Լրահոս

24.09.2009 15:09


ՀՀ ԳԱԱ–ն հավանություն տվեց հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ-ի անդամները, ՀՀ ԳԱԱ-ի գիտական հաստատությունների տնօրենները, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կարևորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, հատուկ ընդգծեց այս գործընթացում մասնագիտացված կառույցների մասնակցության անհրաժեշտությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ելույթներով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բրուտյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը և Ալեքսանդր Մանասյանը: Ժողովի ընթացքում հնչեցված հարցերին պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշեց հավանություն տալ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ղեկավարության վարած քաղաքականությանը՝ ուղղված հարևանների հետ հարաբերությունների  կարգավորմանը և Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն: Որոշման մեջ նշված է,  որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի ՀՀ աշխարհաքաղաքական դիրքի ուժեղացմանը: Ընդհանուր ժողովը համամիտ է այն կարծիքին, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք են ստեղծում այդ քաղաքականությունը շարունակելու համար և  հավատացած է, որ ՀՀ դիվանագիտությունը Թուրքիայի հետ հարաբերություններում հետամուտ կլինի մեր ազգային կարևոր խնդիրների լուծմանը: ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը հաստատեց, որ ՀՀ ԳԱԱ-ն իր մասնագիտացված կառույցների հետազոտություններով կշարունակի օժանդակել ՀՀ արտաքին քաղաքականության իրականացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը