Քաղաքական

26.09.2009 17:01


Միանալ արտաքի՞ն, թե՞ ներքին խնդիրների շուրջ

Միանալ արտաքի՞ն, թե՞ ներքին խնդիրների շուրջ

Դեպքերի հետաքրքիր զարգացում գրանցվեց սեպտեմբերի 26-ին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 19-րդ համագումարի հանդիսավոր նիստի բացման արարողության ժամանակ։ Բուն համագումարը տևելու է 2 օր՝ փակ նիստերի ձևով, որից հետո ՍԴՀԿ-ն հանդես է գալու հայտարարությամբ։

Մինչ այդ, հանդիսավոր նիստի բացմանը մասնակցում էին սփյուռքի գաղթօջախների ՍԴՀԿ պատվիրակները։ Հրավեր էր ուղարկվել նաև Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, որին արձագանքել էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Հայ ազգային կոնգրեսի» մաս կազմող կուսակցություններ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը և այլոք։

Համագումարի մասնակիցների մի մասը ծափողջույններով դիմավորեց Լևոն Տեր-Պետրոսյանին։ ՀՀ կառավարության նիստերի դահլիճի առաջին շարքում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կողք կողքի էին նստած, իսկ մյուս 2 ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը,  մեջտեղի շարքում էին կողք կողքի տեղ զբաղեցրել։

Եվ հետաքրքիրն այն է, որ մինչ համագումարի բացումը Ա. Վարդանյանն ու Հ. Առաքելյանը մեզ հետ զրույցում ասացին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ներկա ընթացքի վերաբերյալ սփյուռքն ու ավանդական կուսակցությունները միասնական կարծիք ունեն կամ կունենան.

-Բնականաբար, մենք փորձելու ենք այս խնդիրների շուրջ ավանդական կուսակցությունների հետ հարաբերություններ հաստատել և քննարկել, մանավանդ՝ առաջիկայում նաև սփյուռքն է իր կածիքը հստակ արտահայտելու Հայաստանի քաղաքականության վերաբերյալ։ Կարծում եմ, որ առավելագույն համախմբվածությամբ սփյուռքն ա՛յս տեսքով այս փաստաթղթերին դեմ է լինելու,- նշեց Ա. Վարդանյանը։

Հ. Առաքելյանն էլ ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում ավանդական կուսակցությունները երբևիցե տարաձայնություն չեն ունեցել.

-Կա գիտակցում, որ երբ թուրքը սպանում էր, չէր հարցնում՝ դաշնակցակա՞ն ես, հնչակյա՞ն, թե՞ ռամկավար։ Սա այն դաշտն է, որ դափնիներ փախցնելու տեղ չէ. սա վերքաղական հարց է։

Փոխարենը Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ եթե սփյուռքը ճիշտ արձագանքեր 2008թ. նախագահական ընտրություններին, մարտի 1-ի իրադարձություններին, քաղբանտարկյալների առկայության փաստին, չհանդուրժեր դրանք, ապա արտաքին քաղաքականությունում «չէր լինի այս վտանգավոր պահը»։ Նա «հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի հարցի կարգավորման մտահոգիչ զարգացումների» պատճառները տեսնում է Հայաստանում ժողովրդավարության, օրինականության բացակայության և կոռուպցիայի առկայության մեջ։

-Հայ-թուրքական հարաբերություններում և Ղարաբաղի հարցի զարգացումներում տիրող վիճակն ածանցյալ է ահա այս պատճառների։ Չի՛ կարելի, այսպես կոչված, ազգային խնդիրներն առանձնացնել պետության հիմքը կազմող, պետության գոյությունը պայմանավորող գլխավոր սկզբունքներից, չի՛ կարելի,- ՍԴՀԿ-ի 19-րդ համագումարի հանդիսավոր նիստի բացման արարողության ժամանակ ամբիոնից հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը։

Դահլիճում ներկա սփյուռքահայերը նույնպես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ողջունեցին հոտնկայս ծափահարություններով։ Ոտքի չէին կանգնել և չէին ծափահարում միայն ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը։ Նրանք ոչ էլ ամբիոնից ելույթ ունեցան։

Նիստից հետո ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանից հետաքրքրվեցինք, թե համաձա՞յն է Լևոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, որ հայ-թուրքական հարաբերություններում և Ղարաբաղի հարցի զարգացումներում տիրող վիճակն ածանցյալ է Հայաստանում ժողովրդավարության, օրինականության բացակայության ու կոռուպցիայի առկայության, և որ արտաքին քաղաքականության մտագոհիչ զարգացումների պատճառները հենց դրանք են։ Ս. Աճեմյանը պատասխանեց, որ թուրքերից հայերի իրավունքների պահանջը Հնչակյան կուսակցության հավիտենական պայքարներից է, և այդ հարցի շուրջ բոլո՛ր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն։

-Մեր կարծիքն այն է, որ եթե քաղաքական այլ կազմակերպություններ տաբեր կարծիքներ ունեն, մենք պետք է աշխատենք այդ կարծիքները փոխել,- ասաց Ս. Աճեմյանը՝ հավելելով, որ ՍԴՀԿ-ն ունի իր հստակ, ուրույն դիրքորոշումը և եթե համագործակցում է «Հայ ազգային կոնգրեսի» հետ, ապա չի նշանակում, որ պետք է ենթարկվի նրան։

-Ամենակարևորն այն է, որ այսօր հայ ժողովուրդը միասնական ճակատով չի հասկացնում, թե ինքն ի՞նչ է ուզում։ Դա պակասում է մեր հայաստանյան քաղաքական շրջանակներին նույնպես։ Մաղթում եմ, որ այդ օրը գա, և մենք մեր միասնական ասելիքը կասենք,- ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը։

Նա միաժամանակ հավելեց, որ եթե իրեն մյուս ավանդական կուսակցությունները հրավիրեին իրենց համագումարին, ապա ինքը ոչ միայն կգնար, այլ նաև ամբիոնից ելույթ կունենար։

Արեգնազ Մանուկյան

 

Այս խորագրի վերջին նյութերը