Լրահոս

25.09.2009 16:11


Լևոն Անանյան. «Գրողը չի ուզում ավելորդ մի բեռ էլ վերցնել իր վրա և չի ուզում իր ձայնն անտեղի խռպոտելու վտանգի տակ դնել, այն ձայնը, որն առանց այդ էլ լսելի չէ, ցավոք»

Լևոն Անանյան. «Գրողը չի ուզում ավելորդ մի բեռ էլ վերցնել իր վրա և չի ուզում իր ձայնն անտեղի խռպոտելու վտանգի տակ դնել, այն ձայնը, որն առանց այդ էլ լսելի չէ, ցավոք»

-Չի կարելի ասել, որ մտավորականները կամ գրողները պասիվ են քաղաքական հարցերում։ Իհարկե, շատ քաղաքականացված գրողն էլ ծայրահեղություն է, մեկուսացվածությունն էլ մյուս ծայրահեղությունն է։ Կարծում եմ՝ գրողների մի մասը, որը պատասխանատու է զգում իրեն ոչ միայն իր գրականության, այլև հասարակության, երկրի բախտի և ճակատագրի համար, միշտ մի խումբ է եղել։ Եթե հիմա էլ նայենք, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական մամուլը, ճիշտ է, բարիկադի տարբեր կողմերում, բայց արտահայտում է իր խոսքը։ Գրողը չի ուզում ավելորդ մի բեռ էլ վերցնել իր վրա և չի ուզում իր ձայնն անտեղի խռպոտելու վտանգի տակ դնել, այն ձայնը, որն առանց այդ էլ լսելի չէ, ցավոք,-«Տեսակետ» ակումբում պատասխանելով «7օր»-ի՝ «Ինչո՞ւ են մտավորականները լռում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ» հարցին՝ ասել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

Նրա խոսքերով՝ չնայած որ արձանագրությունների շուրջ հասարակական քննարկում է գնում, այնուամենայնիվ, «ասվում է, որ  քննարկեք, չքննարկեք, մեկ է՝ ստորագրելու ենք»։

-Ես կողմ չեմ, որ մենք հավերժական թշնամիներ պիտի ունենանք։ Իմ կարծիքով կա՛մ մենք, կա՛մ մեր թշնամին պիտի վերափոխվի։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ բախտորոշ քայլեր չանենք։ Ինձ միշտ վախեցրել է այդ սահմանի բացումը։ Ինձ վախեցրել է, որ թուրքական տարրը պիտի գա, աղճատի մեզ։ Մենք նաև սոցիալական առումով պատրաստ չենք սահմանի բացմանը։ Թուրքերը կգան ու կգան։ Բայց, այնուամենայնիվ, հարաբերությունների հաստատման ուղղությամբ մի խիզախ քայլ պիտի արվի, ու եթե մենք ներքին ամրության պաշար չունենք մեր գենի մեջ և եթե թուրքական տարրին պիտի տարրալուծվենք, ապա այսօր չէ, 10, 100 տարի հետո դա լինելու է, և սա էլ նախապայման չէ, որպեսզի հարաբերություններ չստեղծենք Թուրքիայի հետ,-ասել է Լևոն Անյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը