը նա պաշտպանել է զինված պայքարում, հաղթահարելով բոլոր դժվարությունները և զրկանքները, որոնք հանդիպել են նրա ճանապարհին։ ԼՂՀ  ժողովրդի արդարացի պահանջը ԵԱՀԿ-ի մասնակից-պետություններին՝  հարգել իր մարդու իրավունքները, ճանաչել և վերացնել իր հանդեպ թույլ տրված մարդու իրավունքների խախտումները, հիմնվում է միջազգային իրավունքի նորմերին։ Լեռնայի Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման հիմքը, հայկական և ադրբեջանական ժողովուրդների ազատ զարգացման  հենարանը հանդիսանում է ԼՂՀ-ի պետական ինքնիշխանության լեգիտիմության  միջազգային ճանաչումը»։

Այս խորագրի վերջին նյութերը